Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետարանի երկու մուտքերն էլ հսկում էին ոստիկանները եւ անվտանգության աշխատակիցները, ովքեր որեւէ մեկին թույլ չէին տալիս ներս մտնել:
Մինչ ներսում Ռ. Քոչարյանն ու քաղաքապետ Ե. Զախարյանը հողերի աճուրդների կազմակերպման գործընթացի մասին հարցեր էին քննարկում, պատառոտված պայուսակը քարշ տալով քաղաքապետարանի շենքի մուտքերից այս ու այն կողմ էր վազում 76-ամյա Ստեփան Հարությունյանը: Ոստիկաններին նա խնդրում էր թույլ տալ հանդիպել նախագահին կամ քաղաքապետին. «Ի՞նչ կլինի, ցուրտ ա, էլ չեմ դիմանում, ցրտահարվում եմ: Ուզում եմ քաղաքապետի կամ Քոչարյանի ոտքերն ընկնեմ, աղաչեմ, որ ինձ ուղարկեն ծերանոց: Եթե հիմա ինձ չթողնեն ներս մտնեմ, էլ չեմ կարա գամ, չգիտեմ կդիմանա՞մ էս ցրտին, էսօր ուժեղ ձյուն ա գալիս, փողոցներում չեմ դիմանա»,- աղեկտուր խնդրում էր ծերունին: Այս ծերունուն Գյումրիի ծերանոցից հեռացրել են: Աստծո անունը հաճախ տվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղակալն ասել է, թե ծերանոցի շենքը վերանորոգվում է, 160 հոգուց ավելի մարդ չեն կարող պահել: Ստեփան պապը Գյումրիից Երեւան է եկել էլեկտրական գնացքով: 15 օր կայարաններում է քնել՝ գնացքների մեջ, որտեղից էլ ոստիկաններն են քշել:
Կարդացեք՝ «Ուզում եմ Նախագահի ոտքերն ընկնեմ, որ ուղարկեն ծերանոց». ասում է «բոմժ» դարձած Ստեփան պապիկը