Գարնանը կմեկնարկի Առնո Բաբաջանյանի 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: «Առնո Բաբաջանյանի» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ ներկայացրեց միջոցառումների ցուցակը, որում ընդգրկված են Պատանի դաշնակահարների հանրապետական մրցույթը` նաեւ Արցախի պատանի երաժիշտների մասնակցությամբ, Բաբաջանյանի սիմֆոնիկ, կամերային եւ էստրադային ստեղծագործությունների համերգները:
Ա. Բաբաջանյանի մանկության ընկեր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանն առաջարկեց Պատանի երաժիշտների մրցույթն ավանդական դարձնել, քանի որ 3-4 տարին մեկ անցկացվող մրցույթները երիտասարդների համար լավ խթան կարող են լինել: Միջոցառումները կընդգրկեն նաեւ մարզերը: «Հայաստանի եւ Արցախի այն քաղաքներում, որտեղ համապատասխան գործիքներ կան, համերգներ կլինեն»,- ասաց Ռ. Հակոբյանը: Այս տարի լույս կտեսնի «Անտարես» հրատարակչության կողմից տպագրված «Մեր Առնոն» գիրքը եւ Բաբաջանյանի հեղինակային կատարումներն ընդգրկող լազերային ձայներիզը: Առնո Բաբաջանյանի լուսավոր եւ հոգու խորքերը ներթափանցող երաժշտությունը լայնորեն ներկայացված կլինի նաեւ Ռուսաստանում: Նոյեմբերին Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում սիմֆոնիկ համերգ տեղի կունենա, իսկ Կրեմլի համագումարների պալատի դահլիճում` էստրադային համերգ` ռուս եւ արտասահմանյան երգիչների մասնակցությամբ: Երգիչների ցանկը դեռ ճշտված չէ: Ռ. Հակոբյանի հավաստմամբ` ելույթ կունենան Իրինա Ալեգրովան, Միրեյ Մատյոն եւ այլ երգիչներ: Բաբաջանյանի ստեղծագործական երեկոն հետագայում հեռուստատեսային տարբերակով կցուցադրվի «Ռոսիա» ալիքի եթերում: Ռուսաստանում նույնպես ձայներիզներ կպատրաստվեն, նախատեսվում է մեկ ձայներիզում Իոսիֆ Կոբզոնի կատարումներն ընդգրկել, իսկ մյուսում` երիտասարդ երգիչների: Հավանական է, որ մի քանի համերգ կլինի Լոս Անջելեսում եւ Փարիզում, իսկ Մոսկվա եւ Դոնի Ռոստով քաղաքների որոշ փողոցներ կկրեն հայ կոմպոզիտորի անունը:
Հավանական է նաեւ, որ այս տարի կհիմնվի անվանի կոմպոզիտորի տուն-թանգարանը: Ըստ Ռ. Հակոբյանի` նախկին քաղաքապետի հետ պայմանավորվածություն կար, որի համաձայն` հիմնադրամին տարածք էր հատկացվել Փարաջանովի տուն-թանգարանի շրջակայքում: «Սակայն հետագայում պարզվեց, որ այդտեղով դեպի մոտակա ռեստորան տանող ճանապարհ պիտի կառուցվի, եւ պայմանավորվածությունն անտեսվեց»,- ասաց նա: Առնո Բաբաջանյանի տունն իրենից Մաշտոցի պողոտայում գտնվող երկու սենյականոց բնակարան է ներկայացրել, որը կոմպոզիտորի ժառանգները վաճառել են: Իսկ այժմ տուն թանգարան հիմնելու համար եւ տարածք, եւ միջոցներ են հարկավոր: Ըստ Ռ. Հակոբյանի` դա մոտ կես միլիոն դոլար է պահանջում: Երեւանում տուն-թանգարան բացելու գաղափարը պատկանում է «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի գլխավոր գրասենյակին, որը Մոսկվայում է տեղակայված եւ որի նախագահն է կոմպոզիտորի որդի Արա Բաբաջանյանը: Թանգարանում նախատեսվում է փոքր համերգասրահ բացել, նաեւ կոմպոզիտորի անձնական իրերն ու ձեռագիր նոտագրությունները ցուցադրել: Արդեն կա մեկ շատ ուշագրավ նմուշ` դաշնամուր, որի վրա Առնո Բաբաջանյանը մեխով ստորագրություն է արել: Այդ դաշնամուրը պատկանում էր կոմպոզիտորի ընկեր, Ռուսաստանի միլիցիայի գնդապետ Էդուարդ Մագակովին, ով այն հիմնադրամին է կտակել: Միջոցառումները շքեղ եւ գեղեցիկ կազմակերպելու համար հիմնադրամը հովանավորներ է փնտրում: Ըստ Ռ.Հակոբյանի` միայն հայաստանյան միջոցառումները 25-30 մլն դրամ են պահանջում: