Կասկածով արատավորված Սահմանադրություն

24/01/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, երեկ լսվել է 2005-ի նոյեմբերի 27-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի մասին Թոմաս Յիրսայի զեկույցը:

Սակայն այդ հարցով առանձին քննարկում նախատեսված չէր, ուստի խնդրի վերաբերյալ որեւէ հայտարարությամբ չէր կարող հանդես գալ Հայաստանի պատվիրակության նորանշանակ անդամ Ստեփան Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին ԵԽ ԽՎ Բյուրոն որոշել էր նոյեմբերի 27-ին մեր երկրում անցկացվելիք հանրաքվեն դիտարկելու նպատակով ձեւավորել ժամանակավոր հանձնաժողով, եւ Թ. Յիրսան էլ նշանակվել էր այդ ժամանակավոր հանձնաժողովի զեկուցող: Հայաստան էր ուղարկվել դիտորդների 14 հոգանոց պատվիրակություն: Մինչ հանրաքվեն շատ էր խոսվում այն մասին, որ քանի որ եվրոպական կառույցները չէին թաքցնում, որ կողմ են սահմանադրական առաջարկվող փոփոխություններին, ապա հնարավոր է, որ աչք փակեն հնարավոր ընտրակեղծիքների վրա: Թերեւս այս կարծիքին էին նաեւ Հայաստանի իշխանությունները, որոնք զարմանալի սառնասրտությամբ հայտարարեցին 1,5 միլիոնից ավելի մասնակցության եւ մի քիչ պակաս «այո»-ի մասին: Ու թերեւս մեր իշխանությունների համար անսպասելի էր, որ Թ. Յիրսայի զեկույցի նախնական տեքստը բավականին կոշտ տարրեր է պարունակում: Պարզվում է` ԵԽ ԽՎ-ում մեր երկրի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը դեռեւս մեկ շաբաթ առաջ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ «զեկույցը շտկելու համար» 16 գրավոր առաջարկներ է ներկայացրել զեկույցի հեղինակին, սակայն դրանցից ոչ մեկը զեկույցում չի ընդգրկվել: Իսկ վերոնշյալ զեկույցում ընդգծվում է, որ ԵԽ դիտորդական առաքելությունը միակ միջազգային դիտորդական առաքելությունն էր, քանզի մյուս միջազգային հեղինակավոր կազմակերպություններին Հայաստանի իշխանություններն այս անգամ դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավեր չէին ուղարկել: «Պատվիրակությունն այն տպավորությունն ուներ, որ իրազեկման բարձրացման քարոզարշավը երբեմն ավելի շատ նմանվում էր «Այո»-ին ուղղված խորհրդային ոճի պրոպագանդայի, քան առաջարկվող փոփոխությունների կողմ կամ դեմի` իրական ժողովրդավարական բանավեճի»,- ասված է զեկույցում: Վերջինում նաեւ շեշտվում է, որ էլեկտրոնային լրատվամիջոցները դեռեւս խիստ վերահսկվում են պետության կողմից եւ փոփոխությունների դեմ փաստարկները տեղ չեն գտել հեռուստատեսությունում, սակայն հանրաքվեի լուսաբանումն առավել բազմակարծ ու հավասարակշիռ է եղել տպագիր լրատվամիջոցներում, որոնց տպաքանակը սակայն շատ փոքր է: Զեկույցում հատուկ անդրադարձ կա Ռոբերտ Քոչարյանի քվեարկությանը: «Նախագահը հանրաքվեից մի քանի օր առաջ հայտարարեց, որ ինքը բաց է քվեարկելու եւ այդպես էլ արեց տեսախցիկների առջեւ: Այս ժեստը բավական քննադատվեց, քանի որ այն խախտել էր Սահմանադրությամբ ամրագրված գաղտնի քվեարկության սկզբունքը»,- ասված է զեկույցում: Անդրադառնալով հանրաքվեի քարոզարշավի ընթացքում եւ դրանից հետո ընդդիմության որդեգրած մարտավարությանը` Թ. Յիրսան իր զեկույցում նշում է, որ ընդդիմության դիրքորոշումը բացատրվում է ներկայացված փոփոխությունների որոշ ասպեկտների քննադատությամբ, սակայն հիմնականում այն փաստով, որ ընդդիմությունը դեռեւս վիճարկում է 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, «որոնք երկուսն էլ կեղծիքի համար խիստ քննադատության են ենթարկվել Վեհաժողովի եւ այլ միջազգային դիտորդների կողմից»: Ընդգծվում է, որ նոյեմբերի 24-ին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը մեքենայով կարմիր լույսի տակով անցնելուց հետո դաժանորեն ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից եւ նրան հիվանդանոց են տեղափոխել: «Ընդդիմության կազմակերպած հանրահավաքները խաղաղ են եղել, բավական զուսպ եւ օրենքի շրջանակներում»,- նշված է զեկույցում: Պարոն Յիրսան իր զեկույցում նկատել է նաեւ, որ գործող օրենսդրությունը չի ապահովում քվեարկության գաղտնիության ապահովումը, քանզի իրենց ընտրությունը քվեաթերթիկի վրա կատարելուց հետո քվեարկողները պետք է այն կնքել տան: Նշվում է բաց քվեարկության ու լցոնման բազմաթիվ դեպքերի մասին, որոնց ականատես են եղել դիտորդները: «Առանձին խնդիր էր զինվորականների քվեարկությունը: Նրանց ընտրատեղամաս էր բերում եւ ետ տեղափոխում հրամանատարությունը: Չնայած նրանց հրամանատարները այնքան էլ տեղյակ չէին, որ ընտրողներն ունեն ձեռնպահ մնալու իրավունք, թվում էր, թե այդ իրավունքը չէր կարող գործնականում իրականացվել»,- ասվում է զեկույցում եւ շեշտվում, որ այն տեղամասերում, որտեղ զինվորականներն են քվեարկել եւ որտեղ այցելել են դիտորդները, հաստատել են այն տպավորությունը, որ զինվորականների մասնակցությունը 100% է: Եվրոպացիներն «ամենաանընդունելի պնդում» են համարում հանրաքվեին մարդկանց մասնակցության բարձր ցուցանիշը: «Մարզերի մի շարք տեղամասեր եւ Երեւանի գործնականում բոլոր ընտրատեղամասերն ապշեցնելու աստիճան դատարկ էին` անկախ այցելած օրվա ժամից: Միակ բացառությունը զինվորականների քվեարկության ժամանակ էր»,- ասված է զեկույցում, ուր հեգնանքով նշվում է, թե ընտրական հանձնաժողովի նախագահների հայտարարած բարձր մասնակցությունն ապացուցելու ձեւը ամենուրեք նույնն էր. նրանք նշում էին, որ մասնակցությունը հատկապես շատ է եղել այն ժամանակ, երբ դիտորդներն այնտեղ չեն եղել: Զեկույցում բավականին մանրամասն անդրադարձ կա Երեւանի N 06/01 ընտրատեղամասին, որտեղ դիտորդները հնարավորություն են ունեցել ամենայն մասնրամասնությամբ ծանոթանալ ընտրություններ կեղծելու ասպարեզում արձանագրված վերջին նվաճումներին: Զեկույցում համոզմունք է հայտնվում, որ մարդկանց մեծամասնությունը, ովքեր գնացել են ընտրատեղամասեր, եղել են սահմանադրական փոփոխությունների կողմնակից եւ քվեարկությամբ արտահայտել են իրենց ազատ կամքը: «Հարցը հետեւյալն է. քանի՞սն էին նրանք, եւ արդյո՞ք ապահովվել է քվորումը: Նոր Սահմանադրության ընդունումն ընդմիշտ կմնա կասկածելի վստահությամբ արատավորված: Որեւէ բարեփոխում լիովին ժողովրդավարական չէ, եթե այն ձեռք է բերվում ոչ ժողովրդավարական միջոցներով»,- մեր երկրի համար նման տխուր եզրակացություն է արվում զեկույցում, որտեղ նաեւ շեշտվում է, որ մեր երկրում ԵԽ արժեքների նկատմամբ հարգանքի պակաս է զգացվում: Պատվիրակությունը նաեւ ափսոսանք է հայտնում ընդդիմության մոտեցման կապակցությամբ, «որն ընտրական հանձնաժողովներում իր բոյկոտով ավելի խոչընդոտեց քվեարկության ընթացքի թափանցիկությունը»: Ափսոսանք է հայտնվում նաեւ այն կապակցությամբ, որ որեւէ բողոք չի ուղարկվել ԿԸՀ եւ համապատասխան դատարաններ: «Ժողովրդավարությունում անհամաձայնությունները չեն կարող լուծվել լրիվ մերժմամբ կամ «թողտվությամբ», նույնիսկ եթե ժողովրդավարական գործընթացն անկատար ու թերություններով է, բոլոր օրինական միջոցները պետք է իրենց լրիվ ուժով օգտագործվեն»,- հայաստանյան ընդդիմությանն իր զեկույցում հեռակա խորհուրդ է տալիս պարոն Յիրսան: Վերջինս զեկույցում հարկ է համարել շեշտել, որ «անհատական պատասխանատվության փնտրումից զատ», ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական հասարակարգի քաղաքական պատասխանատվության հարց կա: «Որքան սահմանադրական բարեփոխումն է կարեւոր ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման համար, այնքան էլ Հայաստանը հանձնառու է անցկացնել ազատ եւ արդար քվեարկություն, մինչդեռ ԵԽ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանում դեռեւս որեւէ ընտրություն ազատ եւ արդար չի համարվել: Իշխանությունները դեռեւս պետք է ապացուցեն, որ ժողովրդավարության նկատմամբ իրենց հանձնառությունը փոխանցվում է իրենց գործողություններին»,- իր զեկույցն այսպես է եզրափակել Թոմաս Յիրսան: