– Վերջին շրջանում բավական ակտիվություն է նկատվում ՀՀ ներքաղաքական դաշտում: Ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք հավակնում են մեծ ներկայություն ունենալ ԱԺ-ում` խորհրդարանական ընտրություններից հետո: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գործընթացները:
– Քաղաքական դաշտի այսօրվա ակտիվությունը թվացյալ է. այդ մասին ավելի շատ խոսվում է, քան իրականում կա: Որքան մոտենան ԱԺ ընտրությունները, այդքան ակնհայտ է, որ ավելի կսրվի թե՛ ներքաղաքական պայքարը, թե՛ ներիշխանական պայքարը: Իսկ այդ նոր արհեստականորեն ստեղծված ակնհայտ իշխանական կուսակցությունները ձեւավորվեցին` իշխանություններին ծառայելու համար: Դա խոսում է այն մասին, որ իշխանությունների ներսում կա լուրջ պրոբլեմ, իշխանությունների ներսում վերադասավորումների կարիք է առաջացել: Եվ այս կամ այն թեւին չի բավարարում իշխանություններում գործող կուսակցությունների գործունեությունը: Իշխանություններն ընդհանրական տեսքով, ընդհանրական թիմով անհնար է, որ գնան ընտրությունների: Իսկ այդ վերադասավորումների վերաբերյալ նկատվող անհանգստությունը, ասեմ, որ ավելորդ է: Դրանք արհեստական կուսակցություններ են` ստեղծված իշխանական ռեսուրսների հաշվին: Իսկ արհեստական ոչ մի բան լուրջ հաջողության չի հասնում: Դրա ականատեսը եղանք վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ որոշ օլիգարխներ ինչ-որ կուսակցություններ կամ միավորումներ ստեղծեցին ու ոչ մի հաջողության չհասան: Այն ֆինանսական միջոցներն ու իշխանական ռեսուրսները, որոնք պետք է այսպես թե այնպես ծառայեին իշխանությանը, շատ քիչ կարեւոր եմ համարում, թե հիմա ում կծառայեցվեն: Մեղմ ասած` գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Եվ վերջին շրջանում այս պրոցեսները՝ նոր կուսակցությունների ծնունդը, խոսում է այն մասին, որ այլեւս մեկը մյուսին չի վստահում:
– Այնուամենայնիվ, բավական լուրջ խոսակցություններ կան այն մասին, որ արդեն որոշված է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում որ քաղաքական ուժն է ներկայացված լինելու:
– Այն, որ ԱԺ-ում արդեն տեղերը բաշխված են, կարծում եմ` իշխանությունների երազախաբությունն է: Իշխանությունները պետությունը եւ իշխանությունը հոմանիշ են համարում, եւ այդ խաբկանքը գալիս է այդտեղից: Այս ԱԺ ընտրությունները էապես ու բովանդակությամբ տարբերվելու են նախկինում կայացած բոլոր ընտրություններից, թեկուզ այն պատճառով, որ դրանց անմիջապես հաջորդելու են նախագահական ընտրությունները, ինչի արդյունքում իշխանությունները վերարտադրվելու խնդիր ունեն` նոր նախագահի տեսքով: Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է իշխող վարչակազմի գործունեությունից: Իշխանությունը ռեալ սոցիալական հենք այլեւս չունի: Վերջին շրջանում տեղի չունեցավ մի խնդրի լուծում, որը խոսեր իշխանության օգտին: Թե գազի գնի թանկացումը, թե հեռահաղորդակցման ոլորտում տիրող վիճակը, թե հայ-իրանական գազամուղի տխուր վախճանը խոսում են իշխանությունների անկարողության եւ մեր պետության անվտանգության խոցելիության մասին: Մինչեւ հիմա իշխանություններին հաջողվել է միայն մեկ բան անել` ընդդիմադիր դաշտում լղոզված իրավիճակ պահել: Այս կամ այն քաղաքական գործչին, որին հասարակությունը հավատում էր, ներքին խարդավանքների միջոցով կարողացավ փչացնել: Այսուհետ դա նրանց չի հաջողվի, քանի որ բոլորը տեսան, թե ով ում հետեւում է կանգնած:
– Այսինքն` վերադասավորումներ են սպասվում նաեւ ընդդիմությա՞ն մեջ:
– Ընդդիմադիր դաշտում գործող ուժերը, կարծում եմ, վերադասավորումներից անհանգստանալու կարիք չունեն: Խոսքը ռեալ ընդդիմադիրների մասին է: Ավելին, ասեմ, որ այդ վերադասավորումները նույնիսկ օգտակար են, եւ ի հակադրություն այսօրվա լղոզված վիճակի` կլինի եւ կստեղծվի ռեալ ընդդիմադիր դաշտ: Չեմ բացառում, որ կգտնվեն որոշ ընդդիմադիր գործիչներ, որոնք հրաժարական կներկայացնեն կամ կլքեն ընդդիմադիր դաշտը: Իհարկե, իմ կարծիքով, դա ոչ մի լավ բան չի ասում այդ գործիչների մասին, մանավանդ նրանց, ովքեր այս կուսակցությունից այն կուսակցությունն են տեղափոխվում:
Թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ճշմարտությունը պահանջում է որ ասենք. տեղի չունեցավ քաղաքական մրցակցություն: Իհարկե, հասարակությունը գնաց ընդդիմության հետեւից, բայց գնաց մի պատճառով, որ ուզում էր ազատվել գործող իշխանություններից, այլ ոչ թե այն պատճառով, որ ուզում էր այդ քաղաքական թիմին տեսնել իշխանությունում: Կարծում եմ, այն պարագայում, երբ ընդդիմությունը ձեւակերպի իր խնդիրներն այնպես, որ հասարակության համար տեսանելի լինի այլընտրանքային քաղաքական թիմը, որը կկարողանա երկիրը ճգնաժամից դուրս բերել, այդ դեպքում արդեն ոչ մի օլիգարխի եւ իշխանիկի չի հաջողվի ձեւախեղել քաղաքական դաշտը: Ի նկատի ունեմ, որ բացառապես չեն աշխատի իրենց միջոցներն ու մեթոդները, եւ իրենք կմնան մեկ կամ մի քանի հոգով: Եվ այդ դեպքում արդեն իրենք կորցնելու շատ ավելի բան կունենան:
– Պարոն Քոքոբելյան, իսկ այդ դեպքում ՀՀՇ-ն ինչո՞ւ ինքը չի առաջարկում այլընտրանքային ծրագրեր եւ ինչո՞ւ հանդես չի գալիս որպես հասարակությանն առաջ տանող ուժ:
– Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ՀՀՇ-ն հնարավորություն չի ունեցել մինչեւ հիմա եւ որպես նախկին իշխանություն` հասարակության լայն շրջանակների համար հասկանալի չի եղել: Ես կարծում եմ, որ հիմա սկսվում է մի այնպիսի ժամանակաշրջան, երբ բոլորի համար այլեւս պարզ է, որ ՀՀՇ-ում ընդգրկված են այնպիսի մարդիկ, որոնք գաղափարի իրացման համար են եկել եւ չեն եղել պատեհապաշտներ: Եվ այսօր ՀՀՇ-ում չեն այն մարդիկ, ովքեր ժամանակին վարկաբեկել են ՀՀՇ-ն: Կարծում եմ, որ այսօր դաշտում գործունեության, ինքնադրսեւորման, գաղափարների իրացման լայն հնարավորություն կա: Անշուշտ, իրականացնելու ենք մեր ծրագրերը: Գոնե մի բանում ոչ ոք չի կասկածում, որ ՀՀՇ-ն այն քաղաքական ուժն է, որտեղ հավաքված են մարդիկ, ովքեր անցել են բազում փորձություններով, պատերազմի բովով եւ երբեք չեն խուսափել քաղաքական պատասխանատվությունից: Մենք չենք խորշել ճշմարտությունն ասել: Ժամանակը ցույց տվեց, որ տակտիկական առումով իր գործունեության շրջանակներում ՀՀՇ-ն միշտ ճիշտ է եղել:
– 2007թ. ԱԺ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ: Եվ մասնակցության դեպքում միայնա՞կ եք գնալու, թե՞ որեւէ ուժի հետ դաշինք կկազմեք:
– Ես կարծում եմ, որ վաղ է խոսել մասնակցության ձեւի մասին: Մի բան ակնհայտ է, որ ՀՀ-ում շատ քիչ ուժեր կան, որոնք կարող են ինքնուրույն լուծել այսօրվա քաղաքական խնդիրները, եւ դրանցից մեկն էլ ՀՀՇ-ն է: Բայց չեմ բացառում, որ ՀՀՇ-ն գնա դաշինքի: Երկրի առջեւ ծառացած այն խնդիրները, որ պետք է լուծենք, ոչ միայն ՀՀՇ-ի, այլեւ բոլորի խնդիրն է: Եվ կարծում եմ, որ դաշինքը նախ եւ առաջ պետք է լինի ՀՀ քաղաքացիների հետ: