Միացյալ ազգերի կազմակերպության շտաբ-բնակարանում բացվել է «Ոչ մանկական խաղ» ցուցահանդեսը, որում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված հրեա երեխաների անձնական իրերը, նկարներն ու օրագրերը: Բացման ժամանակ ընթերցվել է «Երազանք» բանաստեղծությունը, որը լեհական գետտոներից մեկում գրել է 13-ամյա Աբրահամ Կոպլովիչը, ով մի քանի ամիս անց մահացել է Օսվենցիմում: Ցուցահանդեսը բացվել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա նախօրեին, որը նշվում է հունվարի 27-ին: Այդ օրը միջազգային է դարձել անցյալ տարի, երբ Իսրայելի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ռուսաստանի նախաձեռնությամբ փաստաթուղթ է պատրաստվել, ըստ որի` մերժվում է «Հոլոքոստի, որպես պատմական իրողության լրիվ կամ մասնակի բացասումը»: Հունվարի 27-ը պատահական օր չէ, 1945 թվականի այդ օրը Սովետական բանակն ազատագրել է Լեհաստանի տարածքում գտնվող ֆաշիստական ամենամեծ համակենտրոնացման ճամբարը` Օսվենցիմը, որտեղ ավելի քան 2 մլն մարդ է ոչնչացվել: