«2006 թվականը բարենպաստ կլինի Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վերսկսման եւ զարգացման համար: Դա հիմնականում պայմանավորված է հակամարտության կողմերի ներքաղաքական իրադարձություններով: Կարծում եմ, որ որոշակի քայլեր լինելու են, իսկ հարցի լուծման վերջնական արդյունքները ցույց կտա գործընթացը»,- այս մասին հունվարի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը:
Խոսելով վերջին ժամանակներս հաճախակի արծարծվող խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, նախարարը նկատեց. «Կարծում եմ, որ ամենալավ ու ամենամարտունակ, մեծ փորձ ունեցող խաղաղապահ ուժը պաշտպանության բանակն է, որն այս տարիների ընթացքում հակամարտության գոտում` առանց երրորդ ուժի մասնակցության, ուժերի հավասարակշռության շնորհիվ կարողանում է պահպանել այդ խաղաղությունը: Իսկ ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահ ուժերին, մենք չպետք է վախենանք այդ խաղաղապահ ուժերի տեղակայումից, որովհետեւ անվանումը` խաղաղապահ ուժեր, ասում է այն մասին, որ նրանք շարունակելու են խաղաղության պահպանումը առաջնային գծում»: Իսկ ԵԱՀԿ բարձր պլանավորման խմբի՝ Ղարաբաղ այցելության մասին հարցին պատասխանելով` նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ խումբը ուսումնասիրություններ է կատարելու շփման գծի ամբողջ երկայնքով. «Այսինքն, ուսումնասիրելու են շփման առաջին գծում տիրող իրադրությունը: Կարող է ուսումնասիրության կետերից մեկը լինի նաեւ հրամանատարական եւ ղեկավարման կետերի տեղակայումը: Իսկ ուսումնասիրություններից հետո համապատասխան առաջարկություններ ու քննարկումներ կլինեն»:
Վերջերս Ադրբեջանի նախկին արտգործնախարարն իր ելույթներից մեկում Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը որակել է որպես իմիտացիա: Այդ հարցի առնչությամբ Ս. Օհանյանն ասաց. «Չեմ կարծում, որ այսքան տարիների բանակցային գործընթացն իմիտացիա է: Ինչ վերաբերում է Ղարաբաղի` հակամարտության կողմ լինելուն, միշտ էլ արտահայտվել եմ այսպես. եթե մեր հարցն է լուծվում, ապա պետք է մասնակից լինենք այդ հարցի լուծմանը, որովհետեւ, ի վերջո, ոչ մի քայլ չի կատարվելու առանց մեր ժողովրդի անմիջական ցանկության, առանց մեր ժողովրդի կարծիքը իմանալու: Այն, որ այս տարիների ընթացքում բանակցային գործընթացն իր մեջ պարունակել է խաղաղություն` առաջնային գծում դա ինքնին ասում է, որ իմիտացիա չէ: Այսինքն, տարիների ընթացքում երկուստեք գնացել են նրան, որ խաղաղ պայմաններում հարցը լուծվի»:
Անդրադառնալով հարեւան պետության կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին` Ս. Օհանյանն ասաց, որ Ադրբեջանը միշտ էլ այդպիսի հայտարարություններ արել է, նշելով, որ եթե չկարողանան հասնել հաջողությունների, ապա ձգտելու են ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: «Մենք բանակի հագեցման եւ արդիականացման գործում, կարծում եմ, այսօր չենք զիջում մեր հակառակորդին: Հենց այդ ուժերի հավասարակշռության շնորհիվ է այսօր պահպանվում խաղաղությունը»,- այս կարծիքն արտահայտեց պարոն Օհանյանը:
Խոսելով վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի` Ղարաբաղյան հարցի կարգավորման առաջարկների մասին, նախարարն անդրադարձավ նաեւ տարածքների վերադարձման խնդրին: «Որպես ուժային կառույցի ղեկավար` ասեմ, որ Ադրբեջանի հանրապետության ցանկացած ուժային գործողությունների ժամանակ պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար: Եվ այսօր էլ մեր պետության ռազմական ուժն անում է ամեն ինչ` մեր առաջին գիծն ամրապնդելու եւ զորամիավորումները, միավորումներն ու զորամասերը մարտունակ վիճակում պահելու, ցանկացած ոտնձգության, սադրանքներին դիմակայելու համար: Եվ ոչ միայն դիմակայելու, այլ նաեւ` կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու: Իսկ ոչ մարտական գործողությունների դեպքում, չեմ կարծում, որ մենք կարող ենք գնալ այնպիսի քայլերի, որ մեր ժողովրդի կարծիքին ու անվտանգությանը դեմ լինի»: Առաջարկվող տարբերակների` փախստականների վերադարձի ու Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման մասին ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարն ասաց. «Փախստականների վերադարձի մասին խոսք անգամ չպիտի գնա, մինչեւ որ չլուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացմանը, ես անձամբ դրան կողմ եմ, որովհետեւ դա որոշակի քայլ է նաեւ մեր հարցը խաղաղ պայմաններում լուծելու ուղղությամբ»:
Իսկ ի պատասխան այն հարցին, թե ճի՞շտ է, որ նախարարը պատրաստվում է աշխատանքի տեղափոխվել Երեւան, վերջինս ասաց, որ զինվորականը երբեք չի ընտրում իր պաշտոնը, նրան միշտ էլ նշանակում են վերեւից: