ԵԽ ԽՎ այս նստաշրջանում այլեւս հայաստանյան պատվիրակության անդամ չհանդիսացող Շավարշ Քոչարյանը ԵԽ ԽՎ-ում դեռեւս երկու օրենսդրական նախաձեռնության հեղինակ է, որոնցից մեկը ԵԽ անդամ երկրներում խաղաղ պայմաններում հրազենի օգտագործման կտրուկ սահմանափակման մասին է: «Բոլոր երկրները վավերացրել են մահապատիժն արգելող դրույթը, բայց բոլոր երկրներում իրավապահ մարմինները, տարբեր ծառայությունները մարդ են սպանում: Եթե մարդու կյանքն այդքան մեծ արժեք է, ինչպե՞ս է ստացվում, որ մահապատիժն արգելում են, իսկ մարդը սպանվում է այդպիսի վիճակներում»,- «Ա1+»-ի թղթակցին ասել է ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության այլեւս նախկին անդամ Շավարշ Քոչարյանը: Հրազենի գործածման փոխարեն Շ. Քոչարյանն առաջարկում է այլ տարբերակ. «Երբ գազանանոցից փախնում է, ասենք` վագրը, չեն սպանում, քնացնում են: Ուրեմն` կենդանու կյանքի արժեքի չափ չկա՞ մարդու կյանքը: Ուրեմն` կարելի է օգտագործել այնպիսի զենք, որն անմիջապես անշարժացնում է, ոչ թե խլում է մարդու կյանքը»: