Պատասխանելով մեր այն հարցին, թե ճիշտ են այն լուրերը, որ Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դառնալու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Բնականաբար, նախագահն ակտիվ կերպով ներգրավված չէ կուսակցական շինարարության եւ նոր կուսակցությունների ստեղծման գործում»: Ըստ նրա` Քոչարյանը, սակայն, ըմբռնումով է մոտենում 2007թ. ընտրություններին ընդառաջ՝ նոր կուսակցությունների ստեղծմանը եւ քաղաքական վերաձեւումներին, մանավանդ ավելանում են ԱԺ համամասնական տեղերը եւ նոր Սահմանադրությամբ կուսակցություններին ավելի ակտիվ դերակատարում է վերապահված: Ըստ Վ. Սողոմոնյանի` Ռոբերտ Քոչարյանն այդ մասին նշել է նաեւ կոալիցիայի խորհրդի նիստերի ընթացքում: «Ընտրություններն ամեն բան դնում են իրենց տեղը, եւ ընտրությունների արդյունքներից հետո պարզ կդառնա, թե որ կուսակցությունն ինչի է կարող հավակնել»,- ի վերջո ասել է նա: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը նոր կուսակցություն է ստեղծել, ապա Վիկտոր Սողոմոնյանի խոսքերով, որեւէ կուսակցություն չի օգտվելու ՀՀ նախագահի աշխատակազմի վարչական ռեսուրսներից եւ իր քաղաքական նպատակներն իրագործելու համար չի կարող օգտագործել նախագահի անունը: Ի դեպ, Վիկտոր Սողոմոնյանը նաեւ հայտարարեց, որ Ռ. Քոչարյանն առաջիկայում չի պատրաստվում անդամակցել որեւէ կուսակցության: