Ոչ կառավարական կազմակերպությունների վրա հարձակում է գնում

24/01/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) վիճակը նորմալ էր, դա ընդգծում էին բոլոր միջազգային փորձագետները, որոնք ուշադիր հետեւում են նախկին ԽՍՀՄ տարածքում ժողովրդավարական արժեքների պահպանմանը: Վրաստանում շատ են ոչ կառավարական կազմակերպությունները, միայն խոսքի ազատության հարցերով զբաղվողների թիվը մոտավորապես մեկուկես տասնյակ է: Խոսքը քիչ թե շատ հայտնիների մասին է: Թվում է` երկրի բոլոր լրագրողներն ու ընդհանրապես լրագրողի դիպլոմ ունեցող բոլոր մարդիկ ստեղծել են իրենց կոմիտեները, խորհուրդները, ասոցիացիաները, կոալիցիաները եւն, որոնք զբաղվում են խոսքի ազատության պաշտպանությամբ: Խոսքի ազատության պաշտպանության մասին կետ կա թերեւս յուրաքանչյուր իրեն հարգող ՈԿԿ-ի կանոնադրության մեջ: Մի խոսքով, ՈԿԿ-ները շատ են, դա ուրախացնում էր փորձագետներին ու օտարերկրյա դիտորդներին. ժողովրդավարությունը զարգանում է: Շատ ՈԿԿ-ներ երկրի կյանքում կարեւոր դեր էին խաղում ու հիմա էլ խաղում են: «Վարդերի հեղափոխությունը» եւս տեղի ունեցավ, կարելի է ասել, նրանց ակտիվության ու իշխանության ձգտող հեղափոխականներին նրանց աջակցության շնորհիվ: Եվ այդ հեղափոխականներից շատերը, ինչպես պարզվեց, հենց այդ ՈԿԿ-ներից էին:

Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին, որ արդեն զգում էր, որ իշխանությունը գնում է իր ձեռքից, հենց այդ ՈԿԿ-ները, որոնք առատորեն դրամաշնորհներ էին ստանում, ահավոր նյարդայնացնում էին: Վրացական քաղաքականության պատրիարքը խոսեց Սորոսի հիմնադրամի «անպետքության» մասին, ու բանը հասավ այնտեղ, ուր նա հայտարարեց, թե արեւմտյան դրամաշնորհներ տվողները նախ լավ կլինի, որ խորհրդակցեն վրացական իշխանությունների հետ: «Մենք կօգնենք նրանց գտնելու պետքական, կարեւոր ՈԿԿ-ներ, իսկ նրանք փող են տալիս ում պատահի»,- դժգոհում էր նախագահը: Այն ժամանակ տեղից վեր կացողն իր պարտքը համարեց մեղադրել Շեւարդնաձեին քաղաքացիական հասարակության սկզբունքներում ոչ կոմպետենտության մեջ: Ի վերջո նա հեռացավ քաղաքական թատերաբեմից: Իշխանության եկան, ինչպես արդեն ասացինք, այդ ՈԿԿ-ները ստեղծած մարդիկ: Ու պարզվեց, որ դրանց գործունեությունն այլեւս ձեռնտու չէ նրանց: Գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների բազմաթիվ մեկնաբանություններն առավել ակտիվ ՈԿԿ-ների հասցեին գնալով վերաճում են ուղղակի ճնշման:

Հենց այս տեսանկյունից է վրացական հասարակությունը հակված դիտարկելու ամենաազդեցիկ ՈԿԿ-ներից մեկում` «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ում տեղի ունեցած երկպառակությունը: Պատմությունը սկսվեց նրանից, որ ասոցիացիայի մի շարք անդամներ մեղադրանքներ ներկայացրին ղեկավարության հասցեին: «Մենք համաձայն չենք այն մեթոդների ու ձեւերի հետ, որոնցով «Ասոցիացիայի» ղեկավարությունը դիմակայում է կառավարության` քրեական աշխարհի դեմ պայքարի կուրսին: Սակայն մեր կարծիքը կամ հաշվի չի առնվում, կամ շատ քիչ է հաշվի առնվում: Եթե «Ասոցիացիայի» ղեկավարությունը չփոխի իր կուրսը, մենք կպահանջենք «Ասոցիացիայի» ներկայիս նախագահ Աննա Դոլիձեին հեռացնել այդ պաշտոնից»:

Ինքը` Աննա Դոլիձեն, որ սկանդալային մամուլի ասուլիսի ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում, Վրաստան վերադառնալուց հետո նույնպես մամուլի ասուլիս հրավիրեց` հայտարարելով, որ «պառակտողների» թիկունքում կանգնած են Վրաստանի իշխանությունները, որոնք այդպիսով փորձում են թուլացնել ազդեցիկ ՈԿԿ-ի դիրքերը: Ամեն դեպքում, մի քանի օր անց մի շարք ՈԿԿ-ներ հայտարարեցին «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ին աջակցող կոալիցիա ստեղծելու մասին:

Հակամարտությունների ուսումնասիրման միջազգային կենտրոնի ղեկավար Գեորգի Խուցիշվիլին` կոալիցիայի ստեղծման նախաձեռնողներից մեկը, հայտարարեց, որ չի կասկածում, թե իշխանությունները ճնշում են գործադրում «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի վրա: «Սալոմե Զուրաբիշվիլուն արտգործնախարարի պաշտոնից հեռացնելը, խոսքի ազատության զանգվածային խախտումները, մարդու իրավունքների ոտնահարումները (օրինակ` դատական համակարգի բարեփոխումների գործընթացում) ՈԿԿ-ների վրա գործադրվող ճնշումները նույն շղթայի օղակներն են: Եթե մենք չենք էլ վերադառնում բոլշեւիզմի դարաշրջան, ապա անկասկած հեռանում ենք ժողովրդավարական արժեքներից: Կոալիցիայի ստեղծմամբ մենք փորձելու ենք «ուշքի բերել» իշխանություններին»,- հայտարարեց Խուցիշվիլին:

Իսկ իշխանությունները, ինչպես միշտ, երբ նրանց մեղադրում են ժողովրդավարության սկզբունքները խախտելու մեջ, լռություն են պահպանում: