«Արդարությունն» անցնում է գրոհի

22/01/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Արդարություն» դաշինքը պատրաստվում է կոալիցիոն կուսակցությունների դեմ հերթական գրոհն իրականացնել: Եվ առաջիկա ԱԺ լիագումար նիստի ժամանակ ընդդիմադիրները նորից պնդելու են 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի ժամանակ տեղ գտած ընտրակեղծիքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը, որի վերաբերյալ երեկ նրանք ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղված նամակ էին պատրաստում:

Նույն առաջարկությամբ ընդդիմությունը հանդես էր եկել դեռ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ: Սակայն նախորդ անգամ ԱԺ քառօրյան քվորումի բացակայության պատճառով տապալվեց ու ընդդիմության բարձրացրած հարցն այդպես էլ չքվեարկվեց: Հիմա ԱԺ-ի առաջ հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրախախտումներն ուսումնասիրելու պահանջ դրել է նաեւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը: Եվ ընդդիմությունը փորձում է օգտվել ստեղծված առիթից: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկող ԵԽ ԽՎ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի նախագծում գրված է. «Պատվիրակությունը պնդում է, որ կեղծիքները պետք է իրավասու մարմինների կողմից քննության ենթարկվեն ամենաանկախ եւ անկողմնակալ եղանակներով, եւ որ խորհրդարանը նույնպես զբաղվի հանրաքվեի ժամանակ տեղ գտած խախտումներով»:

«ԵԽ ԽՎ-ն էլ պնդում է, որ խորհրդարանը պետք է զբաղվի այս հարցով: Իսկ խորհրդարանն այս հարցով զբաղվելու մի ձեւ ունի` պետք է հանձնաժողով ձեւավորի եւ այդ փաստերն ուսումնասիրի»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանը: Նկատենք, որ հանրաքվեից հետո իշխող կոալիցիոն երեք կուսակցություններն էլ (ի դեպ, այդ մասին առաջինն ու ամենաշատը խոսեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը) բարձրաձայնեցին տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ` հայտարարելով, թե ոմանք արջի ծառայություն մատուցեցին: Սակայն այդպես էլ չկարողացան գտնել ոչ արջին, ոչ էլ նրան ծառայություն մատուցողին: Իսկ թե ինչ ընթացք կունենա «Արդարության» այս նախաձեռնությունը, Գրիգոր Հարությունյանը միանշանակ չի կարող պատասխանել: «Նկատի ունենալով, որ նաեւ շատերի մոտ` եւ կոալիցիայում, եւ անկախ պատգամավորների, եւ ընդդիմության մոտ ցանկություն կա, որ այս հարցերը պարզաբանվեն, կարծում եմ, որ կարող է ձեւավորվել այդ հանձնաժողովը»,- սկզբում այսպես լավատեսորեն արտահայտվեց պարոն Հարությունյանը: Բայց երբ պարոն Հարությունյանին ասացինք, որ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները դեմ են այդ հանձնաժողովի ստեղծմանը, նա հայտարարեց. «Պարզ է, իրենք են հեղինակել այդ ընտրակեղծիքները ու հիմա այդպես են ասում: Բա ուրիշ ի՞նչ էին ասելու»: Իսկ կոալիցիայի ներկայացուցիչները մտադիր են մերժել ընդդիմության առաջարկը, քանի որ այլեւս աննպատակահարմար են համարում այդպիսի հանձնաժողով ստեղծելը: ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն ասաց, թե իրենք դեռ չեն քննարկել այդ հարցը: Իսկ երբ քննարկեն, այդ ժամանակ էլ դիրքորոշում կարտահայտեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի խոսքերով էլ՝ «Արդեն նախադեպը եղել է, երբ նախորդ նստաշրջանում փորձ արվեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Եվ մենք այն ժամանակ մեր դիրքորոշումն արտահայտեցինք քվեարկությամբ: Այսօր էլ մեր դիրքորոշումը չի փոխվել եւ այսօր էլ դեմ ենք այդ հանձնաժողովի ստեղծմանը»: Երեկ պրն Կարապետյանին հիշեցրեցինք, որ հանրաքվեից հետո իրենք էլ էին աղաղակում տեղի ունեցած, բայց հանրաքվեի արդյունքների վրա ազդեցություն չունեցած ընտրախախտումների մասին: Եվ հարցրեցինք, թե հիմա ինչո՞ւ չեն ուզում, որ այդ կեղծիքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի ու կատարվածը բացահայտվի: Հրայր Կարապետյանի մեկնաբանմամբ, ԱԺ-ն իրավապահ մարմին չէ, որ պատժի կեղծարարներին: Բացի այդ, ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանն արդեն Գլխավոր դատախազություն է ուղարկել ընտրակեղծիքների վերաբերյալ իր ունեցած փաստերը: «Ես գնահատում եմ, որ ընդդիմությունը փորձում է ակտիվանալ»,- մեզ հետ զրույցում ընդդիմության նախաձեռնության վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ավելացրեց. «ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելն ինքնանպատակ չի կարող լինել: Խնդիրը հետեւյալն է` ընտրական գործընթացներն ուսումնասիրել եւ ստուգել կարող են ընտրական հանձնաժողովները եւ դատարանները»: Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահի` եթե անգամ ստեղծվի այդպիսի հանձնաժողով, ապա նա լիազորություններ չի ունենա քվեաթերթիկներ ստուգելու եւ ուսումնասիրելու, ինչի արդյունքում էլ շուրջ 650 հազար քվեաթերթիկ անվավեր կամ ապօրինի կհամարվի: «Իսկ եթե հարցը տեղափոխվի լիագումար նիստի քննարկմանը, ապա հանձնաժողովի գաղափարն ընդունելի կլինի, եթե ընդդիմությունը հնարավորինս ապացուցելի դարձնի գործընթացը, քանի որ ոչ միայն այս դեպքում, այլ ընդհանրապես, յուրաքանչյուր երեւույթ, որը կապված կլինի խարդախության եւ բացթողումների հետ, մենք ոչ միայն անհրաժեշտ մոտեցում կցուցաբերենք, այլեւ մեր վճռական խոսքը կասենք»,- խոստացավ Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդպիսի պահանջ առաջ է քաշել ԵԽ ԽՎ-ն, ապա պարոն Սահակյանը նկատեց. «Զեկույցում փաստարկված է, որ խախտումներ եղել են, բայց որեւէ ուղղակի մատնանշում, որը կարող էր ազդել հանրաքվեի արդյունքների վրա, չունենք»: Իսկ մեկ այլ ընդդիմադիր` ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցությունն «Արդարություն» դաշինքի առաջարկին կանդրադառնա հարցը կուսակցությունում քննարկելուց հետո: «Բայց կարծում եմ, որ եղած փաստերն էլ բավարար են` կեղծարարներին պատժելու համար»,- ասաց ԱՄԿ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: Նրա կարծիքով` այսօր արդեն պետք է մտածել այն մասին, թե ինչպես անել, որ այլեւս չկրկնվեն նմանատիպ երեւույթներ: «Պետք է աշխատենք ապագայի վրա, քանի որ դա ավելի կարեւոր է»,- գտնում է Ալեքսան Կարապետյանը: Այնպես որ, «Արդարություն» դաշինքը կարծես թե իր նախաձեռնության մեջ մնացել է միայնակ:

Հ.Գ. Ի դեպ, նշենք, որ Արթուր Բաղդասարյանին ուղղված «Արդարություն» խմբակցության գրության տակ չեն ստորագրել դաշինքի անդամներ Շավարշ Քոչարյանը եւ Արամ Զ. Սարգսյանը: Նշենք, որ այն բանից հետո, երբ ԱԺ ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում Շ. Քոչարյանին «Արդարությունը» փոխարինեց Ստեփան Դեմիրճյանով, վերջինս սկսեց չմասնակցել դաշինքի աշխատանքներին: Ինչ վերաբերում է Արամ Զ. Սարգսյանին, ապա նա սկզբունքորեն բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները եւ անգամ ոտք չի դնում ԱԺ: