1 մլրդ 800 մլն դրամ՝ բնակշինարարությանը

22/01/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս հրավիրված ասուլիսում ասել է, որ բավականին աշխատանքներ են իրականացվել զինծառայողների, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ: Զինծառայողների բնակարանաշինությանը հատկացվել է շուրջ 750 մլն դրամ: «110 զինծառայողներ բնակարանամուտ են տոնել, մի մասն էլ նոր բնակարաններ կստանա հունվարի վերջին։ 300 մլն դրամի բնակշինարարական աշխատանքներ են կատարվել զոհված զինծառայողների ընտանիքների համար»,- փաստել է պաշտպանության նախարարը: Խոսելով 2006-ի ծրագրերի մասին` նա հավաստիացրել է, որ կկրկնապատկվեն բնակարանաշինության ծավալները. զինծառայողներին բնակարանով ապահովելու համար հատկացվել է 1 միլիարդ 200 մլն դրամ, իսկ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար տների կառուցմանը նախատեսված է հատկացնել 600 մլն դրամ։