Ո՞վ է պայթեցրել գազամուղը

24/01/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ռուսները մեղադրում են վրացիներին, վրացիները` ռուսներին։ Մեզ ոչ ոք առայժմ չի մեղադրում, թեեւ մենք էլ պաշտոնապես ոչ մեկին չենք մեղադրում կամ կարծիք հայտնում։ Իսկ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին առիթը բաց չթողեց եւս մեկ անգամ հաստատելու էքսցենտրիկ ղեկավարի իր իմիջը եւ բացեիբաց մեղադրեց ռուսներին։ «Գազատարի պայթեցումը սաբոտաժ է, իսկ Ռուսաստանը շանտաժիստ է», – հայտարարել է Վրաստանի նախագահը։ Նա պատահական չի համարել, որ երկու գազատարների (հիմնական եւ պահուստային), ինչպես նաեւ` էլեկտրաէներգիայի բարձր լարման գծերի պայթեցումը տեղի ունեցավ հենց այս օրերին, երբ Վրաստանում աննախադեպ ցածր ջերմաստիճան է։ «Նախկինում էլ մեզ սպառնում էին, որ կանջատեն գազը, կամ ակնարկում էին, որ շարքից դուրս կգան էլեկտրաէներգիայի գծերը, եւ չարախնդում, թե մենք ինչպես ենք դիմանալու ձմռան ցուրտ ամիսներին»,- ավելացրել է Սահակաշվիլին։

Այսպիսի տեսակետի միակ հիմնավորումն այն է, թե Ռուսաստանը ցանկանում է ապացուցել, որ տարածաշրջանի երկրները կախված են իրենից։

Ինչպես եւ սպասվում էր, պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Ռուսների պատասխանը նախ հնչեցվեց «Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովի շուրթերով. «Գազպրոմն անում է ամեն ինչ, որպեսզի Վրաստանի եւ Հայաստանի գազամատակարարումը վերսկսվի որքան հնարավոր է շուտ։ Ստեղծված իրավիճակի քաղաքականացումն անթույլատրելի է»։ Շատ ավելի կոշտ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կ. Զատուլինը։ «Սահակաշվիլիի խոսքերին պետք է վերաբերվել որպես անզուսպ ղեկավարի անզուսպ ելույթի, որը չի պատկերացնում, թե ինչ կարող է իրեն թույլ տալ կամ թույլ չտալ նախագահի աթոռը զբաղեցնող գործիչը»,- ասել է Զատուլինը եւ ավելացրել, որ եթե Սահակաշվիլին չապացուցի իր խոսքերը, ուրեմն նա ամենավերջին ստախոսն է։

Հարավային Օսեթիայում ոչ միայն պաշտպանում են ռուսներին, այլեւ ուղղակիորեն մեղադրում են Վրաստանին։ «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազամուղի եւ «Կավկազիոնի» էլեկտրագծի պայթեցումը կարող է ձեռնտու լինել միայն Վրաստանին,- հայտարարել է «Օրենքը վեր է իշխանությունից» շարժման ղեկավար Կոստա Կոշտեն եւ ավելացրել,- Թբիլիսիին պատրվակ էր հարկավոր «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի պահանջները խախտելու եւ գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ գտնելու համար։ Այնպես որ, պայթյունները կազմակերպվել են կամ Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից, կամ նրանց պատվերով»։ Այն, որ վրացիները գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ են փնտրում, գաղտնիք չէ. այդ մասին հայտարարել է Մ. Սահակաշվիլին եւ նշել, որ իրենք այս ուղղությամբ արդեն զգալի քայլեր են արել, որի արդյունքներն արդեն այս տարի շոշափելի կլինեն։ «Մեր բնակչությունը պետք է իմանա՝ Վրաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարել, որպեսզի այսօրինակ շանտաժը չաշխատի»,- հայտարարել է Սահակաշվիլին։ Իսկ ի՞նչ դերում է գտնվում Հայաստանը, որը գլխավոր տուժողն է։ Եթե Վրաստանը ներկայումս գազ է ստանում Ադրբեջանից, ինչի համար Սահակաշվիլին արդեն երախտագիտություն է հայտնել Ի. Ալիեւին, ապա մենք օգտագործում ենք պահուստային գազը։ Պարզապես ակամա հայտնվել ենք երկու կրակի արանքո՞ւմ, թե՞ մեզ էլ են փորձում ինչ-որ բաներ հասկացնել։

Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետ Վիկտոր Յակուբինը գտնում է, որ գազամուղի պայթեցումը կարելի է դիտարկել որպես Հայաստանին ուղղված «մեսիջ» (հաղորդագրություն)։ Նա վստահ է, որ որոշ ուժեր այդ քայլով մեկ նպատակ են հետապնդում՝ Հայաստանին համոզել, որ գազի մատակարարման ռուսական ուղին վստահելի չէ։ Իսկ ովքե՞ր են այդ որոշ ուժերը։ «Ես նկատի ունեմ առաջին հերթին Վրաստանին, որը ձգտում է դիվերսիֆիկացնել իր գազամատակարարման համակարգը եւ միեւնույն ժամանակ ակտիվորեն քարոզում Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման նպատակահարմարությունը»,- գտնում է Յակուբինը։ Փորձագետի կարծիքով, Հայաստանն այժմ գտնվում է երկընտրանքի առջեւ. պայմանավորվել ՌԴ-ի հետ՝ վստահ չլինելով, թե ապագայում կայուն գազամատակարարում կունենա՞ն, թե՞ ոչ, կամ ռիսկի դիմել եւ պարտավորվել իրանական գազը տարանցել Վրաստան։ Վերջին տարբերակն, ըստ Յակուբինի, վտանգավոր է նրանով, որ դրանով Հայաստանը կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, առավել եւս, որ Հայաստանում հստակ վերլուծություններ չեն կատարվել ռուս-իրանական հարաբերությունների եւ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր զարգացումների վերաբերյալ։

Փորձագետի դիրքորոշումը հասկանալի է, թեկուզ միայն այն առումով, որ նա ռուսաստանցի է։

Փորձեցինք ճշտել նաեւ մեր հայրենակիցների կարծիքն այս հարցի առնչությամբ։ Մասնավորապես, տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար պարզ է, թե ով է կազմակերպել գազատարի պայթեցումը։ «Դա կազմակերպել են ռուսները, որպեսզի բոլորին, այդ թվում` եւ Հայաստանին, ցույց տան, որ կախված ենք իրենցից։ Պատահական չէ, որ գազատարներից բացի պայթեցվել է նաեւ բարձր լարման էլեկտրական գիծը։ Այդպիսի բան առանց որեւէ կողմի բարձր հովանավորության ոչ ոք չէր անի»,- գտնում է Էդ. Աղաջանովը։

ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանն, ի տարբերություն Է. Աղաջանովի, չի շտապում կտրուկ հայտարարություններ անել։ «Դժվար է ասել, թե իրականում ո՞ւմ է ձեռնտու գազամուղի պայթեցումը, եւ ո՞վ է դա կազմակերպել»,- նշեց նա։ Մեր այն հարցին, թե որքանով են լուրջ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները, պրն Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Ռուսաստանի Հատուկ ծառայություններն այդքան կոպիտ կգործեին։ Կան նաեւ այլ մեկնաբանություններ, ես առայժմ ոչինչ չեմ բացառում։ Համենայնդեպս, Հայաստանը պետք է ամենաշահագրգիռ կողմը լինի, որպեսզի բացահայտվի, թե այս ամենն իրականում ում ձեռքի գործն էր»։

Փորձեցինք ճշտել նաեւ Ալբերտ Բազեյանի կարծիքն այս հարցի առնչությամբ, սակայն նա մեզ իսկապես զարմացրեց՝ նշելով, որ գազատարի պայթեցման մասին լսում է մեզանից (հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ) եւ ինքն այդ առնչությամբ դեռ ոչինչ չի կարող ասել։

Դատելով տարբեր մարդկանց կարծիքներից՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանում հակված չեն այս հարցում մեղադրել Ռուսաստանին։ Իրոք, այն հարցին, թե ինչո՞վ է Ռուսաստանին ձեռնտու գազամուղի պայթեցումը, «վախեցնելու» տարբերակից բացի, ուրիշ ոչ մի լուրջ պատասխան չի հնչում։

Իսկ առայժմ մենք ստիպված ենք օգտագործել Աբովյանի գազային պահեստարանի մեր պաշարները։ Ըստ ՀՀ Էներգետիկայի նախարարության հաղորդման, Հայաստանի բոլոր ջերմային էլեկտրակայանները սկսել են աշխատել մինիմալ ծավալներով։ Դադարեցվել է էներգամատակարարումը դեպի Վրաստան, իսկ սեփական կարիքները բավարարելու համար մեծացվել են Իրանից Հայաստան մտնող էլեկտրաէներգիայի ծավալները։ Նախարարությունում վստահ են, որ մեր երկրին էներգետիկ ճգնաժամ չի սպառնում։ Պարզապես հարկավոր է խնայողաբար օգտագործել բնական գազը եւ օգտագործել ջերմության աղբյուրների բոլոր հնարավոր այլընտրանքային միջոցները։ Այս առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ «ՀայՌուսգազարդը»։

Կբավարարե՞ն արդյոք պահուստավորված գազի ծավալները։ Ամեն ինչ կախված է նրանից, թե գազամուղը երբ կվերականգնվի։ «Ռեգնում» գործակալության հավաստմամբ, ընթանում են շուրջօրյա աշխատանքներ, եւ համապատասխան մարմինները խոստացել են դրանք ավարտին հասցնել մինչեւ հունվարի 25-ը, այսինքն՝ վաղը։

Շատերին մտածելու տեղիք է տալիս նաեւ այն հանգամանքը, որ այս իրադարձությունները տեղի ունեցան Ռ. Քոչարյանի՝ Մոսկվա կատարած այցի օրերին, որտեղ պետք է քննարկվեր նաեւ գազի գների չարաբաստիկ հարցը։ Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, բանակցությունները շարունակվում են եւ կավարտվեն մինչեւ փետրվարի կեսերը։ Ի դեպ, նախագահի մամուլի խոսնակ Վ. Սողոմոնյանը հերքել է ռուսական «Կոմերսանտում» հայտնված այն լուրերը, որ «Ռ. Քոչարյանն ընդունել է վերջնագիրը եւ համաձայնել ռուսներին հանձնել Իրան-Հայաստան գազամուղի 45%-ը»։

Այնպես որ, գազի գների հարցում դեռ նորություն չկա։ Նշենք նաեւ, որ պրն Աղաջանովի կարծիքով, ռուսները Հայաստանի համար կարող են սահմանել 1 խմ-ի դիմաց 70-80 ԱՄՆ դոլար գին։ «110 դոլար գինը շուկայական ոչ մի հիմնավորում չունի։ 70 դոլար գնի դեպքում «Գազպրոմը» կստանա տարեկան 16 մլն դոլարի շահույթ, 80-ի դեպքում՝ 36 մլն»,- համոզված է տնտեսագետը։ Թե դրան ինչպես կվերաբերվեն վրացիները՝ անհայտ է։ Համենայնդեպս, եթե սահմանվի այդպիսի գին, եւ նորից խնդիրներ ունենանք գազամուղի հետ կապված, արդեն միանշանակ պարզ կլինի, թե ում դեմ են ուղղվելու քննադատության սլաքները։ Ի դեպ, պրն Աղաջանովի խոսքերը շատ նման են Տ. Ուրիխանյանի նշած թվին։ Վերջինս հայտարարել էր, որ Հայաստանի համար սահմանվելու է 85 ԱՄՆ դոլար գին, եւ խոստացել, որ իր աղբյուրի մասին կնշի հունվարի 25-ին։ Այնպես որ, վաղը սպասելու ենք ոչ միայն գազամուղի վերականգնման մասին լուրերին, այլ նաեւ Տ. Ուրիխանյանի պարզաբանումներին։