Բնակարանային խնդիր Ղարաբաղում շատերն ունեն: Դեռեւս խորհրդային տարիներին գոյացած բնակարանային հերթացուցակում գտնվող մարդկանց թվին գումարվեց նաեւ Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների թիվը: Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ դեռեւս գտնվում են այդ ցուցակում: Դրանցից շատերը տարիների ընթացքում, կորցնելով իրենց հավատը խնդրի լուծման հանդեպ, բնակարան ձեռք բերեցին՝ մեկը՝ սեփական միջոցներով, մյուսը՝ Ռուսաստանում կամ արտերկրում բնակվող բարեկամների օգնությամբ եւ այլն: Շատերը մինչ օրս բնակվում են հանրակացարաններում կամ վարձով, ոմանք տեղափոխվել են Շուշի կամ հանրապետության տարբեր բնակավայրեր: Հետպատերազմյան տարիներին Ղարաբաղի իշխանությունները, բացի այն, որ վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում՝ պատերազմից ավերված բնակարանների եւ շինությունների վերանորոգման ուղղությամբ, սկսեցին կառուցել նաեւ նոր շենքեր ու տներ: Իհարկե, այս ամենը չարվեց միայն պետական միջոցներով: Այս գործում մեծ աջակցություն ցուցաբերեցին մեր սփյուռքահայ բարերարները, որոնց աջակցության շնորհիվ կառուցվեցին բազմաթիվ տներ, բնակելի շենք, դպրոցներ եւ այլն: Բարերարներից բավականին մեծ ներդրում ունի Ղարաբաղում արդեն հայտնի բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը, որի հովանավորությամբ Ստեփանակերտում կառուցվեց մեկ բազմաբնակարան շենք, որը տրամադրվեց զոհված ազատամարտիկների, Արցախյան պատերազմի հաշմանդամների եւ զինծառայողների ընտանիքներին: Ի դեպ, օրերս բացվեց նաեւ բարերարի հովանավորությամբ կառուցված Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի շենքը: Պետության եւ հովանավորների միջոցների շնորհիվ ինչ-որ չափով լուծվեց որոշ քաղաքացիներին բնակարանով ապահովելու հարցը: Արդեն մի քանի տարի է` տներ են կառուցվում վերաբնակեցման, իսկ 2006-ին՝ նաեւ փախստականների ծրագրով: Ստեփանակերտում կառուցվել են նաեւ մի քանի շենքեր՝ հիմնականում կենտրոնական մասում, որոնց բնակարանները վաճառվում են, բնակիչներից շատերի կարծիքով, ոչ մատչելի գներով: Ի դեպ, այդ շենքերում կարելի է ձեռք բերել բնակարան՝ նաեւ ապառիկով: Հայտնի է նաեւ այն, որ այստեղ բնակարանային խնդիրներ են ունենում նաեւ երիտասարդները, որոնցից շատերն այդ պատճառով չեն ամուսնանում, կամ ամուսնանալու դեպքում ստիպված են լինում երկար տարիներ ապրել վարձով: Ստեփանակերտի բնակիչ 28-ամյա Արթուր Ավետիսյանն ասում է, որ բնակարան չունենալու պատճառով դեռեւս չի պատրաստվում ամուսնանալ, թեկուզ արդեն երկու տարի հանդիպում է սիրած աղջկա հետ: «Ասում են` այս տարվանից հիփոթեքային վարկ են տրամադրելու, չգիտեմ` կհաջողվի՞ օգտվել դրանից, թե՞ չէ: Եթե ոչ, ապա, կարծում եմ, հետագայում ավելի դժվար կլինի ինձ համար, քանի որ բնակարան ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ, այն դեպքում, երբ օրեցօր գներն աճում են»,- ասում է երիտասարդը: Նշենք, որ այս տարի Ղարաբաղում կտրամադրվի 200 մլն դրամի հիփոթեքային վարկ, որն, անշուշտ, շատ քիչ է հանրապետությունում առկա բնակարանային խնդիրների լուծման համար:
Բնակարանային հարցի լուծման ուղղությամբ 2005-ին աշխատանքներ է իրականացրել նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանը, բայց ոչ թե բնակարան է կառուցել կամ տրամադրել որոշ քաղաքացիների, այլեւ՝ 400-ից ավելի հողահատկացումներից 219-ը տրամադրել է՝ անհատական տների կառուցման համար, այդ թվում` 85 միավոր հատկացվել է արտոնություններ ունեցող անձանց՝ մայրաքաղաքի նոր Արեշ թաղամասում տուն կառուցելու համար։ Այս խմբում ընդգրկվել են նաեւ 1970-ական թվականներից բնակարանային հերթում գտնվող անձինք: Ստեփանակերտի քաղաքապետի հավաստմամբ, առաջին անգամ տներ կառուցելու նպատակով հողամասերն անհատույց հատկացվել են քաղաքացիներին: