Կանաչու բիզնեսը՝ ապրուստի միջոց

27/01/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Բանջարբոստանային կուլտուրաների մշակմամբ Ղարաբաղում զբաղվում են հիմնականում գյուղացիները, որոնց եկամուտը հենց այդ բերքից է գոյանում: Նրանք ստացած բերքը տեղափոխում են Ստեփանակերտ, որտեղ էլ կամ վաճառում են, կամ փոխանակում տարբեր ապրանքների հետ:

Պատահական չէ երեւի, որ ամեն առավոտ` գյուղերից ավտոբուսների ժամանման պահերին Ստեփանակերտի կենտրոնական շուկայի տարածքում, ավտոբուսների մոտ հերթ է գոյանում: Իհարկե, այդ մարդիկ սովորական գնորդներ չեն, այլ հիմնականում վերավաճառողներ:

Նույն վիճակն է նաեւ այն ժամանակ, երբ կանաչի վաճառող գյուղացիները ժամանում են մայրաքաղաք: Նման բիզնեսով զբաղվողները շատ են, այն էլ` տարբեր գյուղերից: Եթե սեղանի կանաչու (համեմ, սամիթ, կոտեմ եւ այլն) բիզնեսով զբաղվող, ինչպես ասում են, մասնագիտացված մի փոքրիկ գյուղ կա Ղարաբաղում (Դաշուշեն), ապա մյուս տեսակների բիզնեսով զբաղվում են տարբեր գյուղերի բնակիչներ:

Կանաչու բիզնեսով զբաղվում են նաեւ մայրաքաղաքի որոշ բնակիչներ որոնցից շատերի համար` դրանից ստացած շահույթը լրացուցիչ գումար է, իսկ մյուսների համար` գոյատեւելու միջոց:

 Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Ստեփանակերտի բնակիչ Վլադիմիր Զաքարյանը զբաղվում է բանջարբոստանային կուլտուրաների, մասնավորապես` տարբեր տեսակի կանաչիների մշակմամբ: Ոլորտում նա բավականին մասնագիտացել է եւ երբեք բերքահավաքի հետ կապված ձախողումներ չի ունենում: Տարվա բոլոր եղանակներին նրա բանջարանոցում կանաչի է աճում: Եվ, ինչպես ինքն է նշում, տարբեր եղանակներին ստացված շահույթը տարբեր է լինում (բնականաբար կանաչու գինը բարձրանում է ձմռանը եւ հասնում մինչեւ 300-400 դրամի): Հետպատերազմյան տարիներին Զաքարյանների ընտանիքի բոլոր անդամների ջանքերն ուղղված էին բանջարանոցային աշխատանքներին, քանի որ դրանից էին քամում օրվա հացը: Կանաչու վաճառքից ստացված գումարների հաշվին Վ.Զաքարյանն այդ դժվար տարիներին մեծացրել է չորս երեխայի, այնուհետեւ մեծ աղջիկը ստացել է բարձրագույն կրթություն, ամուսնացել: Այժմ ընտանիքի երկու անդամներ աշխատում են, շարունակում են զբաղվել նաեւ կանաչու բիզնեսով: Ապրում են նորմալ: Ասել է թե` դժվար օրերն արդեն անցյալում են:

Իսկ Հասմիկ Սարգսյանին հանդիպեցի Ստեփանակերտի շուկայում. նա հերթական անգամ գյուղից կանաչի էր բերել: Պարզվեց, որ արդեն 5 տարուց ավելի է, շաբաթական մեկ անգամ նա գալիս է շուկա՝ իր հետ բերելով շաբաթվա ընթացքում գյուղի մոտակայքում գտնվող դաշտերից հավաքած կանաչու ողջ պաշարը: Միակ խոչընդոտը, թերեւս, եղանակային պայմաններն են: «Ձմռան ամիսներին համարյա չեմ աշխատում, իսկ տարվա մյուս եղանակներին ստացվում է ինչ-որ բան հայթայթել: Ինչ վերաբերում է ստացվող շահույթին, կարող եմ ասել, դա կապված է կանաչու գների հետ, իսկ միջին հաշվով ամեն անգամ շուրջ 8-10 հազար դրամի առեւտուր եմ անում»,- ասում է Հասմիկը:

Թեեւ կանաչու բիզնեսով այստեղ շատերն են զբաղվում, առեւտրականները դեռեւս շարունակում են կանաչի ներկրել նաեւ Հայաստանից: Սա ենթադրում է, որ կանաչու պահանջարկը մեծ է, իսկ հանրապետության տարածքում արտադրողները` քիչ: Մասնագետների կարծիքով, այս բիզնեսի զարգացման համար ամենեւին էլ պետք չեն մեծ գումարներ: Չգիտես ինչու այս ոլորտն ինչ-որ չափով անուշադրության է մատնված: Չէ՞ որ հնարավոր է այնպես անել, որ գոնե կանաչին չներկրվի դրսից: