Խաղաղարար ուժերի տեղակայման հարցը Ղարաբաղում սկսել են ավելի հաճախակի քննարկել ու շոշափել: Բնականաբար, գոյություն ունեն տարբեր կարծիքներ: Օրերս Արցախի Հանրային հեռուստատեսության տված հարցազրույցում ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչները հարցի վերաբերյալ միանշանակ բացասական են արձագանքել:
Ժողովրդավարություն խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանի կարծիքով, ժողովրդի անվտանգության եւ Ղարաբաղի տարածքային ամբողջականության ամենալավ երաշխիքը Ղարաբաղի բանակն է: Նրա խոսքերով, միջազգային խաղաղարարների ներկայությունը կողմերից մեկին կարող է դավագրգռել ոչ ցանկալի գործողությունների: Առավել եւս, խաղաղարարների տեղակայումը չի կարող դրական ազդեցություն ունենալ` Ղարաբաղի հարեւան պետության` Իրանի հանդեպ միջազգային ակտիվ հետաքրքրության պայմաններում: Ուժերի հավասարակշռության խախտումը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների, ասել է Վ.Աթանեսյանը:
«ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանն ընդգծել Է, որ խաղաղարարների տեղակայումը կարող է պայմանավորված լինել երկու գործոնով. կամ տարածաշրջանում ընթանում են ռազմական գործողությունները, որոնք անհրաժեշտ է դադարեցնել, կամ էլ` կնքված է ինչ-որ պայմանագիր, եւ պայմանագրի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ են զորքեր: Նրա խոսքերով, մեր պարագայում այս երկու հանգամանքները բացակայում են: Հարց է ծագում` ինչի՞ համար են տեղակայում զորքերը: Արմեն Սարգսյանն ընդգծեց նաեւ զորքերի տեղակայման տեղի կարեւորությունը` ներկայիս շփման գծո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ:
Խորհրդարանի թվով երկրորդ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը գտնում է, որ խաղաղարարների տեղակայումը պայմանավորված է նավթային գործոնով: Աշխարհի գերտերություններին անհրաժեշտ է ապահովել նավթամուղների անխափան աշխատանքը, եւ դրա համար նրանց անհրաժեշտ է տարածաշրջանի կայունությունը: Սակայն Ղարաբաղը չպետք է թույլ տա, որ դա տեղի ունենա նրա կենսական շահերի հաշվին, նշել է Ա. Թովմասյանը:
Կենսական շահերի թվում, բոլոր խմբակցությունների կարծիքով, Հարթավայրային Արցախի պահպանումն է ԼՂՀ կազմում: «Այդ տարածքների վերադարձը պատերազմ է նշանակում,- նշել է ՀՅԴ ներկայացուցիչը: -Միայն նրանց պահպանումն ու Սահմանադրության մեջ ամրագրումը կարող են պահպանել խաղաղությունը: Եվ զարմանալի է այն, որ միայն Հայաստանն է խոսում նման փոխզիջումների մասին»: Վահրամ Աթանեսյանի կարծիքով, այդ տարածքների վերադարձը անտրամաբանական է եւ մարդկային, եւ քաղաքական տեսանկյունից:
Ղարաբաղի խորհրդարանի խմբակցության ներկայացուցիչներն արտահայտեցին միանշանակ դիրքորոշում` փոխզիջումը տարածքների վերադարձը եւ խաղաղարարների տեղակայումը չէ: Փոխզիջումը չպետք է լինի ժողովրդի անվտանգության հաշվին:
Ինչպես նշել է «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարը, պատրաստվում են Ազգային ժողովում նախաձեռնել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներ եւ արտահայտել բոլոր հարցերի վերաբերյալ տեսակետներ: