Ղարաբաղում թռչնագրիպի վարակման դեպք չի գրանցվել: Այս մասին օրերս կայացած կառավարության նիստում նշել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Վահրամ Բաղդասարյանը, որի խոսքերով` թռչնագրիպի կանխարգելման նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ:
Ստացվել է 10 ահազանգ, որոնց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դրանք առնչություն չունեն թռչնագրիպի հետ (դրանք թունավորումներ ու տուբերկուլյոզ էին): Նախարարի հավաստմամբ, Ղարաբաղում չկան թռչնագրիպի վարակը հաստատելու սարքավորումներ, բայց Հայաստանի համապատասխան կառույցների հետ պայմանավորվածություն կա, ըստ որի` անհրաժեշտ դեպքերում հայաստանյան գործընկերները կաջակցեն:
Խուճապի մատնվելու հարկ չկա, քանի որ պարբերաբար իրականացվում են համապատասխան ստուգումներ եւ աշխատանքներ, ասել է գյուղնախարարը: Վ. Բաղդասարյանի խոսքերով, գարնանը նախատեսվում է հանրապետության մի քանի կայանատեղերում` Արաքս, Վարանդա, Սարսանգ, Խաչեն ջրամբարներում, չվող թռչունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել:
Փաստելով, որ կանխարգելիչ միջոցառումներն անց են կացվում պարբերաբար, նախարար Վահրամ Բաղդասարյանը միաժամանակ կարեւորեց ռիսկային խմբերի աշխատողների վակցինացիայի անհրաժեշտությունը: Հայտնի է, որ Ղարաբաղում ներկայումս արգելված է վայրի թռչնի որսը, ինչպես նաեւ` թռչնագրիպի վարակ հայտնաբերված երկրներից թռչնի արտադրանքի ներկրումը: Ստեփանակերտի խանութներում այժմ վաճառվում են Հայաստանում եւ Ղարաբաղում արտադրվող թռչնամիս եւ ձու:
Ինչպես օրեր առաջ նշել է «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի Մարտունու ձեռնարկության տնօրենը, թռչնի արտադրանքը նվազել է մոտ 40 տոկոսով: Տնօրենի հավաստմամբ, նախատեսված 260 տ արտադրանքի փոխարեն` վերջին ժամանակաշրջանում արտադրվել է ընդամենը 90 տ: Խոսելով թռչնագրիպի սպառնալիքի մասին, նա նշել է, որ գործարանի աշխատողներն ամենաշատն են շահագրգռված, որ վարակ չլինի, եւ առայսօր ոչ մի վտանգ չկա:
Ղարաբաղում վերջին ամսվա ընթացքում բնականաբար իջել է նաեւ թռչնի մսի պահանջարկը, ինչը փոփոխության է ենթարկել արտադրանքի գները: Եթե մեկ ամիս առաջ 3-4 կիլոգրամանոց հնդկահավը գնում էին 4-5 հազար դրամով, այժմ այն կարելի է գնել 3 հազար դրամով: Տեղական հավերը նույնպես էժան են վաճառվում: Ինչպես մեր զրույցի ժամանակ նշել է Ստեփանակերտի բնակչուհիներից մեկը, մարդիկ վերջին ժամանակներս ձգտում են գնել միայն տեղական հավ կամ ձու, այն էլ` ծանոթ առեւտրականներից:
Թռչնագրիպին Ղարաբաղում չեն հավատում շատ գյուղացիներ, ովքեր մինչեւ հիմա հավ են պահում ու շարունակում են ուտել «սեփական արտադրության» հավն ու ձուն: Իսկ ոմանք էլ զգուշավորության համար սկսել են մորթել բակի հավերը: