Պայթեցումներ քաղաքական հայտարարությունների ֆոնի վրա

27/01/2006

Ձգձգված հակասական գործընթացների պատճառով, որոնք ընդմիջվում են՝ իրար փոխադարձաբար չհասկանալու, չհամընկնող շահերի եւ օտարացման աքցաններից դուրս գալու թույլ փորձերով, Վրաստանը եւ Ռուսաստանն իրենց վտանգում են հայտնվելու առավել տագնապալի վիճակում: Դրա խթանը լիովին կարող են դառնալ Մոզդոկի մոտ կատարված 20 րոպեանոց ընդմիջումներով երեք պայթյունները: Պարզվեց, որ 800գր պայթուցիկը լիովին բավարար է, որպեսզի որոշ ժամանակով գազատարի եւ հաղորդակցության գծի հետ միասին շարքից դուրս գան նաեւ երկու երկրների միջեւ, առանց այն էլ փխրուն, հարաբերությունները:

Կիրակնօրյա վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունները վնասեցին Վրաստանի էներգամատակարարման կարեւորագույն երակները՝ գազատարի երկու խողովակ եւ էլեկտրահաղորդման «Կավկասիոնի» գիծը: Արդյունքում երկրի էներգահամակարգը մի քանի ժամում հայտնվեց լուրջ ճգնաժամի սահմանագծին: Անմիջապես բազմամարդ հերթեր առաջացան գազի լցակայաններում: Կառավարությունը պետգանձարանից Ադրբեջանի բանկերից մեկին շտապ փոխանցեց 3 միլիոն լարի, որպեսզի Բաքվից գազ ստանա, մինչեւ Հյուսիսային Կովկասում կվերականգնվի խողովակաշարը: Նմանատիպ միջոցառումներ ձեռնարկվեցին նույն երկրից էլեկտրաէներգիա ներմուծելու համար: Եվ, իհարկե, ավտոմատ կերպով դադարեց Վրաստանի միջով Հայաստանի գազամատակարարումը:

Ռուսաստանյան իրավապահ մարմինները, քրեական գործ հարուցելով կատարված փաստի վերաբերյալ, հանցագործությունը որակեցին` որպես «պետական գույքին մտադրված վնաս հասցնել»: Թբիլիսիում հակված են մտածելու, որ խոսքը գնում է դիվերսիայի նպատակով, լավ նախապատրաստված եւ հաջողությամբ իրագործված գործողության մասին: «Դա ահաբեկչություն չէ, այլ գիտակցված սադրանք»,- հայտարարեց վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Սակայն գլխավոր գնահատականը տվեց նախագահը: Այսինքն, այդ մասին՝ հետո:

Երկու օր առաջ Միխայիլ Սահակաշվիլին կառավարության նիստի ժամանակ հանդես եկավ մի շարք նկատառումներով, որոնց համաձայն` առավելագույնը երեք տարվա ընթացքում Վրաստանը պետք է դառնա էներգետիկ առումով բացարձակապես անկախ երկիր: Նրա խոսքերով, պետք է հիմնվեն հիդրոռեսուրսների վրա: Կառավարությանը, համապատասխանաբար, հանձնարարված է զբաղվել գազի եւ էլեկտրաէներգիայի ստացման համար նաեւ այլընտրանքային արտաքին աղբյուրներ փնտրելով: Այդ խնդիրը պետք է լուծվի մինչեւ 2009 թվականը, երբ լրանալու է Սահակաշվիլիի նախագահական լիազորությունների ժամկետը եւ հարկ է լինելու նորից իր թեկնածությունն առաջադրել: Այդ պատճառով, ինչպես կցանկանար նախագահը, ամեն տեսակի թյուրիմացություններից խուսափելու եւ Վրաստանում սոցիալ-քաղաքական իրավիճակը կառավարելու հնարավորությունից Ռուսաստանին զրկելու համար, այդ ժամանակահատվածում երկրում պետք է նվազագույնի հասցնել ռուսաստանյան գազի օգտագործումը: Զուգահեռաբար, կոչ արեց նա, պետք է ակտիվորեն աշխատել սեփական էներգաներուժի բարձրացման վրա:

Այս ամենի մասին խոսելով, նախագահը մի շարք արտահայտություններ արեց, որոնք, ամենայն հավանականությամբ, Մոսկվայում ոչ միայն լսեցին, այլեւ որոշակի եզրահանգումներ արեցին: Ռուսաստանին առաջարկելով առավել քաղաքակիրթ հարաբերությունների անցնել, հրաժարվել «շանտաժի եւ սպառնալիքի» լեզվից, Սահակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանի հետ այդ մեթոդները «արդեն չեն գործի»: «Մենք այսօր ավելի լավ ենք պաշտպանված շանտաժից, քան վեց ամիս առաջ, իսկ երեք ամիս հետո ավելի լավ պաշտպանված կլինենք»,- հայտարարեց նախագահը` վստահեցնելով, որ երեք տարի հետո, մինչեւ նախագահական ժամկետի լրանալը, Վրաստանը կդառնա բացարձակապես անխոցելի արտաքին գործոնների հետ բախվելիս: Այդ համատեքստում, հասկանալի է, Սահակաշվիլին քննադատեց Ռուսաստանին, որը, վրաց առաջնորդի բնորոշմամբ, Վրաստանին եւ Ուկրաինային պահում է քաղաքական ճնշման տակ: «Ռուսաստանը, փաստորեն, հայտարարել է, որ մտադիր է հասնել իր քաղաքական նպատակներին մեր երկրներում էներգետիկ լծակների գործարկման ճանապարհով»,- հայտարարեց պետության երիտասարդ ղեկավարը, դիմելով ոչ միայն նախարարներին, այլեւ բնակչությանը, հասարակության ըմբռնման ակնկալիքով: Հետաքրքիր է, որ նույն օրն ակտիվություն էր նկատվում մի շարք նախարարների եւ խորհրդարանի պատգամավորների շրջանում:

Պնդել, որ այդ քաղաքական կամպանիայի եւ երեք օր հետո դրան հետեւած պայթյունների միջեւ գոյություն ունի որոշակի կապ, ձեւական իմաստով հեշտ չէ, թեկուզեւ էթիկայից դրդված, բայց տրամաբանական կապի գոյություն ենթադրել կարելի է: Սահակաշվիլին կիրակի օրն իմանալով պատահածի մասին` տրամադրվեց վճռականորեն եւ հայտարարեց, որ Վրաստանին առանց գազի եւ էլեկտրաէներգիայի, մթության եւ ցրտի մեջ թողնելու նախկին սպառնալիքներն իրագործվում են: Եվ, որ Ռուսաստանում տեսել են, որ Վրաստանի էներգահամակարգը կայունացման ճանապարհին է, եւ այդ պատճառով էլ նրանք ուզում են մեզ զգացնել, որ դա այդպես չէ: Երկուշաբթի օրը նախագահը պատրաստվում էր բացել նոր գազատուրբինային կայան, խոշոր էներգաօբյեկտ, որը էներգահամակարգին մեծ կայունություն կհաղորդի: Հենց այդ պայմաններում է, ասաց նախագահը, Ռուսաստանն իրագործել Վրաստանի նկատմամբ ճնշման հերթական փորձը, նպատակ ունենալով այստեղ առաջացնել սոցիալական զանգվածային դժգոհություններ, խափանել նախանշված ծրագրերը, ստիպել շեղվել ընտրած ճանապարհից, որպեսզի մենք «ծնկաչոք գնանք Մոսկվա»: Սահակաշվիլին գազատարի շարքից դուրս գալն անվանեց սաբոտաժի եւ դիվերսիայի դրսեւորում Ռուսաստանի կողմից:

Մոզդոկի մոտ կատարված պայթյունները բացահայտ տագնապի նախանշաններ են: Դժվար թե որեւէ մեկն ուզենա, որպեսզի նրանք հակասությունների նոր շրջապտույտի նախերգանք դառնան, որոնք հղի են տարածքի համար պատերազմ վերսկսելու վտանգով: Պատահական չէր, որ կառավարության արտակարգ նիստը հեռարձակվում էր ուշ երեկոյան ուղիղ եթերով: Բնակչությունը խաղաղվեց, երբ իմացավ, որ ճգնաժամը կհաջողվի հաղթահարել մի քանի ժամում: Սակայն Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների վրա, այն, ամեն դեպքում, ցավոք, խոր հետք թողեց: Նախագահը, ճնշված վիճակը հաղթահարելով, ասաց, որ Վրաստանում, չնայած աննախադեպ վանդալիզմի դրսեւորմանը, բոլոր բնակարաններում լույս կա, էլեկտրականություն, որը դժվար էր պատկերացնել դեռեւս մի քանի տարի առաջ: Համապատասխանաբար, վրաց ղեկավարությունը գտնում է, որ դիվերսանտների մտադրությունը ձախողվեց, քանի որ երկրի էներգահամակարգի վերածնունդն այդ փորձությանը դիմացավ օպերատիվ ձեռնարկած միջոցների եւ միջազգային օժանդակության շնորհիվ: Եվ, իհարկե, Սահակաշվիլին հարկ համարեց եւս մեկ անգամ Ռուսաստանին բնութագրել որպես անհուսալի գործընկեր:

«Խվալինդելի գազետի», Վրաստան
www.mediadialogue.org