ԱՄՆ պատվիրակը Թուրքիայում թռչնի միս է կերել

27/01/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Հայաստան է այցելել թռչնագրիպի հարցերով ԱՄՆ կառավարական 11 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Պետքարտուղարության, Առողջապահության, Գյուղատնտեսության, Պաշտպանության դեպարտամենտների, Միջազգային զարգացման գործակալության եւ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչներ:

Հայաստան այցից առաջ պատվիրակությունը եղել է նաեւ Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում: Ինչպես շեշտեց պատվիրակության ղեկավար, ամերիկյան դիվանագետ Էնն Դերսին, իրենք «տպավորված են» Թուրքիայի կառավարության՝ թռչնագրիպի դեմ տարվող պայքարից, եւ ինքը գտնում է, որ տարածաշրջանի երկրներն այդ առումով կարող են «լավ դասեր ու փորձ» առնել Թուրքիայից: Այս առումով Է.Դերսին գտնում է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ որեւէ խնդիր չի կարող լինել, «որովհետեւ առողջապահական խնդիրներից ելնելով աշխարհի բոլոր երկրներն են պարտավոր համագործակցել»: Մեկ օրվա ընթացքում պատվիրակության անդամները Հայաստանում հանդիպումներ են ունեցել Գյուղատնտեսության, Առողջապահության, Կրթության նախարարությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի, Սննդի ու գյուղատնտեսության կազմակերպության, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի, Երեւանի կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի ներկայացուցիչների հետ եւ ասում էին՝ «ինչքան հասկացանք, Հայաստանում թռչնագրիպի վիրուս չի հայտնաբերվել, սակայն թռչնագրիպը համընդհանուր վտանգ է, որը քաղաքական եւ աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, եւ յուրաքանչյուր պետություն պետք է պատրաստ լինի դրան»: Պատվիրակության անդամներն ասում էին, որ Հայաստանը թռչնագրիպի վիրուսի ախտորոշման բոլոր հնարավորություններն ունի. այդպես նրանց հավաստիացրել է մեր «լաբորատորիաներից մեկի ներկայացուցիչը»: «Մեր այցի նպատակն է` ցույց տալ այն կարեւորությունը, որ ԱՄՆ կառավարությունն այս խնդրին տալիս է, պարզել` ինչ նախապատրաստական քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ եւ ԱՄՆ կառավարությունն ինչով կարող է աջակցել»,- նշեց Է. Դերսին: Առաջիկայում ԱՄՆ կառավարությունը Հայաստան կգործուղի իր փորձագետին՝ թռչնագրիպի դեմ պայքարի մեր ազգային ծրագիրը «վերանայելու եւ իր առաջարկություններն անելու համար», իսկ մինչ այդ Հայաստան կառաքվի 1500 փաթեթ պաշտպանական արտահագուստ թռչունների հետ անմիջական շփում ունեցողների համար: ԱՄՆ-ը իր պատրաստակամությունն է հայտնում նաեւ համապատասխան մասնագետների ուսուցման, հսկողության մեծացման, կանխարգելիչ միջոցառումների մշակման, վարակի հայտնաբերման ու կանխարգելման, հանրային իրազեկության աստիճանը մեծացնելու հարցերում:

ԱՄՆ պատվիրակների տարածաշրջանային ուսումնասիրությունների արդյունքում «պարզված» թռչնագրիպի ամենաակնառու նշանը սատկած թռչուններն են եղել: Այնուամենայնիվ, պատվիրակության անդամներից մեկը նշեց, որ Թուրքիայում թռչնի միս է կերել: Այս հայտարարությանը ներկա ԱՄՆ դեսպանն այդ պահին լրագրողներին խորհուրդ էր տալիս թռչնագրիպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ քաղել դեսպանության ինտերնետային կայքից, որտեղ, ի դեպ, հրապարակվել է նաեւ դեսպանության այն հայտարարությունը, որով Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում «զերծ մնալ թռչունների հետ ցանկացած շփումից»: