«Փյունիկը» կիսաեզրափակիչում է

22/01/2006

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Փյունիկը» երեկ հաճելիորեն զարմացրեց մեր ֆուտբոլասերներին՝ «Համագործակցության գավաթի» քառորդ եզրափակիչում 3-1 հաշվով պարտության մատնելով Դոնեցկի «Շախտյորին»։ Հետաքրքիրն այն է, որ «Փյունիկը» միավորներով զբաղեցնում էր վերջին տեղը, սակայն քանի որ ՌԴ պատանեկան հավաքականի հետ անցկացրած հանդիպումների միավորները չէին հաշվարկվում, շրջանցեց Բելառուսի «Շախտյորին» եւ երկրորդ տեղով դուրս եկավ հաջորդ փուլ։ Ըստ նախնական ժամանակացույցի, մեր թիմը պետք է ուժերը չափեր C խմբում առաջին տեղը գրաված մոլդավական «Շերիֆի» հետ, սակայն մեզ անհայտ պատճառներով զույգերը փոխվել են։ «Շերիֆի» հետ մրցել է «Կաունասը» եւ 11-մետրանոց հարվածաշարում պարտություն է կրել։ Նշենք, այս տարի եւս խաչվեցին «Փյունիկի» եւ ադրբեջանական «Նեւթչիի» ճանապարհները։ Ադրբեջանական թիմը քառորդ եզրափակիչում ոչ-ոքի է խաղացել ուզբեկական «Պախտակորի» հետ եւ 11-մետրանոցների ժամանակ ավելի հաջողակ է գտնվել։ «Փյունիկ»-«Նեւթչի» հանդիպումը տեղի է ունենալու վաղը։