Սակագների բարձրացմանն ընդառաջ

22/01/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական բարեփոխումներն ու զարգացումներն ի վերջո հանգեցնում են քաղաքական փոփոխությունների։ Այս հանրահայտ ճշմարտությունը մեր երկրում կարելի է դիտարկել Էներգետիկայի նախարարության օրինակով։ Մոտ 10 տարի առաջ ՀՀ էներգետիկայի նախարարն իր քաղաքական ու հասարակական կշռով ավելին էր, քան նախարարը։ Էներգետիկական ճգնաժամի հաղթահարման հետ միասին նվազեց նախարարի հեղինակությունը։ Իսկ համակարգում իրականացված լայնամասշտաբ սեփականաշնորհումից հետո իշխանական օղակներում սկսեցին քննարկել Էներգետիկայի նախարարության գոյության անհրաժեշտության հարցը։ Այս փոփոխություններին զուգահեռ մի ավանդույթ այնուամենայնիվ պահպանվել է։ Հայաստանում էներգետիկայի նախարարը երբեք պոպուլիստ չի եղել։ 1995-96թթ. նախարար Գագիկ Մարտիրոսյանը բնակչությանը սառնասրտորեն բացատրում էր, որ էլեկտրաէներգիան ապրանք է, եւ պետք է վճարել դրա համար։ Հետագա բոլոր նախարարները նույնքան սառնասրտորեն պնդում էին, որ համակարգը կործանումից փրկելու համար այն պետք է սեփականաշնորհել։ Հասարակությունն արդեն գիտի, որ էներգետիկայի նախարարները երբեք չեն թաքցնում դառը ճշմարտությունը։ Ավելին, ոչ հաճելի լուրեր հայտնելու հարցում նրանք առաջամարտիկներ են։ Այս շաբաթը սկսվեց նման մի լուրով։ Նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ գազի գների թանկացումից հետո կբարձրանա նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը` 3-4 դրամով։ Այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ նախարարությունում եւ էլեկտրահամակարգի օղակներում արդեն գնի բարձրացման հաշվարկներ կան։ Վերջին տարիներին էլեկտրաէներգիայի կայուն սակագինը դրական ազդեցություն ունեցավ երկրի կյանքում։ Խոսքը միայն այն մասին չէ, որ բնակչությունը վարժվեց այս սակագնին։ Արտադրական ձեռնարկություններն իրենց բիզնես-պլանները կազմելիս վստահորեն էին հաշվարկում էներգետիկ ծախսերը։ Բայց անգամ այս պարագայում չի կարելի պնդել, թե էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարները Հայաստանում կայուն են եւ 1998թ. հետո չեն բարձրացել։ Հայաստանի ֆինանսատնտեսական ոլորտի բարձրագույն պաշտոնյաներն անգամ ընդունում են, որ երկրի բնակչության եկամուտները հիմնականում տարադրամով են։ Դրամով վճարվող թե՛ պետական, թե՛ մասնավոր «հայտարարագրվող» աշխատավարձերը, թե՛ թոշակ-նպաստները ապրուստի ու կենցաղային կարիքները հոգալուն չեն բավականացնի։ Հետեւաբար, դրամով արձանագրված 25 թիվն ինքնին որեւէ իմաստ չունի։ Երկուսուկես-երեք տարի առաջ, երբ 1 դոլարը փոխանակվում էր 550-570 դրամով, մեկ կվտ/ժամ հոսանքն արժեր 4,4 սենտ։ Դա բնակչության եւ տնտեսության մուծած ամենացածր սակագինն էր։ Ճիշտ այդ պահին համակարգը սեփականաշնորհվում էր, եւ այսօրվա սեփականատերերն իրենց հետագա բիզնես հաշվարկների մեջ հենց այդ թիվն էլ պիտի ի նկատի ունենային։ Բայց հետո մեր ֆինանսական շուկայում կատարվեց անսպասելին։ «Լողացող կուրս» կոչված ֆինանսավարկային քաղաքականության արդյունքում սպառողները սկսեցին ավելի ու ավելի վճարել 1 կվտ-ի դիմաց։ Օրինակ, ամռանը, երբ 1 դոլարի արժեքը մոտենում էր 400 դրամի արժեքին, 1 կվտ-ն արժեր արդեն 6 սենտ։ Հետագա ամիսներին սակագինը կայունացավ 5,5 սենտի արժեքով։

Դժվար չէ պատկերացնել, որ էներգահամակարգը տնտեսության մի քանի այլ ոլորտների հետ «անակնկալ» գերշահույթ ունեցավ։ ՌԱՕ ԵԷՍ-ի ղեկավար Չուբայսը ելույթներից մեկում իր համակարգի ղեկավար աշխատակիցներին կոչ արեց անգամ ուսումնասիրել հայկական փորձը։ Մոտ երկու տարի էներգահամակարգը հավելյալ շահույթ էր ստանում։ Եվ դա ոչ թե նոր տեխնոլոգիաների ու ֆինանսական ներդրումների արդյունք էր, այլ հայկական դրամի «լողացող կուրսի»: 1 սենտ տատանումը միայն բնակչության 25 դրամ սակագնային մուծման դեպքում էներգահամակարգին լրացուցիչ 2 մլն դոլար է ապահովում։ Փոխարենը` հիմա, երբ խոսվում է գազի գնի բարձրացման հնարավոր հեռանկարի մասին, էներգետիկները հող են նախապատրաստում սակագնի բարձրացման համար։ Էլեկտրաէներգիայի 12-16 տոկոս գնի բարձրացումը նկատելի կլինի եւ՛ բնակչության, եւ՛ հատկապես արտադրական համակարգի համար։ Առայժմ միայն կարելի է ենթադրել, որ սակագինը կբարձրանա գարնանը, երբ բնակչությունը կտրուկ կպակասեցնի էլեկտրաէներգիայի սպառումը։ Եվ դա կլինի գազի գնի աճի առաջին բացասական հետեւանքը։ Առայժմ մասնագիտական հաշվարկներ չկան, թե դա տնտեսական ինչ հետեւանքներ կթողնի։ Ուստի հետաքրքիր է դիտարկել այն երկրների փորձը, որոնք Ռուսաստանից արդեն թանկ գազ են ներմուծում։ Ուկրաինային մատակարարվող գազի գնի մոտ 80 տոկոսանոց աճը հանգեցրեց նրան, որ թե բնակչությունը, թե տնտեսությունն ավելի խնայողաբար են օգտագործում գազը։ Գազի սպառումն այս երկրում նվազել է առնվազն 10 տոկոսով։ Եվ սա` աննախադեպ ցուրտ ձմռան օրերին։ Ուկրաինայում, ինչպես Հայաստանում, ավտոմեքենաները շահագործվում էին գազի սարքավորումներ տեղադրելով։ Ուկրաինայում այն տնտեսապես այլեւս ձեռնտու չէ։ Կարելի է ենթադրել, որ նման բան կարող է կատարվել նաեւ Հայաստանում։ Մոտ մեկ տարի առաջ մեր էլեկտրացանցերի սեփականատեր ռուսական ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Գլադունչիկն արձանագրել էր, որ ամռան ամիսներին ողջ Հայաստանը սպառում է այնքան հոսանք, որքան 200 հազար բնակչություն ունեցող ռուսական քաղաքները։ Ասել է թե` մենք էլեկտրաէներգիայի խնայողության հարցում հասել ենք կատարելության։ Կատարելության նույն աստիճանին այս տարի կհասնենք եւ ջրի, եւ բնական գազի օգտագործման մեջ։ Բայց այդ ոլորտների ղեկավարները կարծես գտել են հակաքայլը եւ խոստանում են բարձրացնել սակագները։