Ինչպես են հայերը ֆուտբոլ խաղում

27/01/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ Մոսկվայում, եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայերը ֆուտբոլ ոչ թե խաղում են, այլ կողքից են նայում: Ընդ որում, դատելով հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող բազմազան եվրոպական առաջնություններից, կարելի է հասկանալ, որ մենք դիտում ենք ամեն ինչ, բացի Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից: Չմտածեք, թե իմ «ուշքը գնում է» հայկական ֆուտբոլ նայելու համար: Իհարկե, եթե մերոնք սկսեն խաղալ գոնե 70-ականների ֆուտբոլ, կարծում եմ, շատերը կսկսեն նայել: Սակայն այսօր, ցավոք, մեր ֆուտբոլիստները շատ հեռու են այդ մակարդակից: Կարծում եմ, որ մարզական շատ ֆեդերացիաների, այդ թվում՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխարեն, կարելի էր ստեղծել, ասենք, կյոռլինգի ֆեդերացիա: Այդ դեպքում գոնե ադրբեջանցիներից չէինք վախենա: Իրենք կյոռլինգ չեն խաղում ընդհանրապես: Ասեմ, որ ադրբեջանցիները ֆուտբոլ էլ առանձնապես լավ չեն խաղում: Իսկ «Նեֆթչիի» կազմում ընդամենը մեկ կամ երկու ադրբեջանցի է խաղում: Սակայն Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի իրենց ֆուտբոլը զարգանա: Ինչպես դա քսան տարի առաջ արեցին թուրքերը, որոնց թիմերն, այսօր արդեն, եվրոպական մրցաշարերում առաջնային տեղեր են գրավում, իսկ անցած Աշխարհի առաջնությունում էլ գրավեցին երրորդ տեղը:

Այն, որ մերոնք խաղալ չգիտեն, դեռ դժբախտություն չէ: Ինչպես ասում են՝ «Մոսկվան միանգամից չի կառուցվել»: Դժբախտությունն այն է, որ կարծես չեն էլ ուզում սովորել: Որովհետեւ, ինչպես եւ ամենուրեք, ֆուտբոլում եւս գործում են զուտ հայկական օրենքներ: Թե՛ թիմերում, եւ թե՛ հավաքականում խաղում են բացառապես «ծանոթի միջոցով»: Ինչպես եւ յուրաքանչյուր օրենք, այս օրենքը եւս ունի իր բացառությունները (Էդգար Մանուչարյանի ականջը կանչի): Սա էլ դեռ վերջը չէ: Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վ. Մուտկոն Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ մեր թիմին անվանեց հոգեկան հիվանդներ, եւ մեր կողմից, որքան էլ զարմանալի է, ոչ ոք չպատասխանեց նրան:

Ի դեպ, եթե «Փյունիկը» կարողացավ հրաժարվել «Նեֆթչիի» հետ խաղից, ավելի լավ չէ՞ր լինի պարտվել «Շախտյորին» եւ ինքնըստինքյան դուրս մնալ խաղից եւ ոչ թե «փախչել»: Որքան հայտնի է, սպորտում նման քայլերը խոր հետք են թողնում եւ հետեւանքներ ունենում: Հիմա եմ հասկանում, թե ինչու են մեր ֆուտբոլային մեկնաբանները ողջ խաղի ընթացքում խոսում կամ հովանավորներից, կամ էլ իրենց «կյանքն են պատմում»: Բա ինչի՞ց խոսեն: Այս ամենում մեղավոր է նաեւ Հայաստանում տիրող մթնոլորտը, ըստ որի, եթե մերոնք պարտվեին ադրբեջանական թիմին, դա կդիտվեր որպես ազգային դավաճանություն:

Նույն օրերին, այդ նույն Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանում Հայաստանի տարվա հանդիսավոր բացումը, որտեղ բոլորը հասկացան, որ հայերը միայն ֆուտբոլում չէ, որ «տակ են տալիս»: Իսկ դա գալիս է ավելորդ անգամ ապացուցելու, որ մեր պետության մեջ շատերն իրենց տեղում չեն: Հասկանում եմ, որ Երեւանից հարյուրավոր երեխաներ էին հասցրել Մոսկվա միայն նրա համար, որ համերգի ֆինալում բոլորը համոզվեն, որ «դեսպանը նաեւ կոմպոզիտոր է»: Մեզ դեռ մանուկ հասակից սովորեցնում էին, որ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Սակայն բնավ չեմ կարող հասկանալ այն փաստը, որ այդ երեխաներին սոված-ծարավ մի քանի ժամ այս դաժան ցրտին պահել են Մոսկվայի օդանավակայանում: Եվ երբ զանգահարել են պարոն Սմբատյանին ու խնդրել, որ օգնի այդ երեխաներին, նա պատասխանել է, թե շուտով ամեն ինչ կարվի: Եվ, իհարկե, ինչպես եւ յուրաքանչյուր հայ չինովնիկ, նա «ամեն ինչ արել է»: Անջատել է հեռախոսը, որից հետո նրա հետ ոչ ոք այդպես էլ չի կարողացել միանալ…

Երեւանում դարձյալ առատ ձյուն է տեղում: Եվ, որպես լավատես, համոզված եմ, որ գոնե այս առատ ձյունը կսրբի-կտանի այն հետքերը, որոնք մնացին 2006թ. հունվարին, մեր, առանց այն էլ ոչ այնքան մաքուր քարտեզից: