Պարտաճանաչ կերպով վճարել ենք

27/01/2006

2006թ. Հայաստանի անդամավճարը ՄԱԿ-ին կազմում է 34 հազար դոլար: ԱԳՆ ՄԱԿ-ի բաժնի վարիչ Մհեր Մարգարյանի խոսքերով` ՄԱԿ-ի անդամ պետությունները գումարի վճարումը կարող են իրականացնել ողջ տարվա ընթացքում: Հայաստանը տարեսկզբին արդեն փոխանցել է անդամավճարի գումարը: Ադրբեջանն այս տարի պետք է մուծի 85 հազար դոլար, Վրաստանը` 51 հազար: Սակայն վերջինս ՄԱԿ-ի անդամ 20 պետություններից մեկն է, որոնք կորցրել են ձայնի իրավունքը Գլխավոր ասամբլեայում` կազմակերպության հանդեպ իրենց ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով: Ավելացնենք, որ ՄԱԿ-ի երեւանյան ներկայացուցչության բյուջեն 2005 թ. 50%-ով ավելացվել է եւ կազմել շուրջ 15 մլն դոլար: Ներկայումս որոշվում է գրասենյակի այս տարվա բյուջեն: