Հայ գործարարների թասիբն ավելացրել է բյուջեի մուտքերը

22/01/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Իհարկե, ՀՊԾ աշխատանքի վերաբերյալ կարող են լինել տարբեր գնահատականներ, քննադատություններ, սակայն, մյուս կողմից, Հարկային ծառայությունն այն հատուկենտ ոլորտներից է, որի աշխատանքը կարելի է հստակ գնահատել՝ դրված խնդիրների կատարելիության առումով։ Իսկ Հարկայինի գլխավոր խնդիրը հարկ հավաքելն է, որը նրանք այս տարի գերակատարել են։ Այսպես. ծրագրավորված 173.6 մլրդ դրամ մուտքերի փոխարեն Հարկային մարմինները հավաքագրել են 173.714 մլրդ դրամ։ Ըստ հաշվետվության, 2004թ. համեմատ բյուջե է մուտքագրվել 31.68 միլիարդով ավելի գումար, այսինքն՝ գրանցվել է 22.3 տոկոսային կետի աճ։ ՀՊԾ պետ Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց, որ հարկային եկամուտների աճն ունեցել է համաչափ եւ կայուն բնույթ, որը կարեւոր է բյուջեի կատարողականությունն ապահովելու համար։ Ուշադրության է արժանի նաեւ այն, որ վերջին տարիներին առաջին անգամ եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է շահութահարկը (26,9%), երկրորդ տեղում ԱԱՀ-ն է (26,5%), երրորդը՝ եկամտահարկը (15,3%)։ Հաստատագրված վճարներն ընդհանուր հարկային մուտքերի մեջ կազմել են 7,5%։

Նախորդ տարվա ընթացքում բացահայտվել են մոտ 40 հազար չգրանցված աշխատողներ։ Որպես ստվերի դեմ պայքարի միջոց` ժամանակին որոշում ընդունվեց հաշվիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեղադրման մասին։ Տարվա ընթացքում տեղադրվել է 3000 ՀԴՄ, որն, ըստ պրն Ցոլակյանի, շատ քիչ է։ Ստվերի հետ կապված՝ լուրջ խնդիրներ կան հանքարդյունաբերության եւ շինարարության ոլորտներում։ Առաջինի հետ կապված՝ ՀՊԾ-ն նախատեսում է համագործակցել Բնապահպանության նախարարության հետ։ Պրն Ցոլակյանն ընդգծեց, որ խնդիրներ կան նաեւ տրանսպորտային ոլորտում, մասնավորապես, միջհանրապետական։ «Այստեղ ունենք աճ, սակայն այդ աճը մեզ չի բավարարում, քանի որ գիտենք, որ դրանից դուրս կա ստվեր»,- ասում է ՀՊԾ պետը։

Ծառայության հաշվետվության մեջ որպես թերացում տեղ էր գտել առանձին տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հովանավորչության փաստերի առկայությունը։ Պրն Ցոլակյանն ունի դրա բացատրությունը. «Մոնոէթնիկ հանրապետություն ենք՝ մեր ազգային սովորություններով, ավանդույթներով, ամեն ինչով։ Քանի դեռ Հայաստանում մեկը մեկի քավոր է դառնում, մեկը մեկի սանիկ է լինում, հարաբերությունների մեջ հնարավոր են նաեւ այդ դեպքերը։ Ասել, թե դեպքեր չկան՝ սուտ կլինի»,- ասաց պրն Ցոլակյանը՝ նշելով, որ գրեթե ամեն օր էլ զանգեր են լինում՝ տարբեր խնդրանքներով, միջնորդություններով։ «Այլ բան է, թե այդ միջնորդություններին ինչպես ես պատասխանում»։

Նշվեց, որ հովանավորչության փաստերի հետ կապված 2005թ. կատարվել է 44 ծառայողական քննություն, եւ պատասխանատվության է ենթարկվել մոտ 700 հարկային աշխատող։

Հարց հնչեց նաեւ 300 խոշոր հարկատուների ցուցակի հետ կապված։ Մասնավորապես, կարծիքներ կան, որ որոշ գործարարներ այդ ցուցակում զբաղեցնում են ավելի ցածր դիրք, քան իրականում պետք է զբաղեցնեին։

Պրն Ցոլակյանը չբացառեց, որ շատերն իրականում ավելի փոքր են ցույց տալիս եկամուտները, սակայն անուղղակիորեն խոստովանեց, որ հարկային մարմինները որոշ դեպքերում անզոր են լինում բացահայտել խախտումները։ «Մենք էլ երբեմն կարծիքներ ենք ունենում, որ որոշ գործարարներ հարկ եղածից պակաս մուծումներ են կատարում, սակայն ստուգողները ոչինչ չեն հայտնաբերում։ Այսօր գրագետ գործարարների դար է դառնում, մինչեւ մեր ստուգումները, մի քանի լուրջ աուդիտորական կազմակերպություններ են ստուգումներ անցկացնում խոշոր ընկերություններում։ Մեզ ներկայացնում են բացահայտ ճշգրտված տվյալներ, եւ մենք բավական լուրջ խնդիրներ ունենք ստուգումների որակի հետ կապված»,- խոստովանում է պրն Ցոլակյանը։

ՀՊԾ պետի կարծիքով, 300 խոշոր հարկատուների ցուցակի հրապարակումը եւս մեկ դրական հետեւանք ունեցավ։ Որոշ գործարարներ «թասիբի են ընկել» եւ ցուցակի մեջ մյուսներից առաջ անցնելու համար արդեն 2-րդ հրապարակումից հետո խոշոր վճարումներ են կատարել։

Հարկայինի պետը հավաստիացրեց, որ ապագայում իրենք այլ տիպի ցուցակներ էլ են հրապարակելու։ Մասնավորապես, նախատեսվում է 300 խոշոր հարկատուների ցուցակը հրապարակել Մաքսային պետական ծառայության հետ համատեղ՝ որտեղ հարկային վճարումներից բացի` կհաշվարկվեն նաեւ մաքսային մուծումները։ Այդ դեպքում շատ գործարարներ, որոնք տեղ չեն զբաղեցրել խոշոր հարկատուների ցուցակում, կարող են հայտնվել նրանց շարքերում։