Բերնար Լուազո

27/01/2006

«Եթե ես թեկուզ մի աստղ կորցնեմ, ինքնասպանություն կգործեմ»: Հանրահայտ խոհարարը վախենում էր կորցնել իր ռեստորանի վարկը, որն արտահայտվում էր աստղերով: Իմանալով այն մասին, որ իր հաստատության վարկանիշն իջել է երկու կետով, Բերնար Լուազոն վերջ է տալիս կյանքին:

Դա տեղի է ունեցել Բուրգունդիայում գտնվող նրա բնակարանում: Հայտնի ռեստորանատերն ինքնասպանություն էր գործել՝ որսորդական հրացանից կրակելով։ Լուազոյի ռեստորանային կայսրությունը, որ բաղկացած էր հյուրանոցներից, խանութներից, ռեստորաններից, մի վայրկյանում որբացավ: Իսկ ֆրանսիական խոհանոցը, որին ողջ կյանքում այս մարդը հավատարիմ էր մնացել, «այրիացավ»:

Հակառակ տարածված կարծիքի՝ Ֆրանսիայի լավագույն ռեստորանները բոլորովին էլ Փարիզում չեն: Ամենահռչակավորները գտնվում են Լիոնում եւ Բուրգունդիայում: Հենց այստեղ են սովորում եւ հմտանում աշխարհի լավագույն խոհարարները:

Բերնար Լուազոն հայտնի դարձավ 1982թ.-ին, երբ նրան վստահեցին քայքայման եզրին գտնվող «Հոթել դը լա Կոտ դ՚Օռ» հյուրանոցի ու ռեստորանի ղեկավարությունը: Լուազոն շատ արագ վերականգնեց այդ հաստատության նախկին վարկը: Նա հասավ այն բանին, որ ռեստորանին տրվեց ամենաբարձր՝ 20-րդ համարը «Գոմիյո» տեղեկատուում, որտեղ նշվում են երկրի լավագույն 20 ռեստորանները: Շուտով նրա ռեստորանը հանրահայտ «Միշլեն» խոհանոցային տեղեկատուում ստանում է 3 աստղանիի կարգավիճակ:

«Իմ նպատակն էր` դառնալ մեծագույն խոհարար, ինչպես ֆուտբոլիստներն են երազում Պելե կամ Ռոնալդո դառնալ»,- ասում էր Լուազոն: Նա գնում է «Հոթել դը լա Կոտ դ՚Օռ» հյուրանոցն ու ռեստորանը եւ արագորեն ընդարձակում իր կայսրությունը: Շուտով նա դառնում է եւս 3 հայտնի ռեստորանների սեփականատեր: Երեքն էլ կոչվում են «մորաքույր»՝ «Մորաքույր Լուիզա», «Մորաքույր Մարգարիտա» եւ «Մորաքույր Ժաննա»: Շուտով հյուրանոցին ու ռեստորաններին ավելանում են խանութներ, որտեղ վաճառվում են նրա անունը կրող մթերք ու հուշանվերներ: Ամբողջ աշխարհում միլիոնավոր օրինակներով վաճառվում են նրա խոհարարական գրքերը:

1998-ին Լուազոն առաջինն էր ֆրանսիական ռեստորանատերերից, որ դուրս եկավ բիրժա: Շուտով ընկերության դրամաշրջանառությունը հասավ 1,9 մլն եվրոյի:

Սակայն վերջին շրջանում գործերն այնքան էլ լավ չէին: «Ես լավ եմ պատրաստում գորտի թաթիկներ, բայց բիրժայի գործերից գլուխ չեմ հանում»,- խոստովանում է Լուազոն: Սակայն իսկական աղետը եկավ այնտեղից, որտեղից չէին սպասում: 2003թ.-ին ֆրանսիական ռեստորանների դասակարգման աղյուսակում նրա ռեստորանի վարկանիշն ընկավ մինչեւ 17-րդ տեղը: Լուազոն դրան չդիմացավ: Ֆրանսիական խոհանոցն ու ռեստորանային բիզնեսը բարդ ու հակասական աշխարհ է: Բարձր վարկանիշը նշանակում է հարստություն ու փառք, դրանք այստեղ վերացական հասկացություններ չեն, այլ կյանքի ու մահվան խնդիր: Բերնար Լուազոն կարողացավ 52 տարվա ընթացքում բարձրանալ այդ բուրգի ամենավերին գագաթը, բայց չկարողացավ դիմանալ անկումին:

Ըստ Ինտերնետային նյութերի