«Երեւանն ամենահարազատ եւ ամենադաժան քաղաքն էր ինձ համար»

27/01/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ասում է նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանը, ում շուրջ կես դարի ընթացքում արված նկարները վաղուց արդեն մեր քաղաքի անբաժանելի մասն են դարձել: «Ինչ էլ որ նկարեմ, միշտ Հայաստանն եմ նկարում»,- ասում է նա: Թեեւ տիկին Քնարիկն ինքն իրեն ռեալիստ է համարում, նրա ստեղծած իրականությունը միաժամանակ եւ ռոմանտիկ է, եւ քնքուշ: Նա շատ է սիրում այս կյանքը եւ, իր կտավներին նայելիս, յուրաքանչյուրն ակամայից վարակվում է նրա բարությամբ ու երախտապարտ լինելու կարողությամբ: Նրա նկարներից շատերը գտնվում են նախկին Խորհրդային Միության տարբեր քաղաքներում:

– Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց ավարտից հետո դուք գնացիք Լենինգրադ սովորելու: Ինչպե՞ս դա ստացվեց:

– Ես ու ընկերուհիս մեր փաստաթղթերը Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա ուղարկեցինք: Հենց այնպես, առանց լուրջ սպասելիքների: Հետո ինձ հրավեր եկավ, իսկ ընկերուհուս՝ ոչ: Ու ես մեն-մենակ վեր կացա ու գնացի Լենինգրադ: 1947 թվականն էր, եւ ողջ Լենինգրադը դեռ պատերազմի ու պաշարման հիշողությունների մեջ էր: Սարսափելի մթնոլորտ ու ահավոր սով էր: Նեւսկու պողոտայում, օրինակ, շաբաթը մեկ միշտ մի մարդ էր կանգնում ու «խոլոդեց» վաճառում, եւ միշտ շատ մեծ հերթեր էին գոյանում, քանի որ բոլորը սոված էին ու այդ «խոլոդեցին» շատ էին սպասում: Մի օր էլ զինվորականներն այդ վաճառողին իր տեղից վտարեցին: Մենք շատ դժգոհ էինք, ասում էինք՝ ախր դա միակ ուտելիքն է, որը կարող ենք գնել: Մեզ բացատրեցին, որ «խոլոդեցում» մարդու միս էին հայտնաբերել, քանի որ տեսել էին, որ մարդկային կրծքերը չէին հասցրել հալվել: Այնպես որ, կյանքը Լենինգրադում շատ դաժան էր: Եվ նման դեպքեր շատ էին լինում: Օրինակ, մեր բակ մի գյուղացի, կարմրաթուշ աղջիկ էր գալիս եւ կարտոֆիլ վաճառում: Բոլորը դուրս էին թափվում ու կարծես «աչքերով ուտում» էին այդ աղջկան: Մարդիկ այնքան սոված էին, որ հնարավոր էր այդ աղջկան, ինչո՞ւ ոչ` նաեւ իսկապես ուտել:

– Բա ինչպե՞ս էիք կարողանում ապրել:

– Ապրում էինք, երիտասարդ էինք: Գիտե՞ք ի՜նչ մեծ բան է երիտասարդությունը: Միշտ ջերմությամբ եմ հիշում իմ այդ հանրակացարանային կյանքը: Ձմռանը հնարավոր չէր սենյակները տաքացնել, եւ երբ արթնանում էինք, տեսնում էինք, որ բաժակներն ամբողջությամբ սառույցով էին պատված: Հանրակացարանի առաջին հարկում առավոտները մեծ հերթեր էին գոյանում, մենք՝ շալերով փաթաթված եւ թեյնիկները ձեռքերիս կանգնած, սպասում էինք` թե երբ են վառարանը վառելու, որպեսզի մի քիչ եռացրած ջուր վերցնենք: Հիշում եմ, մի անգամ էլ ես հանկարծ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեցի եւ մի կին ինձ բարկացած հարցրեց. «Դու ո՞վ ես»: Ասացի՝ հայ եմ: Մի աժդահա մարդ կար հերթում, ով շրջվեց ու սպառնացող ձայնով բոլորին ասաց. «Հա՞յ է: Իսկ գիտե՞ք արդյոք, որ հայերը վարդի թերթիկներից պատրաստած մուրաբա են ուտում»: Հերթի մեջ զարմանքի մի հոգոց եղավ: Ես գլուխս կախեցի, քանի որ չգիտեի՝ ի՞նչ ասել: Ոչ, իրականում այլազգիներին շատ լավ էին վերաբերվում, բայց սովի զգացումը մարդկանց ենթագիտակցության մեջ միշտ կար:

– Այդ պայմաններում ինչպե՞ս էիք նկարում:

– Հաճույքով, մեծ հաճույքով էինք նկարում: Սովորում էինք, մրցում էինք իրար հետ: Շատ լավ էր: Մենք հիանալի դասախոսներ ունեինք: Մեր կուրսի ղեկավար Բորիս Յորհանսոնը սիրում էր ասել, որ կերպարվեստը դա կշեռք է. որքան տաք գույներ կան նկարում, այդքան էլ սառը գույներ պետք է լինեն: Մի անգամ նա մոտեցավ մի տղայի ու մի քանի ժամ տանջվելով` ցույց տվեց, թե ինչպես է պետք մերկ մարմնի գույների բալանսը պահպանել: Երբ որ վերջացրեց, տեսանք, որ մեր համակուրսեցու նկարը Ռենուարի նկարներից էլ լավը ստացվեց:

– Իսկ ինչո՞ւ հեռացաք Լենինգրադից:

– Ես ավարտեցի սովորելը, ամուսնացա: Իմ ամուսինը՝ Ռոբերտ Գաբրիելյանը նույնպես այնտեղ էր սովորում, նրան առաջարկեցին ասպիրանտուրայում մնալ, բայց նաեւ աշխատելու առաջարկներ եղան: Չելյաբինսկից եւ Սվերդլովսկից մեզ հազար ռուբլի ուղարկեցին ու հրավիրեցին աշխատելու: Երեւանը մեզ չէր հրավիրել, այստեղ արդեն ուսումնարան ու Գեղարվեստական ինստիտուտ կար, որտեղ սեփական կադրեր էին պատրաստվում: Չէր հրավիրել նաեւ իմ ամուսնու հարազատ քաղաք Բաքուն, եւ մենք Չելյաբինսկ գնացինք: Երեւանին մենք պետք չէինք:

– Վերջիվերջո, ԽՍՀՄ-ը «մեծ ընտանիք» էր եւ նշանակություն չուներ՝ Երեւա՞ն, թե՞ Չելյաբինսկ:

– Չելյաբինսկում Սովետի ողջ ինտելիգենցիան ու գիտնականներն էին հավաքված, այսպես ասած՝ «պայծառ գլուխներն ու ուղեղները»: Տեսեք, հիմա իմ արվեստանոցում հայտնի գենետիկ Տիմոֆեեւ-Ռուսովսկու դիմանկարը կա, որը «Չելյաբինսկ-40» գիտական քաղաքում իմ ամուսինն է նկարել: Տիմոֆեեւ-Ռուսովսկին Սովետի համար առաջին գենետիկն է եղել, ով դեռ Հիտլերի հետ է աշխատել, իսկ հետո Սովետը նրան գողացել եւ իր երկիր է բերել: Ուզում եմ ասել, որ այնտեղ շատ լավ միջավայր էր, մեզ էլ շատ լավ պահում էին, մենք գիտնականների դիմանկարներն էինք նկարում: Բայց ես անընդհատ Երեւան էի ասում, այնքան էի կարոտում Երեւանին, որ ամուսինս խելագարվում էր: Եվ մենք Երեւան եկանք, բայց մինչ այդ Բաքու գնացինք: Բաքուն էլ էր հրաշալի, ջերմ քաղաք, բայց ես Երեւան էի ուզում գալ: Իսկ Երեւանն ամենադաժան ու դժվար քաղաքը դուրս եկավ: Մենք չսպասեցինք, որպեսզի ժողովրդական նկարչի կոչում ստանանք, եւ Երեւան եկանք:

– Կոչումներն այն ժամանակ շա՞տ բան էին որոշում:

– Հիմա էլ են որոշում: Գիտե՞ք, ես ինձ մի տեսակ վատ եմ զգում, որ կոչում չունեմ: Ամեն դեպքում, կոչումը գնահատական է: Իմ ընկերուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանն Ակադեմիայի անդամ դարձավ, ես շատ ուրախ էի, բայց ինքս ոչ մի կոչում չունեմ: Երեւի շատ ուշ եկա Հայաստան, մինչեւ ներկայացա, ծանոթացա, Սովետը վերացավ: Երեւանում միշտ էլ դժվարությամբ են նոր մարդկանց ընդունում: Քանի որ մենք Բաքվից էինք եկել, Իսաբեկյանը շատ անգամ ասում էր. «Դեռ պարզ չէ` նրանք թո՞ւրք են, թե՞ հայ»: Ես երեւանցի էի, բայց իմ ամուսնու համար շատ ավելի դժվար էր: Մինչեւ հիմա մեզ Սվերդլովսկից ու Չելյաբինսկից ետ են կանչում, ասում են՝ դուք մեր քաղաքների համար այդքան բան եք արել: Բայց ես առանց Երեւանի չեմ կարող ապրել:

– Երեւանում պատվերներո՞վ էիք աշխատում:

– Երեւանում առանց պատվերների էինք աշխատում: Տարին մեկ անգամ Նկարիչների միությունը մեզ պարտադիր Հայաստանի տարբեր շրջաններ էր ուղարկում՝ պլեներների: Մենք մի քանի հոգով՝ Լավինիան, Ալեքսանդր Գրիգորյանը, Նանա Գյուլիքեխվյանը եւ ուրիշներ, գնում էինք, գյուղերից մեկում տուն էինք վարձում եւ ուրախ-զվարթ աշխատում էինք, հետագա ցուցահանդեսների համար նյութ էինք հավաքում: Թեմատիկ ցուցահանդեսներ էին լինում, օրինակ, «Էրեբունի-Երեւանը» կամ Լենինի տարեդարձը:

– Ցենզուրան չէ՞ր սահմանափակում ձեզ:

– Ոչ, շատ ազատ էր, ոչ ոք իրավունք չուներ պատրաստի նկարչի ստեղծագործություններին միջամտել: Օրինակ, «Էրեբունի-Երեւանի» համար ես նկարեցի մարդկանց, ովքեր նստած ուրախ նվագում են, եւ Մոսկվան առաջինը հենց այդ նկարը գնեց: Մոսկվայի ներկայացուցիչները պարտադիր այցելում էին այդ ցուցահանդեսները: Իսկ Լենինի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի համար Նանա Գյուլիքեխվյանն, օրինակ, վերմակ կարող մի պառավ կնոջ էր նկարել: Ուզում եմ ասել, որ Լենինին նկարելը պարտադիր չէր: Իսկ վերմակ կարող պառավը նույնպես Մոսկվայում հայտնվեց, քանի որ շատ գեղեցիկ էր: Բուն թեմայով նկարված ախմախ նկարները ոչ ոք չէր գնի:

– Վաճառքից ստացված գումարը մե՞ծ էր:

– Մոսկվայի գնած մեկ նկարը մեզ կես տարի ապրելու համար հերիք էր: Մենք փողի մասին չէինք մտածում: Այդ տարիներից բողոքողները սխալվում են: Մենք ապահով էինք մեզ զգում:

– Ձեզ համար «պերեստրոյկայի» ազդեցությունը ցավալի՞ էր:

– Մենք ինքներս էլ չհասկացանք՝ թե ինչպես ամեն ինչ շուռ եկավ: Գիտե՞ք, եթե ես եմ ասում, որ դժվար է, ապա երիտասարդների համար հիմա շատ ավելի դժվար է: Ինչպե՞ս պետք է նրանք ճանաչվեն: Չափանիշները շատ են փոխվել, ով ասես՝ ցուցահանդես է բացում: Ես, օրինակ, պատրաստի ցուցահանդես ունենալով, չեմ ուզում ցուցադրվել: Իմ առաջին ցուցահանդեսը հինգ տարի ձգձգվեց: Հանձնաժողովը հանձնաժողովի ետեւից նայում էր, նկատողություն անում: Բացվելուց հետո զգացվում էր, որ ձգձգումները ճիշտ էին:

– Նկարիչների միջեւ մրցակցություն զգացվո՞ւմ էր:

– Այո: Ես շատ էի տանջվում, որ իմ նկարը ավելի վատն է ստացվել, քան, օրինակ, Լավինիայինը կամ Նանայինը: Մենք շատ մտերիմ ընկերուհիներ էինք, բայց երբ տեսնում էի, որ Նանայի նկարը լավն է, ուզում էի գնալ նորից նկարել: Ոչ թե ուզում էի, որ նրանցը վատը լիներ, այլ՝ իմը նույնպես լավը լիներ:

– Կպատմե՞ք ձեր գյուղական պլեներների մասին:

– Գյուղերում մեզ շատ լավ էին ընդունում, ու գյուղի բոլոր տղաները մեզ վրա ուշադրություն էին դարձնում: Լավինիան, Նանան ու ես առավոտն արթնանում էինք, վերցնում էինք հովանոցները, էտյուդնիկները, աթոռները ու քայլում էինք՝ լավ պեյզաժ գտնելու համար: Մի սարի գլխին կանգնում էինք ու սկսում էինք նկարել: Եվ գյուղի բոլոր սայլերն իրենց ուղին փոխում էին, որպեսզի գան ու մեզ տանեն:

– Քաղաքից եկած կին նկարիչները պետք է իրարանցում ստեղծեին:

– Նույնիսկ մի գյուղում մեզ բանաստեղծություն են նվիրել: Մի գյուղում պոետ կար, ով տեսել էր մեզ հովանոցների տակ նկարելիս ու բավականին մեծ պոեմ գրել: Մի անգամ էլ սպիտակ ձիու վրա նստած մի տղա եկավ ու սկսեց մեր շուրջը պտտվել-պտտվել, սպասում էր, որ մենք ուշադրություն դարձնենք իր վրա: Մեծ դժվարությամբ նրան իջեցրինք ձիուց ու ասացինք՝ գիտես, չէ՞, որ մեզ խանգարում ես: Մեզ շատ լավ էին վերաբերվում ու միշտ ամենալավ տունն էին տալիս: Գիշերները գնում էինք թոնրի մոտ, ցերեկները միշտ մաքուր օդ էինք շնչում: Շատ երջանիկ ժամանակ էր, մենք նկարում էինք այն, ինչ ուզում էինք: Կարծում եմ, կերպարվեստն առանց պլեներների չի լինում:

– Լավինիայի դուստր Մարիամը պատմում էր, որ երբ ինքը երեխա էր, չէր համարձակվում խանգարել մայրիկին, երբ նա նկարում էր: Նույնիսկ երբ լաց էր լինում, Լավինիան ասում էր.«Սպասիր, Մարիամ, մայրիկը հիմա կավարտի իր նկարը, հետո արդեն քեզ կգրկի»: Այսինքն, Լավինիայի համար արվեստը միշտ առաջին տեղում էր: Իսկ ձե՞զ համար:

– Լավինիան շատ ուժեղ մարդ էր, առավոտվա իննից արդեն արվեստանոցում էր: Նա շատ անհանգիստ մարդ էր, ինձ էլ էր ոտքի կանգնեցնում: Ասում էր՝ մի քիչ լավ չեմ զգում, ճնշումս բարձրացել է: Տասը րոպե հետո նորից էր զանգում ու ասում՝ արդեն լավ եմ ինձ զգում, թռնում եմ արվեստանոց: Եվ թռնում էր նկարելու: Ես էլ եմ երեխաներիս մեծացրել, բայց մեկ օր անգամ առանց նկարելու չեմ կարողացել ապրել: Ամուսինս ինձ շատ լավ հասկանում էր: Երբ Բաքվի դեպքերը կատարվեցին, ամուսնուս բարեկամները մեր տուն եկան ու ասացին՝ մենք կարող ենք արվեստանոցում ապրել: Ասացի՝ ոչ, ավելի լավ է տանս ապրեք, ոչինչ, որ նեղվածք է, արվեստանոցի հետ գործ չունեք, սա իմն է:

– Ձեր նատյուրմորտները շատ զգացմունքային են, նրանց մեջ գրեթե միշտ ծաղիկներ կան:

– Ծաղիկից ավելի գեղեցիկ ու բնական բան այս աշխարհում չկա: Ընդհանրապես արվեստի մեջ որքան գլուխը քիչ է, այնքան գործն ավելի հետաքրքիր է: Տղամարդիկ հաճախ կորցնում են զարմանալու հատկությունը, իսկ մենք` կանայք, միշտ պատրաստ ենք զարմանալու:

– Դուք երբեւիցե որոշակի հեգնական վերաբերմունք զգացե՞լ եք: Ասել են` դե, կին է` ուրեմն անլուրջ արվեստագետ է:

– Այո: Լավինիայի մասին չէին ասում, քանի որ նա իրեն շատ վստահ եւ անկախ էր պահում, նա նաեւ շատ ուժեղ նկարիչ էր: Եթե թույլ լիներ, ծիծաղելի կլիներ: Բայց ես մի քիչ ուրիշ էի, ավելի թեթեւ էի եւ կարծես թե ողջ կյանքում սիրահարված եմ եղել: Չեմ սիրել երեւալ, չեմ սիրել, երբ իմ մասին խոսում են, ինքս իմ համար նկարել եմ ու միշտ դժգոհ եմ եղել: Հաճախ, երբ խոսել եմ ուզել, զգացել եմ, որ ուրիշ բան է դուրս եկել: Դասավանդելու համբերություն էլ չեմ ունեցել, ես միայն նկարել եմ: