Դեռեւս երեկ առավոտյան ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում մտցված էր Ադրբեջանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հարցը: Այդպիսի որոշում, ինչպես հաղորդում է «Թրենդը», կայացվել է ԵԽ ԽՎ Բյուրոյի նիստում, որը նախորդել է նստաշրջանի բացմանը, լրագրողներին հաղորդել է ռուսաստանյան պատվիրակության, ՌԴ Պետդումայի Միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը: Նրա խոսքերով, այդ դեբատների արդյունքների առնչությամբ որեւէ փաստաթղթի ընդունում չէր նախատեսվում: «ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը լիազորությունից զրկելու առաջարկության հարցի վերաբերյալ Բյուրոյում կարծիքները տարբերվեցին»,- ասաց նա:
Հավանաբար, ԵԽ ԽՎ ղեկավարությունը նախօրոք որոշել էր խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկումը մտցնել ձմեռային նստաշրջանի օրակարգ: Բանն այն է, որ ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերը նախօրոք հրավեր է ուղարկել Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչներին՝ 2005թ. նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններին եւ 2006թ. մայիսի 13-ի կրկնակի ընտրությունների նախապատրաստմանը նվիրված լսումներին մասնակցելու համար: Հրավիրվածների թվում են «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Համբարը, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, ԱԺԿ-ի առաջին փոխնախագահ Սարդար Ջալալօղլուն, Ազգային միաբանություն շարժման (ԱՄՇ) առաջնորդ Լալա Շովքեթը եւ «Ենի սիյասյաթ» խմբակցության համահիմնադիր Էլդար Նամազովը: Հրավերներում նույնիսկ նշված էր այդ քննարկումների ստույգ ժամը՝ հունվարի 26-ին 14.00-ից մինչեւ 15.00-ն: Արդեն Եվրոպա են մեկնել Ա.Քերիմլին եւ Ս.Ջալալօղլուն: Ինչպես հայտնեց ԱՊԱ-ին «Մուսավաթի» փոխնախագահ Մեհման Ջալալօղլուն, Ի.Համբարի այցն իրականացնելու համար մնում է հարթել որոշ տեխնիկական հարցեր, այդ թվում եւ վիզայի հարցը:
Ստրասբուրգ է պատրաստվում մեկնել եւ իրավապաշտպան Արզու Աբդուլաեւան որպես «Հանուն ազատ եւ արդար ընտրությունների» համակարգող-խորհրդատվական խորհրդի փորձագետ եւ ներկայացուցիչ, որը ԵԽ ԽՎ նստաշրջանի նախօրեին հանդես եկավ առանձին ուղերձով: Ուղերձում ընդգծվում են ընտրությունների ընթացքում թույլ տրված օրենքի խախտումները. «Մենք անհրաժեշտ ենք համարում ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանում խորհրդարանական ընտրությունների քննարկումները եւ գնահատական տալը: Դրա հետ մեկտեղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հարցի քննարկման գործընթացում ԵԽ ԽՎ-ն չպետք է կայացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակող որոշումներ»:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի մի խումբ հասարակական գործիչներ ուղերձ են հղել ԵԽ ԽՎ-ին 2005թ. նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի շուրջ նախատեսվող քննարկումների առնչությամբ:
Փաստաթղթում ասված է, որ իշխանության թույլ տված «ընդդիմության թեկնածուների եւ ընտրողների իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների» պատճառով ԵԽ ԽՎ-ն կարող է չհաստատել ադրբեջանական պատվիրակության մանդատը: Միեւնույն ժամանակ, ԵԽ ԽՎ-ն կարող է քննարկել ղարաբաղյան հարցը: Ադրբեջանի ներկայացուցիչների բացակայությունը եւ հակամարտության մի կողմի համար իր տեսակետն արտահայտելու անհնարինությունը հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: «Այդ պատճառով էլ մենք դիմում ենք Ձեզ` կոչ անելով որոշում կայացնել ԵԽ ԽՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների ժամանակ ադրբեջանական խորհրդարանի անդամների լիազորությունները ճանաչելու մասին»,- ասված է ուղերձում:
Ինչպես նշեց ռուսաստանյան խորհրդարանականը, ԵԽ ԽՎ Բյուրոն չկարողացավ միասնական եզրահանգման գալ ադրբեջանական պատվիրակության մանդատի հաստատման վերաբերյալ: Հիշեցնենք, որ տառացիորեն նախօրեին Ստրասբուրգ էր այցելել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որը բանակցություններ անցկացրեց Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ: Ընթացիկ հարցերից բացի, հավանաբար, մեր նախարարը փորձել է համոզել ԵԽ ԽՎ ղեկավարությանը, որ «Ադրբեջանը հակված է Եվրոպայի ժողովրդավարական արժեքներին» եւ, թվում է, այդ հարցում ետ չի մնում:
Այսպիսով, ադրբեջանական պատվիրակության մանդատի ընդունման մասին հարցը կուսումնասիրվի ընթացակարգի եւ կանոնակարգի հարցերով ենթահանձնաժողովում, որը ղեկավարում է նույն ինքը՝ Անդրեաս Գրոսը: Տվյալ հարցը կքննարկվի չորեքշաբթի՝ հունվարի 25-ին: Այդ մասին «Թուրանին» տեղեկացրել է իրավապաշտպան Ռենա Սադադդինովան, որը ներկա է եղել ԵԽ ԽՎ նիստին:
ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամներից մեկնաբանություններ ստանալու «Զերկալոյի» ջանքերը հաջողություն չունեցան: Պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը` պատճառաբանելով «զբաղվածությունը», ընդհանրապես հրաժարվեց խոսել մեր թղթակցի հետ: Հարկ է հիշեցնել, որ դեռ բոլորովին վերջերս Ա. Գրոսը սկզբունքորեն դեմ չէր, որպեսզի Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկումը եւ ԵԽ ԽՎ-ում մեր խորհրդարանական պատվիրակության մանդատի լեգիտիմությունը հետաձգվի մինչեւ ամառային նստաշրջան: Գրոսի դիրքորոշումը դարձել է առավել «հանդուրժողական», հատկապես «իրական ընդդիմության» որոշ հատվածի՝ Միլի-մեջլիսի աշխատանքներին մասնակցելու հնարավորության եւ կրկնակի ընտրությունների մասին հայտարարություններից հետո: Սակայն, վերջին պահին, ինչպես ասվում է, «նրա համբերությունը սպառվեց»: Չի բացառվում, որ Ա.Գրոսը չկարողացավ ներել այն, որ պաշտոնական Բաքուն «խուլ ու համր» մնաց իր խորհուրդների հանդեպ, այդ թվում, թեկուզեւ կրկնակի ընտրությունների ժամանակ առաջնայնության հիմունքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ: Բացի դրանից, դժվար թե Գրոսին դուր է եկել նաեւ այն, որ մերոնք փորձել են լուծել իրենց խնդիրները «նրա թիկունքում»՝ անմիջականորեն ԵԽ ԽՎ ղեկավարության հետ: Այդ պատճառով նա որոշեց հիշեցնել, թե ով է ինքը… Մի խոսքով, ադրբեջանական պատվիրակության մանդատը չի հաստատվել: Եվ եթե Գրոսը շատ համառի, մենք ընդհանրապես կարող ենք ԵԽ ԽՎ-ում անորոշ ժամանակով զրկվել ձայնից: Իսկ դա Ադրբեջանի միջազգային վարկին լուրջ հարված կհասցնի:
www.mediadialogue.org