Ինչո՞ւ սիրելիս

24/01/2006

«Երկու պայթյուններից հետո Վրաստանը եւ Հայաստանը զրկված են գազից». երեկ այս վերնագրով հոդված էր հրապարակել «Figaro» օրաթերթը: Հոդվածում նշվում է, որ Մ. Սահակաշվիլին Մոսկվային մեղադրում է Թբիլիսիին ծնկի բերելու նպատակով այս «սաբոտաժը» կազմակերպելու մեջ: Իսկ ՌԴ-ն Սահակաշվիլու այս մեղադրանքը որակում է որպես «հիստերիկ հայտարարություն»: Հոդվածագիրը հղում է կատարել նաեւ լատվիացի մի դիվանագետի խոսքին, որն ասում է. «Ինքս ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք այս գործողությունները սպառնալիքի ձեւ չեն, «թեստ», որը նպատակ ունի բոլորին հիշեցնելու ռուսական գազից իրենց մեծ կախվածության մասին»: Հոդվածագիրը նաեւ գրում է. «Հետաքրքիր է, որ Վրաստանը եւ Ուկրաինան՝ երկրներ, որոնք թավշյա հեղափոխություններից հետո ուղղորդվում են դեպի Արեւմուտք, 15 օրվա տարբերությամբ զրկվեցին գազից: Բայց այս վարկածն էլ ունի իր հակասությունը, քանզի այս հանելուկային պայթյունները գազից զրկել են նաեւ Ռուսաստանի սիրելի բարեկամին՝ Հայաստանին»: