Հայաստանի օրհներգը պետք է խրոխտ լինի

24/01/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Նոր Սահմանադրությամբ, Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում օրենքով պետք է սահմանի Հայաստանի Հանրապետության նոր օրհներգը: ԱԺ գրեթե բոլոր պատգամավորներին Սահմանադրության այս պահանջը շատ է դուր եկել եւ անհամբեր սպասում են, թե երբ է հասնելու դրա հերթը: Նրանք դեմ են որպես պետության խորհրդանիշ վերահաստատել գործող «լացացնող» օրհներգն ու այն թողնել անփոփոխ:

ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը գտնում է, որ եթե սահմանադրության «անցումային դրույթ» գլխում ասվում է` պետք է սահմանվի օրհներգ, նշանակում է` նոր օրհներգ պետք է ընդունվի: «Եթե վերահաստատելու մտադրություն լիներ, էլ չէին նշի, որ պետք է նորը սահմանվի: Ուրեմն` սահմանադրական հանձնաժողովն ինչ-որ մի բան նկատի է ունեցել, չէ՞»,- ասաց նա: Վերջինիս դուր չի գալիս Միքայել Նալբանդյանի խոսքերով հնչող օրհներգը, որովհետեւ, ինչպես նա նկատեց, այն չի արտացոլում հաղթանակած ժողովրդի կերպարը: «Օրհներգը պետք է խրոխտ լինի, ոչ թե լացակումած, իսկ սա, այո, լացակումած է»:

ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, գրող Ստեփան Զաքարյանը գտնում է, որ պետք է վերականգնել Արամ Խաչատրյանի գրած Խորհրդային տարիների օրհներգի երաժշտությունը: «Չնայած այն ժամանակ Հայաստանը դեռեւս անկախ չէր, սակայն այն ավելի է համապատասխանում անկախ երկրին, քան այսօրվա օրհներգը: Կարծում եմ` հին օրհներգը պետք է վերականգնել, պարզապես փոփոխված բառերով»,- ասաց Ս. Զաքարյանը: Ընդդիմադիր պատգամավորը գտնում է, որ Հայաստանն էլ Ռուսաստանի նման պետք է չուրանա իր անցյալը: «Ռուսաստանը ճիշտ քայլ կատարեց, երբ օգտվեց նաեւ ցարական եւ խորհրդային ժամանակաշրջանի պետական իր սիմվոլներից` չուրանալով իր անցած պատմությունը,- ասաց նա։ -Կարծում եմ, դա է ճիշտ ճանապարհը, եւ արժե, որ մենք էլ այդպես վարվենք եւ օգտվենք մեր եւ՛ թագավորներ ունեցած շրջանից, եւ՛ խորհրդային»: Իսկ ինչ վերաբերում է օրհներգի խոսքերին, ինչից հիմնականում դժգոհում են պատգամավորները` այն համարելով ոչ հայկական ու գողացված, ապա նրանցից շատերը գտնում են, որ պետք է ստեղծել անկաշառ, լուրջ մրցույթ, որի հաղթողը կճանաչվի Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի հեղինակ:

«Կարելի է մրցույթ կազմակերպել, որտեղ մարդիկ փակ ծրարներով կներկայացնեն իրենց առաջարկները: Եվ այնպիսի գումար, մրցանակ պետք է լինի, որ մեր բանաստեղծները շահագրգիռ լինեն ներկայացնելու իրենց ստեղծագործությունները: Համենայնդեպս, չպետք է լացուկոծ լինի, եւ պետք է վեր կանգնի այսօրվա քաղաքական եւ այլ իրողություններից, որովհետեւ այն միայն այսօրվա համար չէ»,- ասաց Ս. Զաքարյանը: Պատգամավոր Մանուկ Գասպարյանը «երկու ձեռքով» կողմ է Հայաստանի օրհներգը փոխելուն, որովհետեւ այն, ըստ նրա, «հայկական երաժշտություն չէ, իտալական ինչ-որ ապստամբների մասին երգ է», որը մերոնք վերցրել` դարձրել են հայկական հիմն: «Միայն «թշվառ, անտեր» բառերն են փոխել, բայց մեկ է` ինչքան էլ փոխեն էդ բառերը, իմ մեջ իներցիայով էդ թշվառն ու անտերը նստած են: Հայաստանի հիմնը պետք է ավելի զորեղ լինի: Թող Արամ Խաչատրյանի հիմնը նորից վերականգնեն, միայն «Սոցիալիստական Հայաստան» բառը փոխեն, որ չերեւա»,- ասաց նա` ավելացնելով, որ գործող օրհներգի խոսքերն ու երաժշտությունը «գողացված» են: Նոր օրհներգի հարցում Մանուկ Գասպարյանն այնքան բարի է, որ իշխանություններին, որպես նվեր, պատրաստ է զոհաբերել անգամ իր կուսակցության համար գրված օրհներգը: «Ես օրհներգ ունեմ գրած իմ կուսակցության համար, եթե մրցույթ լինի` ես դրանից ձեռք կքաշեմ, թող վերցնեն ու դարձնեն Հայաստանի օրհներգ: Երաժշտությունը կոմպոզիտոր Ռուսլան Գալստյանն է գրել, իսկ խոսքերի հեղինակն առայժմ գաղտնի է, մեր կուսակիցներից մեկն է գրել: Ես այն դեռ ոչ մի տեղ չեմ հնչեցրել, եթե ուզեն` կտամ»,- խոստացավ Մ. Գասպարյանը` ավելացնելով, որ մինչեւ իր կուսակցության համագումարը, որը տեղի է ունենալու մայիս ամսին, ինքը նոր հիմն կպատվիրի հանուն Հայաստանի օրհներգի: Մ. Գասպարյանից հետաքրքրվեցինք` արդյոք իր կուսակցության համար պատվիրած հիմնը համապատասխանո՞ւմ է Հայաստանի հիմնը դառնալու բոլոր չափանիշներին, ինչին ի պատասխան` նա ասաց. «Այն անցյալի, ներկայի ու առաջընթացի մասին է: Այն Հայաստանի մասին է, եւ միայն կուսակցության մասին պատմող երգ չէ: Խոսքերում «հզոր Հայաստան» եւ «միշտ առաջընթաց» բառեր կան»,- պարզաբանեց Մ. Գասպարյանը: Ավելին` Մ. Գասպարյանն ունի նաեւ, իր իսկ խոսքերով, «մինուսավոյ» եւ «պլյուսավոյ» օրհներգ: «Այսինքն` ունեմ, որ միայն երաժշտությունն է, ունեմ նաեւ երկուսը միասին: Երկու տարբերակն էլ կա, ամեն ինչ պատրաստ է: Ուզում եմ մայիսին կուսակցությանս` ԺՈՒԿ-ի, համագումարն անել, այնտեղ պետք է հնչեցնեմ: Իսկ եթե մրցույթ լինի, ես այն կներկայացնեմ: Եթե հաղթի, չեմ էլ ասի, որ դա ես եմ ներկայացրել»,- ասաց նա:

Հայաստանի օրհներգը փոխելու վերաբերյալ բոլորովին այլ դիրքորոշում ուներ «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավոր Ալեքսան Կարապետյանը. «Օրհներգը պետք է փոխել իշխանությունների հետ միասին: Սա նրանց սազում է, եւ պետք է թողնել այնքան, քանի դեռ նրանք իշխանության են: Հենց իշխանությունը փոխվի, այդ ժամանակ նոր օրհներգ կընդունենք: Այն` անտեր, անհույս օրհներգ է, իսկ օրհներգը պետք է այնպիսին լինի, որ լսելիս հույս, հավատ ներշնչի, ու երբ ձեռքդ կրծքիդ դրած լսես` ոգեւորվես: Բայց, ցավոք, բացի հիասթափությունից եւ որ պետք է այս կյանքի հետ համակերպվես, ուրիշ զգացողություն չի առաջացնում այս օրհներգը»:

Հ.Գ. Ի դեպ, Ռաֆիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն «պատվիրվել» է օրհներգի նոր տարբերակ: