Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու անվտանգությունն ապահովողները Սուրբ Ծննդյան գիշերը Ճրագալույցի պատարագ մատուցելու համար Թբիլիսիի Սուրբ Երրորդության Մայր տաճար ժամանած Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին եւ Վրաց Ուղղափառ եկեղեցու մի շարք բարձրաստիճան սպասավորների հազարավոր հավատացյալների աչքի առաջ խուզարկել են: Այս մասին տեղեկացնող «Ջորջիան թայմս» թերթը գրում է, որ մետաղորսիչ սարքով ստուգել են նաեւ Իլյա Երկրորդի գավազանը: Անվտանգության ծառայության աշխատակիցները փակել էին տաճարի բոլոր դռները` ներս թողնելով միայն նախագահին ու նրան ուղեկցող մարդկանց: Վրդովված հավատացյալները եկեղեցու մոտ կանգնած վանկարկում էին՝ «Անհավատներ, բացե՛ք դռները, թողե՛ք մտնենք տաճար»:
«Պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը պետության եւ եկեղեցու առաջին դեմքերի անձնական զննում, որպես կանոն, չի իրականացնում, դա արվում է այն դեպքում, եթե կա օպերատիվ տեղեկատվություն ահաբեկչության վտանգի հավանականության մասին: Մի՞թե նախագահն այնքան է վախենում հարձակումից, որ պատրաստ է կասկածել նույնիսկ կաթողիկոս-պատրիարքին եւ նրա գավազանում պայթուցիկ որոնել»,- եզրափակել է թերթը: