«Փյունիկը» կարող է այլեւս չհրավիրվել

22/01/2006

«Փյունիկ» ֆուտբոլային թիմի զարմանալի արարքին արձագանքում են նաեւ մեր ընթերցողները։ Մասնավորապես, Ստյոպա Գրիգորյանցը նամակ-հոդված էր ուղարկել խմբագրություն՝ խնդրելով հրապարակել այն։ Մենք էլ ընդառաջ ենք գնում այդ խնդրանքին։ «Ինչպե՞ս էր ձեզ համար Փյունիկի հայտարարությունը՝ կապված «Համագործակցության Գավաթին» մասնակցությունից հրաժարվելու հետ։ Որոտ խաղաղ երկնքում, չէ՞։ Երկրպագուները մեծ հույսերով սպասում էին, որ «Փյունիկը» նախորդ տարվա ցավալի պարտության համար ռեւանշ կվերցնի։ Բայց… անհրաժեշտ պահին նրանք հիշեցին իրենց անվտանգության մասին։ Իսկ եթե «Փյունիկը» ընդգրկվեր «Նեւթչիի» հետ նույն խմբում եւ խաղար առաջին խաղը նրա հետ, ապա պետք է հենց սկզբից փախչեր Երեւա՞ն։ Սրա մասին չէի՞ն մտածել։ Եվ հետո պետք է լսեիք ադրբեջանական թիմի փոխնախագահի խոսքերը. «Նրանք մեզ գիտեին։ Գիտեին, որ նորից պարտվելու են եւ չհամարձակվեցին խաղալ…»։ «Փյունիկի» հիմնական պատճառաբանությունն այն էր, որ նա կազմակերպիչներից պահանջել է անվտանգության գրավոր հավաստագիր, որն իբր չի ստացել եւ վերադարձել է։ Բայց ասեմ, որ Ռուսաստանի Ֆուտբոլային միության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ նա տրամադրել է լրացուցիչ գրավոր հավաստագիր։ Եվ ինչ՝ արդյունքում՝ փախուստ «մարտի դաշտի՞ց»։ Այստեղ ոչ մեկն ինչ-որ ազգայնական, ռասսայական բան չի քարոզում։ Ուղղակի, իմ կարծիքով, ավելի լավ կլիներ, որ «Փյունիկը» ելներ դաշտ եւ խաղով պարտվեր, այլ ոչ թե այսպես՝ բարոյապես։ Այսպե՞ս են զարգացնում մեր ֆուտբոլը։ Սա՞ է մեր անփոփոխ չեմպիոնը եւ նրա վարկը։ Մինչեւ ե՞րբ է շարունակվելու մեր հավաքական եւ ակումբային թիմերի նման բարոյա-հոգեբանական անկումային վիճակը, պարտվողի հոգեբանությունը…»:

«168 Ժամ»-ի ընթերցողն ուղարկել է նաեւ ՌԴ Ֆուտբոլային միության պաշտոնական հայտարարությունը, որում ասվում է. «Իմանալով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում առկա բարդ եւ չլուծված խնդիրների մասին՝ ՌԴ Ֆուտբոլային միությունը եւ ՖԻՖԱ-ի հովանու տակ անցկացվող «Համագործակցության գավաթի» կազմկոմիտեն հայկական ակումբի ղեկավարությանը ներկայացրել է գրավոր երաշխիքներ՝ երկու թիմերի խաղացողների, պատվիրակության անդամների եւ երկրպագուների անվտանգության առումով»։ Հայտարարությունը եզրափակվում է հետեւյալ պարբերությամբ. «Անկասկած, «Փյունիկի» դեմարշը կասկածի տակ է դրել այդ ակումբի հրավիրման նպատակահարմարությունը «Համագործակցության գավաթի» հետագա խաղարկություններին»։

Բ.Թ.