Տոնածառի հանդես առանց Ղարաբաղի

22/01/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ամանորի գիշերն, անցնող տարվա վերջին րոպեներին նախագահները սովորաբար դիմում են իրենց ժողովուրդներին։ Դա կոչվում է ամանորի շնորհավորական ուղերձ, որով երկրի ղեկավարն ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումներն ու սկսվող տարվա համար հուսադրող խոստումներ տալիս։

2005 թվականի դեկտեմբերի 31-ին Ռոբերտ Քոչարյանի ուղերձը լսելիս, զարմանքով նկատեցի, որ Հայաստանի նախագահը ոչ մի խոսք չասաց ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մասին։ Ամեն ինչի մասին խոսեց, բացի այն խնդրից, որն ըստ էության ամենից կարեւորն ու որոշիչն է մեր երկրի թե քաղաքականության եւ թե տնտեսության համար։ Նախագահն ասաց, թե ձգտում կա, «որ տնտեսական աճը ուղղակի եւ բարերար ազդեցություն ունենա մարդկանց բարեկեցության վրա»։ Հետո ուշադրություն հրավիրեց բյուջեի տնտեսության առաջընթացին զուգահեռ աճող սոցիալական բաղադրիչի վրա։ Խոստացավ հունվարի մեկից բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները եւ ասաց, թե տնտեսության վիճակն այլեւս հնարավորություն է տալիս ընթացիկ հարցեր լուծելուց բացի ունենալ նաեւ միջնաժամկետ ծրագրեր։ «Դա, անշուշտ, նվաճում է»,- շեշտադրեց նախագահը։

Եթե հեռուստադիտողը վերապահություններ չունենար, կարող էր արձանագրել, որ հնչածն անցավ-անդարդ մի երկրի նախագահի ուղերձ է, եւ միակ ցավալի խնդիրն այդ երկրում Երեւանի եւ շրջանների զարգացման տեմպերի անհամաչափությունն է։

Ղարաբաղի խնդրի կամ առհասարակ Ղարաբաղի մասին որեւէ հիշատակության բացակայությունն ինձ ստիպեց աչքի անցկացնել 1998-2005 թվականներին հնչած ամանորի շնորհավորական ուղերձների տեքստերն ու համեմատելով հասկանալ, թե այս տարի ինչո՞ւ չի խոսվել մեր արդեն գրեթե տասնհինգամյա պետության ամենահրատապ խնդրի մասին։

1998-ի դեկտեմբերի 31-ին՝ շնորհավորելով ժողովրդի Նոր տարին, ղարաբաղյան հաղթական խաղաքարտով իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանն, ի թիվս այլ խնդիրների, կիսաբերան հիշատակում է նաեւ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը։ Մեջբերում. « …մեր առջեւ գերխնդիր է դրված. Հայաստանը դարձնել բարգավաճող, տարածաշրջանի ամենակայուն եւ ամենակազմակերպված երկիրը։ Դա պահանջում է նոր մոտեցումներ գրեթե բոլոր բնագավառներում. ներքին ու արտաքին քաղաքականության եւ տնտեսության ասպարեզներում, սոցիալական ոլորտում եւ աղետի գոտու վերականգնման գործում, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում եւ մեր պատմության ու ազգային ներուժի նորովի գնահատման հարցերում, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործում»։ Այսքանը եւ միայն։

1999-ի ուղերձում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նվիրված է երկու տող. «Ակտիվացավ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ սրբագրելով նախորդ շրջանի որոշ կնճիռներ։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում եւս նկատելի է առաջընթաց»։ Մինչդեռ, օրինակ, Հայաստան-Սփյուռք կապերի մասին խոսվում է յոթ տողով։ «Հաջողությամբ անցկացվեցին Առաջին համահայկական խաղերը, որ դարձան սփյուռքահայ նոր սերնդին Հայրենիքի հետ կապելու գեղեցիկ առիթ», եւ այլն։

2000 թվականի ուղերձն ընթերցելիս կասկած անգամ չունեի, որ Հայաստանի ղեկավարն անպայման բավական երկար խոսելու է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ զեկուցելով արվածն ու խոստանալով նոր անելիքներ։ Վստահ էի, որովհետեւ հազարամյակ էր փոխվում, եւ պետք էր անդրադառնալ, որ մենք մեզ հետ հազարամյակից հազարամյակ ենք տանում չլուծված հակամարտություն։ 2000 թվականի ուղերձում ոչ մի խոսք չկար Ղարաբաղի մասին, իսկ նախագահի «Հավատանք, որ անցնող տարին ու դարը իրենց հետ տանում են ամենայն վատը, եւ նորը բերում է բարին» նախադասությունը մեծ շփոթմունքի առիթ տվեց։ Եթե չեն գնահատվում ղարաբաղյան շարժումն ու այդ շարժման ձեռքբերումները, ուրեմն ի՞նչ, դրանք եւս անցնող դարի «ամենայն վատ»-ի մե՞ջ են։ Իսկ «Ավարտվում է 20-րդ դարը, որ մեր ժողովրդի համար եղավ ողբերգական եւ հերոսական։ Եղավ հիասթափությունների եւ վառ հույսերի հարյուրամյակ՝ իր կորուստներով, բայց նաեւ բացառիկ նվաճումներով» նախադասություններով կարելի էր եզրափակել ուղերձի ղարաբաղյան պայքարին նվիրված հատվածը, եւ մարդիկ այդ դեպքում գուցե հնարավորություն ունենային տարբերակելու ողբերգականն ու հերոսականը։

Առանձնապես ոչինչ չասող երկու նախադասություն էլ հանդիպում է 2001 թվականի ուղերձում. «Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ՝ անցնող տարին նշանավորվեց Փարիզյան սկզբունքների մշակմամբ: Այն մենք համարում ենք կարեւորագույն քայլ վերջնական կարգավորման ճանապարհին»։ Առանձնապես ոչինչ չասող, որովհետեւ հեռուստադիտող լսարանի հարյուր տոկոսը չգիտեր, թե Ֆրանսիայի մայրաքաղաքում ինչ սկզբունքներ են մշակվել, եւ նույն հեռուստադիտողի համար առանձնապես պարզ չէր, թե ով է այդ սկզբունքները կարեւորագույն քայլ համարող մենքը։

2002-ի դեկտեմբերի 31-ին շնորհավորելով 2003-ի գալուստը, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող չխոսել ղարաբաղյան խնդրի մասին, որովհետեւ նախագահական ընտրություններից մոտ հիսուն օր առաջ ընտրազանգվածը չէր հասկանա այդ վրիպակը։ Այս դեպքում եւս ծավալը չի գերազանցում երկու նախադասությունը. «Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ջանքերը ուղղված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Այս հարցում մեր տեսակետները միջազգային հանրության կողմից երբեք այնքան լսելի եւ ընկալելի չեն եղել, որքան այսօր»։ Մառախլապատ խոսքեր, որոնք կարծես ասվել են քաղաքական հակառակորդների բերանը փակելու համար եւ ոչ թե խնդրի լուծումը փնտրողի լուրջ մտահոգությամբ։

2003-ը ճամփու դնելիս նորընտիր նախագահը ոչ մի խոսք չի ասում Ղարաբաղի մասին, փոխարենն արձանագրում է, թե մեծ ոգեւորությամբ են անցել Համահայկական խաղերը։

2004-ին՝ խոսելով Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացման մասին, Քոչարյանն առանձնացնում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» առաջին համահայկական փառատոնը, որն անցավ վերելքով» եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ համախմբված աշխարհասփյուռ հայության հավաքած զգալի գումարը, որով հնարավոր է ավարտին հասցնել Ղարաբաղի Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը: Վերջում Հայաստանի ղեկավարը դարձյալ երկու նախադասություն է ասում. «Դա Ղարաբաղի փաստացի անկախությունն ամրապնդող կարեւոր քայլ է: Անկախություն, որը սակարկման ենթակա չէ»։

1998-ից ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման մասին ամանորի ուղերձներում հնչած կցկտուր մտքերը նախագահ Քոչարյանին հասցրել են անսակարկելիության, եւ պետք է ենթադրել, որ երկրի ղեկավարը յոթ տարում կամ հետեւողականորեն սնվել է առյուծի սրտով կամ էլ նույն հետեւողականությամբ ձախողել Ղարաբաղի ապագան։ Սպասենք 2006-ի ուղերձին։