ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 15-ին ընդունված թիվ 41 որոշմամբ խստիվ արգելվում է Հանրապետություն ներկրել, վաճառել եւ օգտագործել անվտանգության պահանջներին եւ դրանց փորձարկման չհամապատասխանող պայթուցիկ-հրագործական սարքեր, անհատական օգտագործման, ինչպես նաեւ` ինքնաշեն ճայթիչներ (խլապուշկաներ), որոնց պահանջարկն աճում է տոնական, հատկապես Ամանորին նախորդող օրերին, երբ շատերը, հատկապես` երեխաները, փորձում են հրավառությամբ ավետել Նոր տարվա գալուստը: Եթե երեխան ուրախություն է ապրում խանութից գնված ճայթիչներից առաջացած պայթյունից, ապա լինում են դեպքեր, երբ իրենք` մեծահասակներն են հորինում-պատրաստում կասկածելի հուսալիության ինքնաշեն պայթուցիկներ ու երեխաների մասնակցությամբ փորձարկում իրենց մտքի» արգասիքը», իսկ նման փորձարկումները երբեմն ողբերգական հետեւանքներ են ունենում:
Տավուշի մարզում անչափահաս եղբայրներ Կ. եւ Ս. Մուրադյանները ճայթիչներ էին գնել եւ շտապել տուն` այն պայթեցնելու, ուրախանալու հրավառությունից առաջացող գույնզգույն փայլերից, սակայն տեղի ունեցած պայթյունի հետեւանքով եղբայրները ձեռքի ու դեմքի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են Տավուշի մարզային հիվանդանոց, ապա Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:
Դիլիջան քաղաքի բնակիչ Մ. Սահակյանը ցանկացել էր հրավառությամբ ուրախացնել երեխաներին, մի քանի ճայթիչներ լցրել էր մի կողմից փակ խողովակի մեջ եւ փորձել մյուս ծայրը փակել մուրճով, հարվածից առաջացել է կայծ եւ լցոնված ճայթիչները բռնկվել ու պայթել են, ինչի հետեւանքով Սահակյանը ձեռքերի մասում ստացած տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի քաղաքային հիվանդանոց:
ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից կատարված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2005թ. դեկտեմբերի 21-ից մինչեւ 2006թ. հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գործող բազմաթիվ մեծածախ եւ մանրածախ առեւտրի կետերում հայտնաբերվել են առանց համապատասխան վկայագրերի շուրջ 66 հազար 214 միավոր կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ` ճայթիչ-պայթիչներ:
Ի դեպ, ՀՀ Ոստիկանության կողմից 2002թ. հայտնաբերվել ու ոչնչացվել է առանց համապատասխան վկայագրերի` 79 հազար 781 պայթուցիկ հրագործական ճայթիչ-պայթիչներ, որից 24 հազար 236-ն առգրավվել է Երեւան քաղաքում, իսկ 2003-ին` 59 հազար 835 հատ: