Հայաստանում «հասարակական կարծիք» ասվածը բավականին հետաքրքիր կատեգորիա է։ Ներքաղաքական կյանքում, օրինակ, հասարակական կարծիքը գրեթե ոչ մի դերակատարում չունի։ Որեւէ կուսակցության մասին հասարակական կարծիքը կարող է բացասական լինել, բայց այդ կուսակցությունը, միեւնույն է, կարող է ընտրություններում հսկայական ձայներ հավաքել, եւ հակառակը. ամենաբարձր վարկանիշն ունեցող կուսակցությունը կարող է ջախջախիչ պարտություն կրել։ Հայաստանում բոլորովին այլ մեխանիզմներ են գործում։
Բայց մյուս կողմից էլ` ամբողջ աշխարհում հասարակական կարծիքը համարվում է կարեւորագույն ինստիտուտ, հետեւաբար` Հայաստանի քաղաքական ուժերը չեն կարող բացահայտորեն արհամարհել այդ ինստիտուտը։ Հենց դա է պատճառը, որ հաճախ Հայաստանում ընտրությունների ժամանակ կուսակցությունները (կամ առանձին գործիչներ) քարոզչության վրա հսկայական գումարներ են ծախսում` լավ իմանալով, որ իրենք, միեւնույն է, հաղթելու են ոչ թե քարոզչության, այլ ընտրակեղծիքների շնորհիվ։
Նույնն ըստ էության տեղի է ունենում նաեւ արտաքին քաղաքականության ասպարեզում։ Ասենք, եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են խուսափել արտաքին քաղաքական ինչ-ինչ զարգացումներից, փորձում են խնդիրը ներկայացնել այնպես, իբր իրենք առանձնապես դեմ չեն, բայց ցավոք` երկրի ներսում հասարակական կարծիքն այնպիսին է, որ… Սա, իհարկե, բավականին պարզունակ հնարք է (իրականում արտաքին աշխարհը լավ գիտի, որ Հայաստանում իշխանությունները սովորաբար հասարակական կարծիքի հետ հաշվի չեն նստում), բայց ամեն դեպքում` այս հնարքը երբեմն օգնում է։ Այլ հարց է, որ համապատասխան «հասարակական կարծիքը» պետք է ներկայացնել այնպես, որ հասարակությունն ապուշի տպավորություն չթողնի։
Իսկ հիմա` ավելի կոնկրետ։ Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի սակագների կրկնակի բարձրացումից եւ Պուտին-Քոչարյան բանակցությունների ձախողումից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանին դնելու ոչինչ չունի` «մինչեւ վերջ հավատարիմ դաշնակցի» կարգավիճակից բացի։ Իսկապես, ինչո՞վ կարող է Հայաստանը ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Միայն մի ձեւով. Հայաստանը կարող է կտրուկ փոխել իր արտաքին քաղաքականությունը եւ հրաժարվել Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից։
Եվ ահա հայկական մամուլում սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներ են հայտնվում, որոնց համաձայն, եթե ռուսական գազը թանկանա, հարցվածների 75,7%-ը կփոխի իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Ավելին` հարցվածների 59,4%-ը գտնում է, որ այդ դեպքում Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Այս հարցումների քաղաքական ենթատեքստը հասկանալի է եւ միանգամայն ընդունելի։ Այլ հարց է, որ այստեղ երկու տարօրինակ բան կա։ Առաջին` ստացվում է, որ տասնամյակներ շարունակ թմբկահարվող մեր «ռուսասիրությունն» ընդամենը սպառողական հոգեբանության արդյունք էր։ Այսինքն, ռուսները լավն են, քանի դեռ մեզ էժան գազ են տալիս, հենց որ գազը թանկացրեցին` այլեւս լավը չեն, վաղը էժանացնեն` նորից լավը կդառնան։ Անուղղակիորեն սա նշանակում է, որ մեր ժողովրդի (համենայն դեպս` 75,7%-ի) եւ պետության արտաքին քաղաքական կողմնորոշումները (հետեւաբար` նաեւ ռազմավարական շահերը) ցանկացած պահի կարելի է գնել կանխիկ փողով։ Համաձայնեք` սա մեզ այնքան էլ պատիվ չի բերում։
Երկրորդ` մենք վաղուց արդեն հասկացած պիտի լինեինք, որ եթե որեւէ երկրի հետ հարաբերություններում ինչ-որ հարց ձախողվում է, եւ դրանից տուժում է Հայաստանը, մեղավորը ոչ թե հակառակորդ երկրի, այլ Հայաստանի իշխանություններն են։ Պատկերացրեք, եթե պարտված բռնցքամարտիկի երկրպագուները հայտարարեն, թե փոխում են իրենց վերաբերմունքը… հակառակորդ բռնցքամարտիկի մարզիչների նկատմամբ։ Այնպես որ, շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե ռուսական գազի թանկացումից հետո հարցվածների 75,7%-ը փոխեր վերաբերմունքը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի իշխանությունների նկատմամբ։
Այսպես թե այնպես, վատ գործարք չէ։ Մենք գազի դիմաց ավելի թանկ ենք վճարում, փոխարենը` բուժվում ենք առ այսօր անբուժելի թվացող «ռուսասիրությունից» եւ սկսում ենք աշխարհին նայել բացառապես սեփական շահերի տեսանկյունից։
Կարելի է համարել նույնիսկ, որ «էժան ենք պրծնում»։