Հունվարի 18-ին հայազգի մեկ ռազմագերի, որն ազատազրկված էր Ադրբեջանում, հայրենադարձվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ: Այս գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհի վրա: Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների առաջարկով ԿԽՄԿ-ն, իրականացնելով իր չեզոք միջնորդի դերը, աջակցել է ազատ արձակված ռազմագերու հայրենադարձմանը: Նախքան գործողությունն իրականացնելը ԿԽՄԿ-ի պատվիրակները հավաստիացել են, որ զինվորականը հոժար կամքով է հայրենիք վերադառնում: Անհրաժեշտության դեպքում ԿԽՄԿ-ն պատրաստ է հետագայում նույնպես աջակցել նման գործողություններին: