Ներքին Չարբախի մանկապարտեզում բնակվում է 4 ընտանիք: Գյուղի բնակիչներն այդ ընտանիքներին լավ ճանաչում են, ասում են` բոմժեր են: Ցույց են տալիս մանկապարտեզի տեղն ու ասում՝ «Գնացե՛ք, տեսե՛ք մարդը կարա՞ տենց անասնական կյանքով ապրի: Պարզվում ա` կարա: Մարդը կենդանուց պադոշ ա»:
Մանկապարտեզը գտնվում է «Սուրբ Խաչ» նորակառույց եկեղեցու հարեւանությամբ: Ամռանը եկեղեցին շահագործման է հանձնվելու, եւ բոմժերի կացարանը վերցնելու են, որովհետեւ եկեղեցու տարածքում է գտնվում: Եկեղեցու աջ թեւի վրա մի խարխուլ շինություն կա, որը հասարակական զուգարան է հիշեցնում: Մանկապարտեզն է: Առաջին պատահած դռան թակոցին արձագանքում է 5 տարեկան Սերոժիկը, որը դողդողալով է քայլում, վախենալով, որ հանկարծ կընկնի քանդված հատակի տախտակների մեջ: Տախտակների արանքից 1-2 մետր խորություն է երեւում: Փոքրիկն ուղեկցում է մոր՝ Մարինեի մոտ ու վերցնելով վառարանի վրա դրված սուրճի բաժակն՝ ագահորեն խմում է: Հարցնում եմ՝ «Դու փոքր ես, ինչո՞ւ ես սուրճ խմում»: Ասում է՝ «Շուրճ չի, կոֆե ա: Որ սովածանում եմ, խմում եմ, կշտացնում ա»: Խորհրդային տարիներին Մարինեի մայրը կոլտնտեսությունում է աշխատել, աշխատողներին մանկապարտեզի շենքում ապրելու համար սենյակ են հատկացրել, այդպես էլ մինչ օրս ապրում են այդ շենքում: Մարինեն եւ Նվերն ամուսիններ են, երկուսն էլ 29 տարեկան են: Նվերը մեքենա է լվանում, որ հացի փող աշխատի: Եթե ձյուն մաքրողի գործ է պատահում, ապա 200 դրամով ուրիշի տանիքների ձյունն է մաքրում: Ամբողջ տունը լցված է չորացած գոմաղբով. «Հարեւանները կովեր ունեն:
Ամբողջ ամառն էդ կովերի թրիքը մաքրում, բերում-լցնում ենք մեր հայաթում, որ չորանա, ձմեռը վառենք: Համ իրանց ա օգուտ, որ մաքրում ենք, համ էլ մեզ՝ տաքանում ենք»,- ասում է Նվերը: Նվերն ասում է՝ իրենց նախազգուշացրել են, որ «վռնդելու» են այդ շենքից, որովհետեւ եկեղեցին բացելու են, շենքը եկեղեցունն է: Թեեւ Խաչիկ Վարդանյան անունով մեկը խոստացել է նրանց կացարաններով ապահովել, բայց բնակիչները չեն հավատում: «Խաչիկ Վարդանյանը երեւի եկեղեցու հովանավորն ա, մենք չգիտենք, բայց ինքն ա ասել»,- ասում է Նվերը: Սերոժիկի քույրը՝ Անահիտը, սովորում է 2-րդ դասարանում: Ասում է՝ «Լավ չեմ սովորում, մաթեմս 2 ա»: Անահիտը մրսում է, բայց տաք շոր չի հագնում: Ծնողներն ասում են՝ «Չէ հա, չեն մրսում, սովորել են ցրտին: Խի սե՞նց ցրտերի են դիմացել»: Նրանց տանն անտանելի խավար է, լույս ունեն, բայց չեն վառում, որովհետեւ՝ «Էս ամիս շատ ա եկել փողը՝ 2000 դրամ: Գալու են անջատեն, որ վառենք` վաբշե կգցի փողը»:
Պատվավոր կթվորուհի Ազնիվ տատիկը
Մանկապարտեզի շենքի մյուս բնակիչը 78-ամյա Ազնիվ տատիկն է: Գյումրեցի է: Ասում է՝ «Գյումրեցիները շատ ազնիվ ու թասիբով են: Բոլոր գյումրեցիներն էլ թասիբ ունեն, էդ մեր արյան մեջ ա»: Միայնակ է Ազնիվ տատիկը, մենակությունից շատ է տառապում: Կատու է բերել տուն, անունը դրել է Նանուլ ու Նանուլի հետ էլ ապրում է, խնամում է նրան: Ազնիվ տատը երկու անգամ ինֆարկտ է տարել: Ասում է՝ «Չեմ կարում անտարբեր լինեմ, դրա համար էլ էս օրին եմ: Էդ մենակությունն ինձ շատ ա նեղում: Էն օրը խանութում ասեցին` հարեւանի ջահել տղեն մահացել ա, չեմ ճանաչում, բայց նենց վրես ազդեց, չկարեցա ինձ զսպեմ, խանութի մեջտեղը հո չլացեցի, ամոթ էլ էր, մեկը հարցներ, թե դու էդ մեռնողին ճանաչո՞ւմ ես, որ տենց հոնգուր-հոնգուր լացում ես: Սիրտս շատ փխրուն ա, ամեն ինչից սրտնեղում եմ»: Ազնիվ տատն էլ է ժամանակին կոլտնտեսությունում աշխատել եւ իրեն էլ են մանկապարտեզի շենքում սենյակ հատկացրել: Ասում է, որ թեեւ ջահել ժամանակ անփորձ էր, բայց իրեն վստահել են կթվորուհու գործը: Անցյալը հիշելով` պատմում է. «Բերեցին կովերի մոտ, նենց վախեցա, մտածեցի` ո՞նց մոտենամ էս հսկաներին, որ ինձ քացի չտան: Ռիսկով գնացի ու տենց էլ սովորեցի կթել»: Ազնիվ տատն արժանացել է պատվավոր կթվորուհու տիտղոսին: «Երկու հատ պատվոգիր ունեմ, առաջ կախում էի, բայց հիմա պատերը խոնավ են, պատվոգրերս կփչանան, կուշետկի մեջ ա, եթե չես հավատում՝ հանեմ ցույց տամ»: Ազնիվ տատը 34 տարի առաջ ամուսնու՝ Յաշայի հետ եկել է Երեւան, որպեսզի տղային օգնեն, կարգին մարդ դառնա: Տղան Պարի պետական անսամբլի պարողներից էր: Տարիներ առաջ անսամբլի աշխատակազմով մեկնել են Դիլիջան խնջույքի: Հաջորդ օրն առավոտյան տղայի դիակը հանձնել են Ազնիվ տատիկին: Ասել են, որ գիշերն ընկել է ձորն ու մահացել, դժբախտ պատահար է: Ազնիվ տատը չի հավատում այդ վարկածին: Ազնիվ տատի սենյակի պատերը երկրաշարժից հետո իրարից հեռացել են: Պատերի արանքով քամի է խաղում: Մահճակալի մոտ գոմաղբ է շարած: Վառարանի կրակը մարում է, իսկ նա դժվարանում է կռանալ, ասում է՝ «Աղիքներս դուրս են եկել փորիցս: Վատանում էի, գռիժա ունեի: Հարեւան Նվերը շտապ օգնություն էր կանչում, բայց էլ հիվանդության դեմն առնել չէր լինում: Երրորդ անգամ, որ մեքենան եկավ, բժիշկն ասեց՝ մայրիկ ջան, ուզո՞ւմ ես` համաձայնվի, ուզո՞ւմ ես` մի համաձայնվի, տանում եմ հիվանդանոց վիրահատության, շատ վատ ես»: Անվճար վիրահատել են. «Ինչ ճիշտն ա, ճիշտն ա, լրիվ ձրի են ինձ պահել: Չեմ կարա ուրանամ, շատ հոգատար բժիշկներ էին: Հիմա էլի աղիքներս դուրս են եկել, բայց որ սպանեն չեմ գնա, թող մեռնեմ: Ինչի՞ս ա պետք, ծեր եմ, էլ ո՞ւմ եմ պետք: Էհ, Յաշաս կենդանի լիներ բա ես ստե՞ղ կապրեի, էս օրը՞ կընկնեի, գիտե՞ս` ինչ արտակարգ ամուսին եմ ունեցել: Ես ծեր մարդ եմ, բալես, վաղը կարող ա գաս, տեսնես մեռել եմ, բա դու հլը գնա էն Շահենենց տուն, կփախնես, գլուխդ կառնես, կփախնես»:
Կալանավայրում կրծքավանդակը ջարդել են
Ազնիվ տատի խորհրդով գնացինք Շահենենց տուն: Շահենը մանկապարտեզի շենքի բնակիչ չէ, բայց նրա ընտանիքին Ներքին Չարբախում բոլորն էլ ճանաչում են: Շահենը գունատ է, դեղնած ու կապտած դեմք ունի: Բանտախցի նման փոքրիկ սենյակում ապրում են Շահենի կինը եւ 4 երեխաները: Կինը՝ Արմենուհին, պատմում է, որ երբ 3-րդ երեխային էր սպասում՝ ծանր վիճակում էին ապրում: Շահենն ուրիշի տնից հավ է գողացել ու դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: 4 տարի Արթիկի գաղութում պատիժը կրելուց հետո ազատություն է ստացել, բայց ազատությունը չի կարողանում վայելել, որովհետեւ բուժվելու կարիք ունի: Արթիկի գաղութում կալանավորների միջեւ վեճ է առաջացել, Շահենին այնպես են ծեծել, որ կրծքավանդակի ոսկորը ջարդել են: Կիսամեռ է դուրս եկել բանտից: Թոքերը վատ են գործում, հազալիս խեղդվում է: Շահենը կնոջը թույլ չի տալիս պատմել բանտի իր կյանքից: Նրա 4 երեխաներից երկուսը լեզվական արատ ունեն, իսկ մեկն ընդհանրապես չի խոսում: Ամերիկացի բարեգործների աջակցությամբ նրանց հետ լոգոպեդ է աշխատում: Փոքրիկը՝ Լիլիթը, 6 տարեկան է, սակայն ընդհանրապես չի կարողանում խոսել: Արմենուհին ասում է, որ առաջ խոսում էր. «Մի օր գիշերը Շահենն ու տեգրս կռվեցին: Սկսեցին բարձր-բարձր վիճել: Երեխեն քնած էր, որ գոռացին` վախից զարթնեց, ահավոր վախեցել էր, ցնցվել էր: Էդ օրվանից մինչեւ հիմա ոչ մի բառ չի ասել»:
Ներքին Չարբախը Շենգավիթ համայնքում է եւ մանկապարտեզները տնօրինում է թաղապետարանը: Մեր այցելած մանկապարտեզի ճակատագրի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմեցինք Շենգավիթ համայնքի ղեկավարի քարտուղար Արբակ Աբրահամյանին, որը չպատասխանեց մեր հարցերին, քանի որ «168 Ժամ»-ի նախորդ համարներից մեկում մանրամասնորեն անդրադարձել էինք Ա. Աբրահամյանի համար համայնքի բյուջեից դուրս գրված գումարներին:
Հ.Գ. Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը մեզ տեղեկացրեց, որ դա ոչ թե մանկապարտեզ է, այլ՝ ակումբ, որը Շենգավիթ համայնքի ավագանու անդամների որոշմամբ տրվել է եկեղեցուն: