Անգամ ամենամոլի ռուսամետ քաղաքական գործիչներից շատերն այս օրերին առիթը բաց չեն թողնում լրատվամիջոցներով խստագույնս քննադատելու Ռուսաստանյան իշխանություններին: Փաստորեն, ՌԴ-ն իր ռազմավարական գործընկերոջը (իսկ իրականում` իր ֆորպոստին) գազ մատակարարում է այն գնով, ինչ Վրաստանին, ում հետ հարաբերությունները կարելի է մեղմ ասած ոչ բարիդրացիական բնութագրել: Իսկ նախօրեին Հյուսիսային Օսեթիայում Հարավային Կովկասը սնուցող Մոզդոկ-Թբիլիսի գազատարի պայթեցումը, շատերի կարծիքով, ուղղված է Հայաստանի դեմ: Իսկ ինչպե՞ս են երկնագույն վառելիքի շուրջ տեղի ունեցող գործընթացները մեկնաբանում հայ կոմունիստները: Խոստովանենք, որ նրանք հայտնվել են բավական աննախանձելի վիճակում: Ի տարբերություն մյուս կուսակցությունների, նրանք չեն կարող քննադատել ՌԴ-ին, քանի որ օրգանապես կապված են այդ երկրի հետ: Մյուս կողմից, գազի գնի թանկացումն արդարացնելը ճիշտ չի ընկալվի Հայաստանում: Առավել եւս, երբ այսօր կոմունիստները` առանց այն էլ վարկանիշի լուրջ պրոբլեմ ունեն:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի կարող անտարբեր մնալ գազի գնի թանկացման հարցում: «Դատապարտում եմ բոլոր տեսակի գների բարձրացումը, որը խփում է մեր հայ ընտանիքի գրպանին, անկախ նրանից, թե ում կողմից է դա արվում. լինի Ռուսաստանի, թե որեւէ այլ երկրի կողմից»,- ասաց նա: Սակայն Ռ. Թովմասյանը կարծում է, որ տեղի ունեցող գործընթացները չպետք է ստվերեն հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, քանի որ գազի գինը բարձրացնում է ոչ թե ռուս ժողովուրդը, այլ ռուսական իշխանությունները: Ու ՀԿԿ առաջին քարտուղարը կոչ է անում հստակ տարանջատել ռուսաստանյան իշխանություններին ռուս ժողովրդից: «Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Երկուսն էլ նույն թալանչիական ղեկավարումն են իրականացնում,- իր կարծիքն այսպես է ձեւակերպում նա եւ ավելացնում,- որ թերթը բաց ես անում, որ հեռուստաալիքը միացնում ես, հակառուսական էպիլեպսիկ վիճակի հասնող գազի հոտ է գալիս»: Իսկ այդ ամենը, ըստ նրա, կազմակերպված է «արեւմտամետ ուժերի եւ արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի Հայաստանին պոկեն Ռուսաստանից ու տան Արեւմուտքի բերանը»: ՀԿԿ առաջին քարտուղարի համար զարմանալի է, թե ինչո՞ւ այդպիսի հիստերիա չեն բարձրացնում օրինակ` ֆրանսիացիների կամ հույների նկատմամբ, երբ վերջիններս բարձրացնում են ջրի գինն ու հեռախոսավարձերը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՌԴ-ն անհատույց, անժամկետ կարգով մի կողմից ռազմաբազաներ է տեղակայում ՀՀ-ում, իսկ մյուս կողմից էլ բարձրացնում է գազի գինը, ապա Ռ. Թովմասյանը նկատեց. «Մեր անվտանգությունն ապահովելը ամենաբարձր արժեքն է: Չկա ավելի թանկ բան, քան հայ ժողովրդի անվտանգությունն է»: Այսինքն` ՀՀ-ն պարտավոր է գազի դիմաց տալ ինչքան որ ՌԴ-ն պահանջում է, քանի որ այդ երկիրն ապահովում է մեր անվտանգությունը: Մանավանդ, Ռ. Թովմասյանի մատնանշմամբ, այսօր ՀՀ-ն իր բոլոր չորս հարեւանների հետ գտնվում է ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ: Ռուբեն Թովմասյանն Արեւմուտքի կողմից հակառուսական հիստերիայի դրսեւորում է համարում այն լուրերը, թե գազատարը պայթեցվել է ռուսների կողմից ու նախեւառաջ ուղղված է Հայաստանի դեմ: «Դա երբեք Հայաստանի դեմ լինել չի կարող»,- ասաց նա:
Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանն էլ խուսափում է այս առնչությամբ կարծիք հայտնել, քանի որ հարցը դեռ բանակցային պրոցեսում է եւ սակագինը վերջնականապես հաստատված չէ: «Բայց մենք կարող ենք ասել, որ որպես ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակից, պետք է մեզ մատակարարվող գազի գինը տարբերվի հարեւան երկրներ մատակարարվող գազի գնից»,- ընդգծեց պարոն Սաֆարյանը: Մանավանդ, ըստ նրա, թեեւ ռուսական կողմը հայտարարել է, որ գազի գնի բարձրացումը կապ չունի քաղաքականության հետ, սակայն ցանկացած տնտեսական գործառույթ իր ենթատեքստում քաղաքական գործառույթներ ունի: Բայց Սաֆարյանը ճիշտ չի համարում գազի գնի բարձրացման դեպքում ՌԴ-ից ՀՀ-ում տեղակայված ռազմաբազաների դիմաց գումարներ պահանջել կամ վերանայել դրանց ներկայության նպատակահարմարությունը: «Ռազմաբազաները կան ու պետք է լինեն: Դրանք երկու պետությունների միջպետական հարաբերություններում ամրագրված եւ պառլամենտների կողմից հաստատված փաստաթուղթ է: Եվ այն վերանայման ենթակա չէ, քանի որ մեր ազգային անվտանգության կռվաններից է ու չի կարելի գազի գինը կապել բազաների խնդրի հետ»,- ասաց Վ. Սաֆարյանը: Ինչ վերաբերում է գազատարի պայթեցմանը, ապա Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության ղեկավարի խոսքերով. «Այստեղ պետք է հարցնել, թե ո՞ւմ է դա ձեռնտու: Եվ այս հարցադրման ենթատեքստում էլ պետք է գտնել այն կազմակերպություններին, ովքեր շահագրգռված են գազի պայթեցմամբ: Բնականաբար, չեմ կարծում, որ դա կարող է ձեռնտու լինի ՌԴ-ին, քանի որ նրանք գազ վաճառելուց շահույթ են ստանում»: Իսկ թե այդ դեպքում ում է ձեռնտու գազատարի պայթեցումը, Վազգեն Սաֆարյանը դժվարացավ ասել:
Այդ հարցին դժվարանում է պատասխանել նաեւ երդվյալ կոմունիստ Խորեն Թռչունիչը: «Մարդ պետք է մի քիչ տեռորի հետ հարաբերություն ունենա, որ իմանա, թե դա ինչ է: Դա Հայկոմկուսին խորթ երեւույթ է»,- մեր հարցին ի պատասխան` մեկնաբանեց նա: Սակայն երդվյալ կոմունիստը համամիտ չէ այն գնահատականների հետ, որ գազատարի պայթեցումը ռուսների ձեռքի գործն է եւ ուղղված է ՀՀ-ի դեմ: Ավելին, նա համոզված է, որ Ռուսաստանը Հայաստանի համար չի բարձրացնի գազի գինը: «Դա դրսի, Արեւմուտքի խոսակցություններն են: Այդ գազատարից ռուսները գումար էին ստանում, եթե փչացնում են գազատարը, ապա նպատակը ո՞րն է»,- տարակուսեց նա: