«ԵՍ»-ի որոնումն ու բողոքը

24/01/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հենրի Էլիբեկյանը «Գեւորգյան» ցուցասրահում ներկայացնում է իր «Ինքնադիմանկարը իմ ժամանակակիցն է» գեղանկարչական աշխատանքների շարքը: Ինքնադիմանկարներն արտահայտում են նկարչի վերաբերմունքը եւ ժամանակի, եւ սեփական «ես»-ի հանդեպ:

Ներաշխարհում կատարվող փոփոխություններն ու ալեկոծումները հեղինակը հյուսում է համամարդկային խնդիրներին եւ հուշում, որ յուրաքանչյուր իրողության էպիկենտրոնում մարդն է կանգնած: Չի կարելի ոչ անտեսել, ոչ փախչել սեփական «ես»-ից, կարելի է միայն արտաքին, տիեզերական աշխարհի հետ շփման եզրեր գտնել, նույնիսկ` եթե դրա համար պետք է բարձրաձայն աղաղակել եւ կուրծք ծեծել: 70-ամյա Հենրի Էլիբեկյանը շատ ժամանակակից նկարիչ է: Նա տարբեր տարիներին հուզական ակցիաներ, պերֆորմանսներ եւ նախագծեր է իրականացրել: Այժմ էլ նա նոր գաղափարներով լի է։

Հենրի Էլիբեկյանի կրքոտ ու ցասկոտ կերպարվեստը թատրոնի է նման։ Նա սովորել է դերասանական ֆակուլտետում, պատանի տարիներին Թբիլիսիի թատրոնում ելույթներ ունեցել, սակայն կերպարվեստի հանդեպ նրա սերն ավելի ուժեղ է եղել։ Խաղն ու թատրոնը միշտ ուղեկցել են նրան, նա բեմանկարչությամբ է զբաղվել (եւ իր առաջին պերֆորմանսը նվիրել է փայլուն բեմանկարիչ Ժորժ Յակուլովին) եւ Թբիլիսիի թատրոնի բեմում ելույթներ ունեցել։ Հենրի Էլիբեկյանը գրեթե միշտ բեմադրում է իր ցուցահանդեսները եւ կտավները կոնցեպտուալ տեքստերով ամբողջացնում։ Այս վերջին նախագծում փխրուն, մտազբաղ եւ երկընտրանքի առջեւ կանգնած ինքնադիմանկարները հեղինակն ուղեկցել է բարկացած եւ նյարդայնացած ճիչով. «Մարդը թիրախ է մարդու համար»։ Այսինքն, մարդու համար իր նմանը միայն գործիք ու միջոց է, եթե նրա հգում խաղաղություն եւ Աստված չկա։ Առանց Աստծո կյանքը ոչ այլ ինչ է, քան դեկորացիա, իսկ մարդը՝ դերասան կամ մանեկեն։ Եվ չեն փրկի ոչ ուժեղ պետությունը, ոչ էլ ամենաարդար օրենքները։ Մարդը մարդու համար որսորդ է դառնում։ Հենրի Էլիբեկյանի նման ծրագրային մեկնաբանումները շատ էմոցիոնալ են, բխում են նրա բռնկուն եւ արտառոց խառնվածքից։ «Մեզ տարիներ շարունակ բռնել ու բռնաբարել են»,- անվերապահորեն փաստում է նա։ Սակայն նրա ինքնադիմանկարներում, այդ փաստի լոկ արձանագրումից բացի, խորը եւ լուրջ որոնում կա։ Յուրաքանչյուր պորտրետի առջեւ լարված էներգետիկ դաշտ է ստեղծվում։ Հաստատուն կոնցեպցիայից բացի` նրանց մեջ թախիծ, ցնցումներին դիմանալու եւ հասկանալի լինելու ջանքեր կան։ Գիծն ու գույնը մտքեր են, որոնք հեղինակը շատ է ուզում հասցնել մարդկանց։ Նրա պատկերները թարմ ու երիտասարդ են, վերջիվերջո, որոնումները, կասկածներն ու սխալները հատուկ են հենց երիտասարդներին։ Էլիբեկյանի կտավներն անգամ ամենապասիվ դիտորդին տագնապալի վիճակի մեջ են դնում, քանի որ չի կարելի պարզապես նայել եւ հեռանալ, այլ պետք է արձագանքել եւ երեւակայել։ Հենրի Էլիբեկյանի էությունը քաղքենի, կաղապարված մտածողության դեմ է։ Տարիներ առաջ իրականացված նրա ակցիաներից մեկը կոչվել է «Թքոց հասարակական ճաշակին». այդ անվանումը շատ խորհրդանշական է, քանի որ մասսայական ճաշակի քայքայիչ ազդեցությունը նսեմացնում է վառ անհատականություններին, ովքեր կորցնում են զարմանալու ու հիանալու կարողությունը։ Սկսելով ստեղծագործել 60-ական թվականների ազատաշունչ մթնոլորտում, Հենրի Էլիբեկյանն այժմ էլ միաժամանակ եւ մանիֆեստային, եւ ռոմանտիկ ստեղծագործող է, ում համար դիտորդի արձագանքը շատ թանկ է։ «Իմ մասին խոսելով, ես խոսում եմ բոլորի մասին։ Իմ դիմանկարներում ամեն մեկն իրեն է տեսնում»,- ասում է նա։ Յուրաքանչյուր մարդ-էակի «ես»-ն այս կյանքի բեմում ինքնարտահայտվել է ուզում, եւ Հենրի Էլիբեկյանը, ով արդեն մոդեռնիստական արվեստի դասական է համարվում, համոզված է՝ արվեստագետը կարող է արթնացնել մարդկանց ոգիները եւ դեպի աստվածային ակունքները վերադարձնել։ «Մարդկությունը կանգնած է ոչնչացման եզրին։ Իսկ սրա մասին ո՞վ պետք է մտածի եւ այն փորձի կանխել, եթե ոչ ինքը՝ մարդը»,- ասում է արտիստ-ռեժիսոր-նկարիչը։ Հենրի Էլիբեկյանի նախորդ նախագծերից մեկը կոչվել է «Սիրեցեք մարդուն», եւ արվեստաբան Պողոս Հայթայանի մեկնաբանությամբ՝ կոչ է եղել` սիրել «այն մարդուն, որը վերջին հաշվով այս մոլորակի ամենամեծ ֆենոմենն է ու ամենախոցելին»։ Հենրի Էլիբեկյանը ծնվել է Թբիլիսիում, ապրել Ուկրաինայում, Մոսկվայում, հետո Երեւան է վերադարձել։ «Իմ սիրտը միշտ ցավում է Հայրենիքի համար»,- ասում է նա։