Ցիկլոնը Կրետե կղզուց կտեղափոխվի Հայաստան

24/01/2006

Երեկ կեսօրից հետո առատ տեղացող ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը չի կարողացել ընդունել եւ ճանապարհել ինքնաթիռներին: Ժամը 15-ից հետո հայտարարվել է «ձնային նոտա», այսինքն` «Արմենիա միջազգային օդանավակայանն» ի վիճակի չէր թռիչք եւ վայրէջք ապահովել: Օդանավակայանից տեղեկացրին, որ թռիչքադաշտի շփման գործակիցը նորմային չի համապատասխանում, անընդհատ տեղացող ձյունը թույլ չի տալիս մաքրել թռիչքադաշտը: Թռիչքային եղանակ կլինի այն ժամանակ, երբ ձյունը կդադարի կամ գոնե կդանդաղի: Ձյան չդադարող տեղումները երթեւեկության համար անանցանելի են դարձրել նաեւ Հանրապետության միջքաղաքային ճանապարհները: «Հայավտոճան» ՊՓԸ-ից տեղեկացրին, որ փակ է Բերդ-Ճամբարակ հատվածը, Եղեգնաձորը Մարտունուն կապող Սելիմի լեռնանցքը եւ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհը: Իսկ միջքաղաքային մյուս ճանապարհները բաց են, բայց դժվար անցանելի են: Ճանապարհներին կան մերկասառույցներ:

«Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի ծառայությունից» տեղեկացրին, որ ձյուն չի գալիս միայն Լոռու, Տաուշի եւ Սյունիքի մարզերում: Բայց ձյունը գիշերը կդադարի, որը, սակայն, երկար չի տեւի. Կրետե կղզու վրա գտնվող ձնաբեր ցիկլոնը շուտով կտեղափոխվի այստեղ եւ հունվարի 24-ին ու 25-ին ամբողջ Հայաստանով մեկ նորից առատ ձյուն է տեղալու:

Ա.Ա.