Թռչնագրիպի վտանգը մեծ է փետրվար-մարտ ամիսներին

22/01/2006

Կոալիցիան Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի ունեցած վերջին` հունվարի 8-ի խորհրդակցության ժամանակ քննարկել է նաեւ թռչնագրիպի թեման, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, այսօր թռչնագրիպի մուտքը Հայաստան շատ ավելի մեծ է, քանի մի քանի ամիս առաջ էր: Այսինքն` մինչեւ Թուրքիա հասնելը: Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել արգելել Թուրքիայից ցանկացած տեսակի սննդամթերքի ներմուծումը Հայաստան: «Հայաստանին թռչնագրիպի վտանգն ավելի շատ սպառնում է փետրվար-մարտ ամիսներին, երբ չուն կսկսվի, եւ թռչունները հարավից կգան դեպի հյուսիս: Գիտեք` Հայաստանը որոշ առումով միջանկյալ կետ է թռչունների համար` հանգստանալու, այնուհետեւ` շարունակելու իրենց ճանապարհը,- ասաց Ա. Մարգարյանը` վստահեցնելով,- խստացված է սահմանների պաշտպանությունը, եւ այն տարածքներում, որտեղ մինչ այսօր թույլատրվում էր բադի որսը, այսօր փակված է, եւ որեւէ մեկին չի թույլատրվում մտնել այդ սահմանը»: Կառավարությունը, ինչպես նշեց Ա. Մարգարյանը, դեռ նոյեմբեր ամսին ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պրոֆիլակտիկ աշխատանքներ է կատարում մաքսային կետերում` արգելելով թռչնամսի, ձվի ներկրումը Հայաստան աշխարհի բոլոր այն երկրներից, որտեղ թռչնագրիպ կար: «Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել շիճուկներ, եւ անընդհատ սրսկում ենք այդ ոլորտի մարդկանց: Այժմ իրավիճակն ավելի է խստացել եւ բոլոր մաքսակետերում թե՛ մաքսայինը, թե՛ սահմանապահ ծառայություններն ուժեղացրել են վերահսկողությունը: Ձեռք ենք բերում նաեւ լրացուցիչ դեղամիջոցներ` Գյուղնախարարության համար ախտահանիչ միջոցներ, իսկ Առողջապահության նախարարության համար` դեղանյութեր»,- ասաց Ա. Մարգարյանը` նշելով, որ կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել 50 մլն դրամ հատկացնել լրացուցիչ ախտահանիչ նյութեր ձեռք բերելու համար, իսկ Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է առայժմ 150-200 մլն դրամի նոր դեղորայք ձեռք բերել: «Մենք ամեն կերպ փորձում են պատրաստ լինել, որ եթե մեզ մոտ նման վտանգ սկսվի, կարողանանք դրա դեմն առնել: Այսինքն` մենք բոլոր կանխարգելիչ միջոցառումները կատարել ենք: Այսօր չունենք նման դեպք, բայց վտանգն այսօր շատ ավելի մեծ է, քան մի քանի ամիս առաջ»,- ասաց վարչապետ Ա. Մարգարյանը:

Լ.Ս.