Լավ է ուշ, քան՝ երբեք

27/01/2006

Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետեւանքով ավտոճանապարհների անանցանելիության պատճառաբանությամբ, սկսած հուվարի 21-ից, մայրաքաղաքից առաքվող հանրապետական ու մոսկովյան թերթերը Վանաձորի մամուլի կրպակներում չէին հայտնվում: Ի վերջո, հունվարի 25-ին կրպակները միանգամից մի քանի օրվա թերթեր ստացան: Այսպիսով, թերթերի իրացումը ձմռան ամիսներին դրվում է վտանգի տակ, քանի որ նախորդ օրվա թերթերը, բնականաբար, հաջորդ օրերին դժվարությամբ են իրացվում: Հատկանշական է, որ ճանապարհների անանցանելիությունը չէր խանգարել, որ «ճգնաժամային» օրերին «Հ. Սիմիկյան» ՍՊԸ-ի (որ թերթերի տարածմամբ զբաղվող առանձին ընկերություն է՝ «Հայմամուլից» ու «Հայփոստից» անկախ) բաժանորդների թերթերն այդ օրերին ժամանակին ստացվեն: Այն հարցին, թե ինչպե՞ս է, որ հունվարի 21-24-ը «Հայմամուլի» ու «Հայփոստի» կրպակները հանրապետական թերթեր չէին ստանում, բայց «Հ. Սիմիկյան» ՍՊԸ-ի բաժանորդները ստանում էին, ընկերության համանուն տնօրենը (որ միաժամանակ «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթի խմբագիրն է) պատասխանեց. «Նրանց ավտոները ճանապարհին լռվել-մնացել էին, բայց այսօր տեղ են հասել»: