Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ անորոշ իրավիճակ է ստեղծվել: Այս պահին հստակ է միայն, որ մինչեւ այս տարվա ապրիլի մեկը գազը չի թանկանա, իսկ թե դրանից հետո որքան կթանկանա, դեռ պարզ չէ: Այդ հարցով դեռեւս ընթացող բանակցությունները թերեւս իրենց տրամաբանական ավարտին կհասնեն Քոչարյան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ:
Գազի գնի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակին նախօրեին հրավիրած ասուլիսում անդրադարձավ ու մի շարք բացահայտումներ արեց Հայաստանի Առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) ղեկավար Տիգրան Ուրիխանյանը: Վերջինիս կանխատեսումներով` ՀՀ-ին ռուսական գազի մատակարարման հետ կապված բանակցությունները կավարտվեն փետրվարի առաջին տասնօրյակում, իսկ ավելի վաղ Քոչարյան-Պուտին հանդիպումը որոշակի պարագաներում կհանգեցնի արդեն իսկ ուրվագծված այդ խնդրի լուծման ավարտին: «Վերջնական արդյունքում Ռուսաստանը Հայաստանի համար գազը կարտահանի մինչեւ 85 դոլարի հասնող գնով` հազար խորանարդ մետի դիմաց, եւ այդ սակագնով հաստատված պայմանագիրը կգործի մինչեւ 2013-14 թվականները»,- պնդում է ՀԱԿ ղեկավարն ու հավելում, թե ամբողջությամբ քաղաքական խնդիրների արտացոլումը հանդիսացող այս հարցի ավարտական բանակցությունների ընթացքին չվնասելու համար այս պահին չի հրապարակում սույն տեղեկությունների աղբյուրը, որը սակայն կհայտարարի այս ամսվա 25-ից հետո: Նրա խոսքերով` դեռ 2005-ի դեկտեմբերին ՀԱԿ-ը հասարակական լայն շերտերին կոչ էր արել ակտիվորեն արձագանքել ռազմավարական «բարեկամ» ՌԴ-ի մատուցած անակնկալին: Նախօրեին էլ Տ. Ուրիխանյանն առաջարկում էր հավաքվել, ասենք, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց եւ ռուսներին ցույց տալ, որ մենք դժգոհ ենք գազի գների բարձրացումից: Ըստ նրա, պարտադիր չէ զայրացած գնալ, կարելի է ծաղիկներով էլ գնալ, բայց նրանք հասկանան, որ գազի գների բարձրացումը մեզ դուր չի գալիս: Ուրիխանյանի փոխանցմամբ` իրենց կողմից մի շարք գրություններ են ուղղվել ռուսական համապատասխան կառույցներին, ինչով էլ սկսվել է դրանց հետ ՀԱԿ-ի համագործակցությունը` վերոնշյալ հարցի շուրջ: Համագործակցության մանրամասներն ու դրանց արդյունքները եւս կհայտարարվեն հունվարի 25-ից հետո: ՀԱԿ վարչությունը զարմանք է հայտնում այս հանրային կարեւորություն ունեցող խնդրի նկատմամբ այլ քաղաքական կառույցների ցուցաբերած անտարբերության վերաբերյալ: «ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելուց վախեցող ուժերը պետք է գիտակցեն, որ գալիք ընտրությունների ժամանակ հասարակությունը հիշելու է, թե ինչպես գրեթե բոլոր քաղաքական ուժերը խուսափեցին պաշտոնական Երեւանին սատարելուց, այն դեպքում, երբ տվյալ պահին հստակ դիրքորոշում կարող էին հայտնել հենց քաղաքական կուսակցությունները` լինելով ավելի անկաշկանդ ու դիվանագիտական հանգույցներից ազատ»,- նշվում է ՀԱԿ վարչության նախօրեին հրապարակված հայտարարության մեջ: Տ. Ուրիխանյանն այն կարծիքին է, որ ՌԴ-ում այսօր կառավարող ռեժիմի գործողությունները պարբերաբար հանգեցնում են մի շարք մտահոգությունների եւ վերապահումների տեղիք են տալիս մեր բարեկամության շուրջ վերլուծություններ անելիս: «Բանակցությունները դեռ ընթանում են, եւ երեկ ասուլիսը նախապատրաստելու ժամանակ մենք որոշել էինք հրապարակել, թե որտեղից է ստացվել այս ինֆորմացիան: Դա գալիս է անմիջապես Մոսկվայից»,- մի գաղտնիք էլ բացահայտեց ՀԱԿ ղեկավարն ու ավելացնում, թե հունվարի 16-ին ՀՀ էներգետիկայի նախարարն իր խոսքում ակնարկ արեց, թե արդեն գրեթե ամեն ինչ որոշված է, եւ գազի գինը կթանկանա եւ թե թանկանալու դեպքում դա որքանով կանդրադառնա էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Հիշեցնենք, որ նախարարն ասել էր, թե առաջիկայում էլեկտրաէներգիան կարող է թանկանալ 3-4 դրամով: «Էլեկտրաէներգիայի գնի` նրա հայտարարած ավելացումը, եթե հաշվեք, թե ինչպես է ստացվում, կստանաք այն գինը, որը մենք այսօր հայտարարում ենք»,- նշեց Տ. Ուրիխանյանը: ՀԱԿ-ում ՌԴ-ին համարելով մեր եւ՛ ռազմավարական բարեկամ, եւ՛ պատմության բազմաթիվ թելերով կապված երկիր, եւ՛ մոտ ու հեռավոր ապագայում էլ համատեղելի ճանապարհներով ընթացող երկիր, այնուամենայնիվ, բացասաբար են նայում գազի գնի հնարավոր թանկացմանը: Բացասաբար են նայում նաեւ այն առումով, որ դա էական անդրադարձ կունենա հասարակության դիրքորոշման վրա: «Գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունները, որոնք ռուսական ազդեցության հետ վերջիվերջո գրեթե կկտրեն իրենց հույսերն` ընտրությունների ընթացքում հաղթանակներ ձեռք բերելու կամ այլ հետաքրքրությունների, շահերի առումով, վերջնականորեն կարտահայտվեն այս հարցի շուրջ, եւ ենթադրում եմ, որ միգուցե համապատասխան լայն արձագանքի դեպքում մենք կարող ենք սրա վրա որոշակի ազդեցություն ունենալ»,- ենթադրում է նա: Իսկ ինչո՞ւ դա չեն անում մյուս քաղաքական կառույցները, Տ. Ուրիխանյանը նորից ու նորից զարմանում է: Իսկ բանակցությունների ընթացքում, թեկուզ առանց աղբյուրը նշելու, տեղեկատվության հրապարակումը չի՞ վնասի բանակցությունների ընթացքին: «Չեմ կարծում, թե վնասում է, որովհետեւ այդ մարդը (էներգետիկայի նախարարը.-Ռ.Թ.) երեկ մեկ այլ ակնարկով փաստեց գրեթե նույնը: Հետո, սրա մեջ կա քաղաքական քայլի պես մի բան: Շրջանառության մեջ դնելով որոշակի ինֆորմացիա, մենք, հասկանում եք, չէ՞, ինչ նպատակի ենք հասնում: Այնպես որ` արդարացված քայլ է»,- վերը նշված հարցի առիթով պատասխանի պես մի բան ասաց ՀԱԿ ղեկավարը, ով նաեւ նշում է, որ մեզ այդ 85 դոլարանոց գազը եւս ձեռնտու չէ: «Մենք մտահոգված ենք, մենք եւս վրդովված ենք: Ասում են` թշնամին տնից չլինի, դրսից չի լինի»,- շարունակում է նա: ՀԱԿ ղեկավարը նախօրեին բազմաթիվ այլ բացահայտումներ էլ արեց: Ըստ նրա, երբ նախագահ Բուշը Կոնդոլիզա Ռայսին ներկայացրեց Կոնգրեսի հաստատմանը պետքարտուղարի պաշտոնում, իրենք ասացին, որ դա նշանակում է` պատերազմ Իրանի դեմ: «Իսկ հիմա այդ նույն Կոնդոլիզա Ռայսի նշանակումն ազդում է Հայաստանին Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գնի թանկացման վրա»,- նման բացահայտում արեց Տ. Ուրիխանյանը: Իսկ թե ինչպե՞ս է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Կոնդոլիզա Ռայսի նշանակումը նպաստել Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թանկացման վրա, Տ. Ուրիխանյանը չմանրամասնեց: