Նրանց «թագավորությունը»
«Դեկտեմբերին մեր ծանոթ բոմժերից երեքը մահացել են` Զավենը, Գելոն ու Մուրադը: Դուրսը քնել, մահացել են»,- ասում է անօթեւան Սերյոժա Վարդազարյանը:
Ամեն օր պառկելուց առաջ եւ արթնանալուց հետո Սերյոժան աղոթում է. «Ասում եմ` Տեր Աստված, դու մեզ պահիր, էսօր տուր մեզ մեր հացը, փրկարարը միայն դու ես: Աղաչում եմ քեզ, որ չմահանանք, ապրենք, որ էս ձմեռն էլ հանենք ու տեսնենք, թե ինչ կգա մեր գլուխը»:
Սերյոժա Վարդազարյանը ռուս Սերգեյի եւ Սուսանի հետ ապրում է Կայարանի մերձակայքում գտնվող մի կիսաքանդ կաթսայատանը:
Ս. Վարդազարյանը միանգամից ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է իր կենսագրությունը: Նա ծնվել է 1948 թ. Շամշադինի շրջանի Արծվաբերդ գյուղում: «Մեկ տարեկան էի, հայրս գնաց բանակ ու վերադարձավ ուրիշ կնոջ հետ: Հետո նա ինձ տարավ Բաքու: Հայրս ծեծում էր ինձ, խորթ մայրս էլ հետս անընդհատ կռվում էր, ես էլ աշխատում էի տուն քիչ գնալ, դասերից փախչում էի ու մի օր էլ հայտնվեցի անչափահասների գաղութում: Հետո, երբ դուրս եկա, հորս մոտ չվերադարձա, փախա, եկա Հայաստան` մորս մոտ: Երկաթգծում էի աշխատում, բանվորություն էի անում, մի որոշ ժամանակ գնացքի ուղեկցորդ էի աշխատում: Գնացի բանակ, այնտեղ վիրավորվել եմ եւ 11 ամիս հետո վերադարձել Երեւան: Կյանքիս մեջ գողություն արած չկամ: Մեր ազգի մեջ էլ գող չի եղել: Մեկը գողություն էր արել, ինձ տարան ծեծեցին ու ստիպեցին, որ իմ վրա վերցնեմ: Ասացին` դու ես գողացել: Նստել եմ տարի ու կես ու դրանից հետո պարբերաբար ինչ-որ պատմությունների մեջ եմ հայտնվում: Մեկին մի բան է լինում, գալիս ինձ են տանում»:
Մեր այցելության ժամանակ անօթեւանների մոտ էր Անահիտ Գասպարյանը: Նա, ինչպես պատմեց Սերյոժան, պարբերաբար այցելում է իրենց ու օգնում:
«Խարբերդից եմ, պատահական եմ ծանոթացել ու միշտ գալիս եմ: Ճաշ եմ եփում մեկ-մեկ, բան-ման եմ բերում, ինչքան հնարավորությունս ներում է»,- ասում է Անահիտը: Անահիտն օգնում է նաեւ ուրիշ անօթեւանների, նա թվարկում էր մեզ արդեն ծանոթ անօթեւանների անունները, որոնց նույնպես այցելում է:
Անահիտին հարցնում ենք` ինչո՞ւ ես օգնում: «Բա ի՞նչ անեմ, որ չօգնեմ: Մեղք են, որ չօգնես, չի լինի: Մեր հայերն են, ի՞նչ անեմ: Որ ձեռք չմեկնես, կլինի՞, վերանա՞ հայ ազգը, ասում են, չէ՞, մի բուռ հայ ենք, բա էդ մի բուռ հային թողնենք վերանա՞ն: Էս մարդկանց պիտի օգնեն, ոչ թե էն ունեւորներին: Էդ հարուստները իրենց ունեցվածքի մի պատառ թող տան, էս մարդկանց համար մի անկյուն սարքեն, որ գնան էնտեղ սթրվեն: Բա մարդուն էս վիճակում կարելի՞ է թողնել: Բա պետությունը ո՞ւր է, էդ որ ասում են` պետություն ենք ստեղծել, ո՞ւր է»,- վրդովված ասում է Անահիտը:
«Էս ձեւի ապրուստը ո՞ւմ է պետք: Գետնին պառկած ենք քնում: Ցելոֆան ենք վառում, կոշիկ, ինչ պատահի` հավաքում-բերում ենք, որ չսառենք: Մոտ յոթ հարյուր հատ մեշոկ ենք հավաքել: Հատը քսանհինգ դրամով հանձնում ենք: Շշեր ենք հավաքում, դրանք էլ հատը տասը դրամ է: Էն էլ էդ մեշոկների մի մասը դրինք վառինք, մրսում էինք, չդիմացանք ու վառեցինք: Էսօր մի քիչ պղինձ ենք հավաքել, հանձնել ենք արդեն ու 600 դրամ ենք ստացել, 700 դրամի էլ շիշ ենք հավաքել: Ու հիմա երեք հոգով պիտի ապրենք»,- Անահիտին ընդհատում է Սերյոժան:
Կաթսայատանն է ապրում նաեւ Սուսանը: Սերյոժան ասում է, որ նրան փողոցում են գտել, բերել են, որ չսառչի: Սուսանն ունի երկու տղա ու մի աղջիկ: Հարազատները չգիտեն, որ նա այստեղ է: Մեր զրույցի ամբողջ ընթացքում նա գլուխը խոնարհած էր, եւ երբ իր մասին խոսք էր գնում, նյարդայնանում էր: Չէր ուզում, որ ընկերներն իր մասին պատմեն: Նա չուզեց նաեւ, որ իրեն լուսանկարենք:
Սուսանը շուկաներից մեկում հավաքարարուհի է աշխատում: «Սուսանը մի քիչ տարօրինակություններ ունի: Ինը տարի ամուսինն անհայտ կորած է, ինքն էլ դրանից հետո մի տեսակ է դարձել,- կնոջ լռությունը փորձեց բացատրել Սերյոժան ու հետո, խորը հառաչելով, ավելացրեց,- մեր թագավորությունը սհենց է … »:
Որտեղի՞ց պետությանը փող
Հրանտի մոտ մեզ տարավ անօթեւաններից մեկը: Երեւանի Արցախի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի նկուղում է նա ապրում: Մթության մեջ, մի անկյունում տախտակներից հարմարեցված «մահճակալին» պառկած` տնքում էր:
«Հիվանդանոց չես պառկի՞»,- տեսնելով նրա վիճակը` միանգամից հարցնում եմ: «Բա փողը ո՞վ պիտի մուծի»,- զարմացած ասում է: «Պետությունը»,- պատասխանում եմ: «Պետությունը որտեղի՞ց պիտի մուծի, որտեղի՞ց պետությանը փող»,- ասում է նա: Սկսեցի բացատրել, որ պետպատվերով անվճար բուժում է նախատեսվում, որ ոչ ոք նրանից փող չի պահանջի: Հրանտն այդպես էլ չհավատաց ու ասաց, որ ավելի լավ է մնա իր «պադվալում»:
Հրանտ Հովսեփյանը Բաքվից ընտանիքով գաղթել է 1988-ին: Ծնողները տեղափոխվել են Ռուսաստանի Մոզդոկ քաղաք: Ինքը` կնոջ եւ աղջկա հետ, Ղափան: Հետո ամուսնալուծվել է. «Յոթ տարի է այսպես թափառում եմ: Մի հատ երեխա ունեմ, տասնյոթ տարեկան է»: Հարազատները գիտեն, որ Հրանտը փողոցում է ապրում:
Որտեղ աշխատանք է գտել, գնացել է այնտեղ` Գորիս, Թալին, Ղարաբաղ: Ի վերջո, հիսնամյա Հրանտ Հովսեփյանը մնացել է փողոցում: Բաքվում չորս սենյականոց բնակարան է ունեցել, ավտոմեքենա: Մասնագիտությամբ ոսկերիչ է ու շինարարության մեջ, իր ասելով, ցանկացած աշխատանք կարողանում է կատարել: Խոսելիս հազիվ էր արտաբերում բառերը:
Հարեւան շենքից մի կին ուտելիք ու մոմ է բերում Հրանտին: «Եթե էդ կինը չլիներ, ես վաղուց մեռած կլինեի»,- ասում է Հրանտը:
«Ինձ մի պահակություն անելու տեղ գտեք, ես գնամ աշխատեմ, այնտեղ էլ մնամ: Մենակ դա եմ խնդրում: Ոտերս սառել են: Մի կերպ քայլում եմ: Հիմա ոչինչ չեմ զգում, երեւի ցրտահարվել են»:
www.hetq.am