Խտրականություն մարզերի նկատմամբ

27/01/2006 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ավելի քան 1 ամիս է, Վանաձորում կրկին հեռարձակվում են «Արմենիա» հեռուստատեսության հաղորդումները (մոտ 1 տարվա ընդմիջումից հետո): Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչո՞ւ մետրային հաճախականությամբ գործող այս հեռուստաալիքը մարզերում մեկ հայտնվում, մեկ անհետանում է: Վերջին 3 տարում սա, թերեւս, «Արմենիայի» 3-րդ «հայտնությունն» է: Ինչպես նախորդ, այս նոր «հայտնության» ժամանակ էլ «Արմենիան» մարզերի նկատմամբ խտրականություն է կիրառում. մասնավորապես, եվրոպական ֆուտբոլի խաղերը, որպես կանոն, մարզերում ավելի հաճախ չեն հեռարձակվում, ինչը հարուցել է Վանաձորի ֆուտբոլասերների դժգոհությունը, ովքեր այդ առթիվ քանիցս բողոք-նամակներ են հղել թե՛ հիշյալ հեռուստատեսությանը, եւ թե՛ խաղերի հեռարձակման հովանավոր, սուրճ արտադրող ընկերությանը: Այդ խաղերի ժամերին, սովորաբար, մարզի հեռուստադիտողներին անգլերեն լեզվով լուրեր են մատուցվում կամ նախորդ օրվա հայկական լուրերի կրկնությունը: Որոշ հաղորդումներ էլ տարածքային փոխատեղումների են ենթարկվում. մայրաքաղաքում մի բան է հեռարձակվում, մարզերում՝ այլ, որի արդյունքում օրեր շարունակ կարող է նույն տեսանյութը հրամցվել (օրինակ՝ այս տարվա սկզբից սկսած, գրեթե ամեն օր հրամցվում է նույն տեսաերիզը՝ հայ երգչի կատարմամբ), իսկ այդ ժամին, ենթադրվում է, մայրաքաղաքում հեռարձակվում է այլ հաղորդում: Հատկանշական է, որ այս խտրականությունը չի արտացոլվում թերթերում տպագրվող «Արմենիայի» հեռուստածրագրերում: