2005թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղանակային վատ պայմանները ցույց տվեցին, որ միայն Երեւանի «Արմենիա» միջազգային օդանավակայանով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտը «կաղում» է: 2005թ. գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն անդրադարձավ այս խնդրին: «Ճիշտ է, Գյումրիի օդանավակայանի պայմանները լավը չէին, սակայն մեզ հաջողվեց այդ օրերին արագ կողմնորոշվել եւ չվերթները տեղափոխել «Շիրակ»,- ասաց վարչության պետը: Նրա խոսքերով, մի քանի օր առաջ ինքը ծրագիր է ներկայացրել ՀՀ նախագահին եւ կառավարությանը, որպեսզի Գյումրիի օդանավակայանում լրացուցիչ ներդրումներ կատարվեն: Այդ ծրագրով մի շարք բարեփոխումներ են նախատեսվում, այդ թվում` VIP ծառայության ստեղծում, շարժասանդուղքների ավելացում, թռիչքուղիների բարելավում եւ այլն: «Մենք ցանկանում ենք «Շիրակ»-ը դարձնել առաջին կարգի այլընտրանքային օդանավակայան, որպեսզի արտասահմանյան օդանավերն այլեւս չխուսափեն օգտվել դրանից, ինչպես շատերն արեցին մառախլապատ օրերին` վայրէջք կատարելով Թբիլիսիում»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Նա անդրադարձավ նաեւ «Արմավիա» ավիաընկերության գործունեությանը: Հիշեցնենք, որ ընկերության նախկին բաժնետեր «Սիբիր» ավիաընկերությունն իր բաժնեմասը վաճառել է հայկական կողմին: «Սակայն այդ համաձայնագիրը ես չեմ ստորագրել, որովհետեւ «Սիբիր»-ը պետք է յուրաքանչյուր տարի 1 մլն դոլար վճարի կառավարությանը, իսկ այս տարի դեռ չի վճարել: Մինչեւ այդ գումարը չփոխանցվի, ես որպես կառավարության ներկայացուցիչ պայմանագիրը չեմ ստորագրի, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան»,- մեկնաբանեց վարչության պետը: «Արմավիան» պետք է ընդլայնի իր թռիչքների աշխարհագրությունը: Ա. Մովսիսյանի խոսքերով` այսօր «Արմավիա»-ին տրված օդուղիներ կան, որ ավիաընկերությունը չի շահագործում: Պայմանագրով ընկերությունը կարող է որոշ ժամանակ դրանք չշահագործել, սակայն չի կարող այդ իրավունքը փոխանցել այլ ընկերության:
Վարչության խնդիրներից Ա. Մովսիսյանը նշեց ուղեբեռների տեղափոխումը եւ ուղեւորների հաշվառման համակարգում սպասարկման ոլորտի բարձրացումը: «Այս խնդիրը մեզ դեռ չի հաջողվել լուծել, երբ օդանավակայաններում հաճախորդներին սպասարկելիս անձնագիրը ոչ թե շպրտեն, այլ բարեհամբույր ձեւով տան հաճախորդին»,- խոստովանեց վարչության պետը:
Կ. Թ.