Կարապետիչը` ռուսական ռազմաբազաների դուրսբերման ջատագով

22/01/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գների բարձրացման հարցը մեր երկրում բազմաթիվ դժգոհությունների պատճառ է հանդիսացել: Գազի գնի հետ կապված հարցերի շուրջ երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին ԱԼՄ հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն ու Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) ղեկավար Հրանտ Խաչատրյանը:

Բանավեճն աչքի ընկավ ՌԴ-ի հասցեին մի քանի կոշտ հայտարարություններով, որոնց հեղինակը մինչ այդ իր ռուսամետությամբ հայտնի Տ. Կարապետիչն էր: Ըստ նրա` ՌԴ քաղաքականությունը «փոխվել է դեպի տնտեսականը»: «ՌԴ քաղաքականությունն այսօր հետեւյալն է` նա ուզում է հավասար պայմաններ ստեղծել ԱՊՀ բոլոր երկրների համար եւ ցանկանում է այդ պետությունները պահել որպես իր դաշնակից: Այսօր ՌԴ-ն մտածում է` ինչպե՞ս անել, որ իր տնտեսական հզորությունը լինի գործոն, եւ իր կշիռը ոչ միայն քաղաքականությամբ, այլեւ տնտեսությամբ հզոր լինի աշխարհում»,- ռուսական քաղաքականության թաքնված նպատակներն է բացահայտում Տ. Կարապետյանն ու հավելում, թե մենք էլ ենք ուզում լինել հզոր: ԱԼՄ հոլդինգի ղեկավարի համոզմամբ` այն, որ ՌԴ-ն այսօր կառավարում է մեր ատոմակայանը, մեզ զրկում է այլընտրանքից, եւ մենք այլընտրանք չենք ունենում «իջեցնել այդ էներգետիկայի սակագներն ինքնարժեքի, որ գազի թանկացումը կոմպենսացնենք էլեկտրաէներգիայով»: «Բացի այդ, իրանական գազատարի հարցում ՌԴ-ի կողմից խոչընդոտներ կան, որ այդ գազատարը դուրս չգա Եվրոպա: Մեզ դրդում են, որ մենք այլընտրանք փնտրենք»,- զայրացած նշեց Տ. Կարապետյանը: Այլընտրանք փնտրելու հարցում Տ. Կարապետյանի հետ համաձայն է Հ. Խաչատրյանը, ով սակայն հավելում է, թե այլընտրանքը պետք է լինի ոչ թե մարտավարական, այլ մենք պետք է ունենանք ազգային ռազմավարական հայեցակարգ: Խնդիրը հետեւյալն է` արդյո՞ք հայկական եւ ռուսական պետություններն ամբողջությամբ ներկայացնում են հայ եւ ռուս ժողովուրդներին: Երեկ նման հարց տվեց ՍԻՄ ղեկավարն ու ինքն էլ պատասխանեց դրան: Ըստ նրա` հայկական պետությունն այսօր չի ներկայացնում հայ ժողովրդին: «Ճկուն քաղաքականություն վարելու համար մեր ղեկավարներն այսօր չեն կարող հենվել իրենց ժողովրդի վրա: Իսկ նրանք իշխանություն պահելու խնդիր ունեն»,- վստահ է Հ. Խաչատրյանը: Վերջինիս համոզմամբ` ՌԴ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությունն իներցիայի արդյունք է: Տ. Կարապետյանն էլ չի համարում, որ այստեղ կա բարոյական ինչ-որ չափանիշ: Ըստ նրա` ՌԴ-ն որոշել է հզորանալ երկու թեւով` տնտեսական եւ քաղաքական: Տ. Կարապետիչի խոսքերով` եթե առաջ Ռուսաստանն իր տնտեսական թեւը զիջում էր հանուն քաղաքականի, այսօր չի ուզում զիջել, եւ մենք էլ պետք է դրան ադեկվատ պատասխանենք: «Լինել այդ քաղաքականության զոհ եւ կոչվել դաշնակից, անընդունելի է: Մենք պետք է այլընտրանք փնտրենք»,- պնդում է ԱԼՄ հոլդինգի ղեկավարը: Վերջինս օրինակ է բերում ուկրաինացիներին, ովքեր տարբեր գործոններ էին առաջ քաշում: «Ասում էին` թուրքմենական գազը էս կանենք, էն կանենք: Մենք էլ պետք է ասենք` եթե դուք գազը մեզ այս գնով չտաք, մենք էլ այս կանենք կամ այն կանենք: Եվ դա պետք է ասի առաջին դեմքը` Ռոբերտ Քոչարյանը»,- ՌԴ-ի հասցեին ուղղված սպառնալիքների ուղղությունն է մատնանշում Տ. Կարապետյանը: Վերջինս երեկ ՌԴ հանդեպ զարմանալի կոշտ վերաբերմունք ուներ եւ նույնիսկ առաջարկեց բարձրացնել ՀՀ-ից ռուսական ռազմաբազաների դուրսբերման հարցը: Տ. Կարապետյանի խոսքերով` այսօր Իրանի հարցն աշխարհի ուշադրության կենտրոնում է, մենք հարեւան պետություն ենք, եւ ուրեմն` արդեն ռազմավարական նշանակություն ունենք, ու հարկավոր է օգտվել դրանից: «Պետք է մեր իշխանությունները ՌԴ-ին ցույց տան իրենց ատամները: Ես չեմ համարում, որ Ռուսաստանը մեր տերն է: Մեր տերը Հիսուսն է, Աստվածն է»,- նշում է ԱԼՄ հոլդինգի ղեկավարը: Վերջինիս կարծիքով` հայ ժողովուրդը դարերով կոմպլեմենտար քաղաքականություն է վարել թուրքերի եւ պարսիկների միջեւ, եւ Հայաստանն այսօր պետք է կոմպլեմենտար քաղաքականություն վարի` չընդգծելով իր ռուսամետությունը կամ արեւմտամետությունը, սակայն այսօր մենք կոմպլեմենտար քաղաքականություն չենք վարում: «Եթե այդպես վարվեինք, ատոմակայանը չէինք տա ռուսներին, «Գույք` պարտքի դիմաց» չէինք անի, դա սխալ էր»,- համոզված է ԱԼՄ հոլդինգի ղեկավարը: Իսկ այն, որ ժողովուրդն առանձնապես չի դժգոհում ասենք «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրից կամ այն բանից, որ մեր էներգետիկ համակարգի առյուծի բաժինը հանձնել ենք ռուսներին, ու շարունակում է ՌԴ-ին լավ վերաբերվել, ըստ Տ. Կարապետյանի, 70 տարվա իներցիան է: «Ընդունելով գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ` չենք կարող ասել, որ Ռուսաստանը մեր տերն է»,- պնդում է նա: Իսկ բարձրացնելով գազի գները ռուսները մեզ դավաճանեցի՞ն, թե՞ մենք սխալ քաղաքականություն վարեցինք, ինչը հանգեցրեց գազի գների բարձրացմանը: Տ. Կարապետյանի համոզմամբ` ո՛չ առաջինը, եւ ո՛չ էլ երկրորդը: Իսկ ինչպե՞ս Է Կարապետիչը մեղմելու գազի գների բարձրացումից ժողովրդի առաջացող դժգոհությունը: «Իսկ ինչո՞ւ պետք է մեղմեմ, հակառակը` կբորբոքեմ»,- ներկաներին դարձյալ զարմացրեց նա, ով եւս մեկ անգամ նշեց, թե ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը չեն պաշտպանում սահմանը: «Չի կարելի մի «պագրանիշնիկի» գլխարկ դնել եւ ասել` սա գործոն է»,- պնդում էր Կարապետիչը: Վերջինիս համոզմամբ` ռուս զինվորների բացակայության պայմաններում Թուրքիան չի հարձակվի Հայաստանի վրա: «Հարձակվող էր, Կիպրոսի վրա էլ կհարձակվեր»,- շեշտում է նա: Իսկ ահա ընդդիմադիր Հ. Խաչատրյանը ՌԴ վերաբերյալ շարունակում էր զգուշավոր հայտարարություններ անել: Նրա համոզմամբ` գազի գինն այն հարցը չէ, որ Հայաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերման հարց բարձրացվի: Պարզվում է` գազի գինը ՍԻՄ ղեկավարին գրեթե չի էլ հետաքրքրում: «Գազի գինն ինձ գրեթե չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս կզարգանան մեր հարաբերությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի եւ այլ երկրների հետ»,- նշեց նա: