Մասնակի ռեւանշ

24/01/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Համագործակցության գավաթի» խաղարկության՝ ադրբեջանական «Նեւթչիի» հետ հանդիպումից խուսափելուց հետո հայաստանցի մարզասերները (եւ ոչ միայն մարզասերները) իրենց մի տեսակ ընկճված էին զգում՝ ասես տանուլ տված լինեին մի կարեւոր ճակատամարտում։ Այս օրերին ֆուտբոլից բացի մերոնց ուշադրության կենտրոնում էր նաեւ շախմատը։

Բոլորը հետեւում են գրոսմայստեր Լեւոն Արոնյանի խաղին, որը ելույթ է ունենում հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող սուպերմրցաշարում։ Մասնակիցների մեջ ընդգրկված է նաեւ ազգությամբ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովը, որի հետ Լեւոնի ճամփան վաղ թե ուշ պիտի խաչվեր։ Եվ շատերը կեսկատակ-կեսլուրջ մտավախություն էին հայտնում՝ կարո՞ղ է Լեւոն Արոնյանն էլ պատասխանատու պահին հիշի իր անվտանգության մասին եւ հրաժարվի հանդիպումից։ Բարեբախտաբար, այդպիսի բան տեղի չունեցավ։ Ավելին, 8-րդ տուրում մեր գրոսմայստերը փայլուն հանդես եկավ եւ սեւ խաղաքարերով գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ՝ յուրատեսակ ռեւանշ վերցնելով մեր ֆուտբոլիստների փոխարեն։

Ասել, թե Արոնյանը հիանալի է հանդես գալիս Վեյկ-ան-Զեեում, չափազանցություն կլինի։ Առաջին տուրում նա պարտություն կրեց հաղթողի գլխավոր հավակնորդ Վ. Անանդից, իսկ 7-րդ տուրում սպիտակներով զիջեց հոլանդացի Լյուկ Վան Վելիին։ Սակայն միայն այս մինի-մրցամարտը բավական է, որպեսզի շնորհակալություն հայտնենք Լեւոն Արոնյանին՝ ադրբեջանցիներին պատասխանելու բան ունենալու համար։ 8-րդ տուրից հետո Լեւոնն իր ակտիվում ունի 4 միավոր եւ բաժանում է 7-9-րդ տեղերը Վելիի եւ Լեկոյի հետ։ Առաջին երկու հորիզոնականները 5.5-ական միավորով զբաղեցնում են Թոփալովն ու Անանդը, իսկ երրորդ տեղում Կարյակինն է՝ 5 միավորով։ Թեեւ առջեւում դեռ խաղեր կան, եւ ամեն ինչ կարող է փոխվել 8-րդ տուրից հետո։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Լեւոն Արոնյանն առաջին անգամ է մասնակցում նման հզոր կազմ ունեցող մրցաշարի։ Պարզապես, նվաճելով աշխարհի գավաթը՝ նա բարձրացրեց նշաձողը, եւ բոլորը նրանից այժմ բարձր արդյունքներ են ակնկալում։ Հուսանք, որ Մամեդյարովի հանդեպ տարած հաղթանակը կոգեւորի մեր գրոսմայստերին եւ հաջորդ պարտիաները Լեւոն Արոնյանն ավելի հաջող կանցկացնի։

Ինչ վերաբերում է ֆուտբոլին… չենք ուզում քննադատել «Փյունիկին», մանավանդ, որ քննադատությունների պակաս չի զգացվել եւ ավելի կամ պակաս ասված երկու բառերն այլեւս ոչինչ չեն փոխի։ Եթե թիմի ղեկավարությունն իմանար, որ իրենց քայլն այսպիսի բուռն արձագանք է գտնելու Հայաստանում, դժվար թե նման որոշում կայացներ։ Դժվար է ասել, թե երկրպագուները, որոնց առատությամբ մեր ֆուտբոլային թիմերն այնքան էլ աչքի չեն ընկնում, սրանից հետո կգնա՞ն «Փյունիկի» խաղերին, անգամ Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում։ Իսկ «Համագործակցության գավաթին» Մոսկվա մեկնելու անհրաժեշտություն, այսպես թե այնպես, այլեւս չի լինի։ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն հավաստիացրել է, որ եթե անգամ «Փյունիկը» նորից նվաճի Հայաստանի առաջնության ոսկե մեդալը, միեւնույն է, «Համագործակցության գավաթում» տեղ չի ունենա։ «Աննորմալ հոգեբանությամբ թիմեր մեզ պետք չեն»,- այսպես է մեկնաբանել իր որոշումը Վ. Մուտկոն՝ «Խորհրդային սպորտ» ամսագրին տրված հարցազրույցում։

Կոպիտ է ասված, սակայն ցավալին այն է, որ ի պատասխան ոչինչ չկա ասելու։ Հետաքրքրասերների համար ավելացնենք, որ «Նեւթչին» նվաճել է «Համագործակցության գավաթը»՝ եզրափակիչում 4-2 հաշվով պարտության մատնելով Լիտվայի փոխչեմպիոն «Կաունասին»։