2005թ. ավարտվեց ինքնակամ շինությունների օրինականացման հերթական գործընթացը, եւ օրինականացվեցին մոտ 33.000 ապօրինի կառույցներ: Քաղաքապետարանի համապատասխան մասնագետների տվյալներով դեռ 100.000 ապօրինի շինություններ էլ մնում են, որոնց սպառնում է օրինականացման մի նոր գործընթաց:
Դրա համար անցյալ տարեվերջին համապատասխան փոփոխություններ կատարվեցին քաղաքաշինության, քաղաքացիական, վարչական, քրեական եւ հողային օրենսգրքերում: Կարճ ասած՝ ինքնակամների օրինականացման հաջորդ փուլը «նորովի» անցկացնելու համար ստեղծվել է օրենսդրական մի նոր փաթեթ: Նոր գործընթացը մի քիչ կտարբերվի նախորդից եւ կսկսվի հավանաբար այս տարի, երբ կընդունվի «Ինքնակամ կառույցների գույքագրման եւ հաշվառման մասին» օրենքը:
Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները հայտարարում են, որ այսուհետ ոչ թե օրինականացում, այլ պետականացում է լինելու: Իսկ պետականացնելուց հետո այդ տունը նորից գնելը կամ օրինականացնելը շատ ավելի դժվար ու թանկ կլինի: Եվ օրենսդրական այս փոփոխությունները խուճապի մեջ են դրել ինքնակամ շինություն ունեցող քաղաքացիներին: Քաղաքապետարանի համապատասխան մասնագետները նրանց մեղադրում են ապօրինություն թույլ տալու եւ այն ուղղելու համար հետեւողական չլինելու մեջ: Մինչդեռ քիչ չեն այնպիսի ինքնակամ կառուցապատողները, որոնք իրենց շինություններն օրինականացնելու համար դիմել են քաղաքապետարան եւ մերժում ստացել:
Քանաքեռ համայնքի բնակիչ Արտաշես Հակոբջանյանը 1980թ. քարերից մաքրել է Թբիլիսյան խճուղուն հարակից մի քարքարոտ հողակտոր եւ ծառեր տնկել:
«Սա համարվում է պետության կողմից խոտանված հողակտոր,- պատմում է Ա. Հակոբջանյանը: -Այսպիսի տարածքները մշակելու եւ կանաչապատ դարձնելու համար արտասահմանում քաղաքացիներին վճարում են: Այս ահռելի քարերը՝ որը ձեռքով, որը տրակտորով ես հավաքել, մի տեղ կույտ եմ արել ու ծառեր եմ տնկել: Իսկ ավելի մեծ քարերը, որոնք ո՛չ ես կարողացա ջարդել, ո՛չ էլ տրակտորը կարողացավ տեղաշարժել, մնացին տեղում, ու այդ քարաբլուրների արանքում ես հող ճարեցի ու խաղող աճացրեցի»:
Տնկած շիվերը կպնում են, ու այդ քարքարոտ վայրը գեղեցիկ այգի է դառնում: Իսկ 1988թ. խառը շրջանում Ա. Հակոբջանյանը որոշում է այդ տարածքում տուն կառուցել:
«Ես այն ժամանակ տան պրոբլեմ չունեի,- ասում է նա: -Ես, կինս ու տղաս նոր կառուցվող կոոպերատիվ մի քանի շենքերում հերթագրված էինք: Չէինք կասկածում, որ գոնե մեկս անպայման տուն կստանանք: Ես այս տունը կառուցում էի՝ մտածելով, որ խառը ժամանակներ են, կռիվ է, կարող է թուրքերը մտնեն Ղարաբաղ մեր գյուղը, եւ, Աստված չանի, եթե մերոնք փախնեն, այստեղ մնալու տեղ կունենան: Բայց այնպես ստացվեց, որ ոչ մեկս էլ տուն չստացանք, եւ 1994թ. զինադադարից հետո մեծ տղաս իր ընտանիքով տեղափոխվեց այստեղ»:
Քաղաքապետարանը 1994թ. եւ 2004թ. ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն է տալիս քաղաքացիներին: Ա. Հակոբջանյանը, բնականաբար, ցանկանալով օգտվել այդ հնարավորությունից, դիմում է քաղաքապետարան: Երկու անգամ էլ մերժում է ստանում: «Չճանաչել շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը գլխավոր հատակագծի դրույթներին հակասելու պատճառով»,- քաղաքապետարանի կողմից այսպես է ձեւակերպվել վերջին մերժումը: Այդ տունը գտնվում է Շրջանցիկ թունել, երկրորդ փակուղի, 12 հասցեում, այլ կերպ ասած՝ Կորեայի ձորում: Այդտեղ ապօրինի կամ ինքնակամ շինություններ շատ կան եւ ոմանց հաջողվել է օրինականացնել: Ա. Հակոբջանյանը չի հասկանում, թե ինչպես է, որ իր կառուցած տան կողքի մեկ այլ տուն հնարավոր է եղել օրինականացնել, իսկ իրենցը՝ ոչ: «Դա իրենց գործն է,- ասում է նա: -Ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ կասկածելու կամ չհավատալու, որ նրանք այդ ամենն օրինական ճանապարհով են արել: Ուղղակի ինձ անհասկանալի է դառնում, թե ինչո՞ւ ինձ մերժեցին: Այս տանն ապրող տղաս՝ Արամը, պատերազմի սկզբից մինչեւ վերջին օրը կռվել է: Կռվից իր հետ բերել է Շուշիի բերդի ներքին բանալիներից մեկը եւ երեք թուրքական դրոշ: 1994թ. պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով: Վերադարձել է ու գործազուրկ է մնացել: Աշխատում էր «Կանազում» եւ հենց առաջինն ընկավ կրճատման ցուցակում: Մինչեւ հիմա անգործ է եղել, զբաղվել է ժամանակավոր պատահական աշխատանքներով: Ես ուզում եմ իմ քրտինքով կառուցած տունն օրինականացնել: Մի՞թե չի հասնում»:
Պարոն Հակոբջանյանը վախենում է, որ 2006թ. օրինականացման գործընթացի ժամանակ տունը կկորցնեն: Նա լսել է, որ ինքնակամ շինությունները կպետականացնեն ընդհանրապես, կամ էլ կվաճառեն կառուցողներին: Իսկ վաճառելու դեպքում պահանջվող գումարն ավելի շատ կլինի, քան ուղղակի օրինականացնելու դեպքում: Ու Ա. Հակոբջանյանը գիտի, որ իր տղան տունը հետ գնելու միջոցներ չի ունենա եւ կմնա անտուն: Նա ցույց էր տալիս իր փոքրիկ այգին ու բացատրում, թե որքան է փոքր թոռների հետ չարչարվել ու ահռելի քարերի արանքում խաղող աճեցրել: «Տեսեք այս քարերի կույտերը,- ցույց է տալիս նա: -Սա պետության կողմից խոտանված, դեն գցած տարածք է եղել: Այստեղ միայն իմ նման գիժը տուն կկառուցեր ու հետո էլ կվախենար, թե ձեռից կառնեն»:
Ա. Հակոբջանյանը նամակ է գրել քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ խնդրում է վերանայել իր որդու տան օրինականացման որոշումը: Նամակում գրում է. «… Մենք չգիտենք եւ չէինք էլ կարող իմանալ, թե քաղաքամերձ այդ տարածքների՝ Լամպերի գործարանի մոտից մինչեւ Ռադիոկայմ, հարյուրավոր մեր կարգի քաղաքացիների մի պատկառելի մաս ինչ հրաշքով է կարողացել հաղթահարել «գրանցման» ու «դրույթների» արգելապատնեշները եւ օրինականացրել իրենց կառուցումները, բայց մերկ ու անողոք իրականությունն այն է, որ ամեն ինչ կատարվել է մեջընդմեջ: Ստացվում է, որ իրար հարեւանությամբ, մի գծի վրա գտնվող կառույցներից մեկը համապատասխանում է «գլխավոր հատակագծի դրույթներին», իսկ մյուսը՝ հակասում: …Հարգարժան պարոն քաղաքապետ, կարքադրեցեք վերանայել անտրամաբանական եւ չպատճառաբանված այն որոշումը, որ կայացրել են մեր բնակարանի նկատմամբ: Ախր մեր կառուցած բնակարանը նախկին «Կեմպինգ» կոոպերատիվի կառուցումների հետ (որոնք պաշտոնապես «գլխավոր հատակագծի դրույթներին համապատասխան» ծրագրով են կառուցված եղել) մի միասնական համալիր է: Ինչպես կարող է իրական միասնական համալիրի մի բաղադրիչը լինել համապատասխանող, իսկ մյուսը՝ հակասող»: Ա. Հակոբջանյանը հույս ունի, որ ոչ մի պաշտոնյա այնքան անսիրտ չի լինի, որ երեք զինվորական մեծացնող եւ հնարավորություններ չունեցող ընտանիքին բնակության միակ վայրից կզրկի: