Յուրաքանչյուր մարդ` անկախ իր ազգությունից, հավատից եւ սեռից, ուզում է երջանիկ լինել: Բնականաբար, նույնն ուզում են հայերը: Եվ ինչպես մնացած ամեն ինչ, այս հարցում եւս հայերը «բոլ-բոլի» կողմնակից են: Այսինքն մենք` հայերս երջանկությունն ուզում ենք միանգամից եւ շատ: Իսկ ի՞նչ է երջանկությունը հայերի համար: Այս հարցին մենք փորձել ենք պատասխանել, օրինակ, «Երջանկության մեխանիկան» ֆիլմով կամ «Երջանկության արցունքները» երգով: Չգիտեմ` որքանո՞վ է ստացվել, սակայն այսօր հայերը երջանկություն ասելիս տարբեր պատկերներ են տեսնում: Մարդ կա իրեն երջանիկ է զգում, երբ սիրահարվում է: Մարդ էլ կա, որ երջանիկ է այն ժամանակ, երբ որեւէ հեռուստատեսությամբ կարողանում է «սապոնվել» նախագահի օգնականի սանիկին: Ընդ որում, որքան բարձր է այդ հեռուստաընկերության վարկանիշը, այնքան լայն են տվյալ անձի երջանկության սահմանները: Կամ, ասենք, մարդ կա, որ հենց իր ինքնաթիռը վայրէջք է կատարում Տիրանայում, նա անչափ երջանիկ է: Բայց մարդ էլ կա, որ այդքանից հետո դեռ ուզում է նախագահ դառնալ (այսպիսի դեպքերում հայերն ասում են` «քչից չկշտացողը, շատից չի կշտանա»): Ըստ ֆիզիկայի օրենքների` «երջանկության մեխանիկան» պետք է բաժանված լինի երեք մասի` «երջանկության ստատիկա», «երջանկության կինեմատիկա» եւ «երջանկության դինամիկա»: Քանի որ մեր բարձրաստիճան այրերը կարող են մտածել, որ կինեմատիկան հայհոյանք է, ես բաց կթողնեմ այս թեման: Ինչ վերաբերում է մնացած երկու բաժիններին, ապա ուզում եմ բացատրել, որ ստատիկան դա կայուն վիճակն է, իսկ դինամիկան` շարժումն է (հատուկ մեր պատգամավորների համար ուզում եմ ասել, որ «դինամիկան» «դինամո» աղջիկների հետ ոչ մի կապ չունի): Ըստ հավաստի տվյալների, վերջին տարիներին մենք կայունության կողմնակից ենք: Դա նշանակում է, որ մեզ լիովին բավարարում է ստատիկ երջանկությունը: Տվյալ դեպքում իրենց երջանիկ են զգում մի քանի հոգի, իսկ ժողովուրդը դառնում է «ստատիստ», այսինքն` ուշադիր հետեւում է, թե ինչ արագությամբ են այդ մի քանի հոգին երջանկանում: Ես հասկանում եմ, որ «Հայոց Համազգային Շարժումից» հետո, յուրաքանչյուր շարժում, այսինքն` դինամիկա, կարող է հանգեցնել այն ամենին, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Բայց ստատիկ վիճակում երկար մնալը, ըստ բժիշկների, բերում է հիպոդինամիայի: Երեւի թե, հաշվի առնելով այս հանգամանքը եւ տարբեր գերտերություններից ստանալով տարբեր իմպուլսներ ( մեխանիկայում կա նաեւ իմպուլս հասկացությունը)` վերջին մեկ ամսվա ընթացքում «կայունության» կողմնակիցները սկսեցին շարժվել: Եվ մեկը մյուսի ետեւից կուսակցություն բացելով, այնպիսի «դվիժենի» են անում, որ Նյուտոնի երեք օրենքները չեն հերիքում: Տեսնելով, որ հայրենի ընդդիմությունն «ազատ անկման արագացումով» վայր է ընկնում, նախկին կայունության նախկին ջատագովները փորձում են լրացնել առաջացած վակուումը: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում սկսել են գործել ոչ թե «երջանկության մեխանիկայի», այլ էլեկտրականության օրենքները: Որովհետեւ տպավորություն է ստեղծվում, կարծես բոլորը «տոկի տված լինեն»: Բայց վերադառնանք մեխանիկային: Բոլորին էլ հասկանալի է, որ հայերի ամենամեծ երջանկությունը իշխանական աթոռներն են: Եվ այդ աթոռների ձգողական ուժը Հայաստանում այնքան մեծ է, որ նախարարները հրաժարական են տալիս միայն «հոսանքին խփելուց հետո» (ուշադրություն դարձրեք, որ միայն հայերը կարող են «հոսանքին խփել»: Մնացած բոլոր դեպքերում «հոսանքն է խփում»):
Այս հոդվածը կարդալուց հետո շատ-շատերը կարող է հիասթափվեն «Օպտիմիստի անկյունից», քանի որ այն շատ խուճուճ ստացվեց: Բայց համարեք, որ սա էլ իմ «հոգու ճիչն է»: Փորձեք այս անգամ Դուք էլ լավատես լինել եւ այս հոդվածի մեջ լավ բաներ եւս տեսնել: Իսկ ես, անկախ ամեն ինչից, եղել եմ եւ կմնամ լավատես: Իսկ դա նշանակում է, որ ֆիզիկայում, այսինքն` բնության մեջ, գոյություն ունի էներգիայի պահպանման օրենք, ըստ որի` երջանկությունն այն է, երբ ծնողների չարչարանքը (էներգիան) վերածվում է հասարակությանն արժանի զավակի, երբ ծնողը ոչ թե ծերանոցում է, այլ իր տանը, երբ երգիչը ոչ միայն ձայնային ալիք է արձակում, այլեւ երգում է, երբ իշխանությունների աշխատանքը (ծախսած էներգիան) զգում են ոչ միայն իրենց առանձնատներում եւ ամառանոցներում: Մի խոսքով, երբ երջանիկ է այս հասարակության յուրաքանչյուր անդամը` նորածնից մինչեւ… Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ «գրին-քարտ» շահելը մեր երկրում այլեւս երջանկություն չի համարվի: