Նախարարները դասերը սովորել են

21/01/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Վարչապետի մոտ «քննություն հանձնելուց» հետո երեկ լրագրողներին իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացրեցին Մշակույթի եւ երիտասարդության հարցերի, Արդարադատության, Առեւտրի եւ տնտեսական զարգացման, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարությունները:

«Հրացանակիր» Հովեյանին՝ անբավարար

Հետաքրքիր էր, թե ով է ներկայացնելու վերջերս ղեկավարի պաշտոնից զրկված Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը: Ներկայացավ փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Վերջինս, իր իսկ խոսքերով, հայտնվել է աննախանձելի վիճակում, քանի որ նախարարության աշխատանքը վարչապետը գնահատել էր «անբավարար»: «Այս գնահատականը սպասելի էր մեզ համար»,- նշեց փոխնախարարը՝ դա պատճառաբանելով եւ՛ Հովիկ Հովեյանի պաշտոնանկությամբ, եւ՛ նախարարության թերացումներով: Այնուամենայնիվ, Գյուրջյանի ղեկավարած ոլորտի՝ հուշարձանների պահպանության աշխատանքներն արժանացել են դրական գնահատականի: Մասնավորապես, 2005թ. շարունակվել են Հայաստանի տարածքում գտնվող մոտ 24 հազար հուշարձանների պահպանության, բարեկարգման, նոր հայտնաբերված հուշարձանների հաշվառման, մարզերի հուշարձանների ցուցակների կազմման աշխատանքները: Ավելի մեծ ուշադրություն է դարձվել նախկինում չուսումնասիրված եւ աշխարհիկ արժեք ներկայացնող հուշարձաններին: Թանգարանային գործում նույնպես որոշակի դրական տեղաշարժեր են գրանցվել. տարվա ընթացքում աճել են եւ՛ թանգարանային հավաքածուներում ընդգրկված ցուցանմուշների թիվը, եւ՛ այցելուների թիվը: Նախարարության կողմից տրվել է մշակութային արժեքների արտահանման իրավունքի 325 վկայագիր, իսկ առանց վկայագրի թույլատրվել է արտահանել 4611 մշակութային արժեք ներկայացնող առարկա: Պետական աջակցությամբ կազմակերպվել են 2 միջազգային կինոփառատոներ, նկարահանվել են 1 լիամետրաժ, 7 կարճամետրաժ, 3 անիմացիոն եւ 10 վավերագրական ֆիլմեր: Ի դեպ, Գ. Գյուրջյանը համոզված է, որ պետությունը կինոարվեստի ոլորտում շեշտը պետք է դնի հասարակության եւ պետության շահերը պաշտպանող ֆիլմերի արտադրության պատվերների վրա: Միջազգային համագործակցության մասին խոսելիս փոխնախարարն ընդգծեց Իրանի հետ Հայաստանի մշակութային սերտ փոխհարաբերությունները:

Բնականաբար, Գ. Գյուրջյանը չէր կարող խուսափել նախարարի թափուր պաշտոնի վերաբերյալ սեփական մեկնաբանություններից: «Իմ կարծիքով, այստեղ կուսակցական խնդիր չպետք է լինի»,- ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ նախարարությունը հագեցած է արվեստագետներով, եւ լավ կլիներ, որ ապագա նախարարն օժտված լիներ կառավարման ունակություններով: ՕԵԿ անդամ դառնալու եւ նախարարի պաշտոնը զբաղեցնելու Գ. Գյուրջյանի հավակնությունների վերաբերյալ լրագրողի հարցին փոխնախարարը պատասխանեց. «Ես ոչ ուզում եմ նախարար դառնալ, ոչ էլ՝ ՕԵԿ անդամ»:

Որ ուզենք, աճը կտեսնենք

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը «գրպանում» ունի ցանկացած հարցի պատասխանը: Ուստի պատահական չէ, որ նախարարության աշխատանքը վարչապետի կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականի: Նախարարության տարեկան գործունեությունից Կ. Ճշմարիտյանը շատ կարեւոր է համարում «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» օրենքի նախագծի ներկայացումն Ազգային ժողով, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության ազգային կենտրոնի ստեղծումը, որի մասնաճյուղերը, նախարարի խոսքերով, արդեն գործում են ՀՀ բոլոր մարզերում: Աշխատանքների արդյունքում ՀՆԱ-ի ստեղծման մեջ փոքր եւ միջին ձեռնարկությունների մասնակցության աստիճանը կազմում է շուրջ 40%: Արդյունաբերության ոլորտում նոր վերագործարկված ընկերություններից նախարարը նշեց «ՌուսալԱրմենալ» ՓԲԸ-ը, որն ամբողջ հզորությամբ կգործի մարտ-ապրիլ ամիսներին: Մոտ ապագայում կգործարկվի նաեւ «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերությունը (նախկին «Բյուրեղապակու գործարան»), որը նորագույն տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցնելու համար ներդրվել է 40 մլն դոլար: Կ. Ճշմարիտյանը բերեց որոշ թվային ցուցանիշներ: Ըստ նախարարության գնահատականի, տնտեսական աճը կկազմի շուրջ 13%, արդյունաբերությունում՝ մոտ 7%: Օտարերկրյա ներդրումների ծավալը մոտ 350-380 մլն դոլար է: 2004թ. 9 ամիսների համեմատությամբ 2005թ. նույն ժամանակահատվածում ներդրումներն աճել են 28,7%-ով: Արտահանումն աճել է 135,7%-ով՝ կազմելով 970.3 մլն դոլար, իսկ ներմուծման աճի տեմպը եղել է 134,7%, ծավալը՝ 1 մլրդ 820 մլն դոլար: Տարվա ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 300 հազարը: Այնուամենայնիվ, օրինակ, տնտեսական աճի ցուցանիշը բնակչությունը «սեփական մաշկի վրա չի զգում»: Այս փաստի բացատրությունն էլ Կ. Ճշմարիտյանն ունի. «Եթե ուզում ենք` աճը տեսնում ենք, եթե չենք ուզում` չենք տեսնում: Այնինչ անզեն աչքով կարելի է տեսնել, որ վերջին տարիների ընթացքում բարձր տնտեսական աճը մեր երկրում ապահովված է»:

Անդրադառնալով առեւտրային հաշվեկշռի բացասական սալդոյի (արտահանման եւ ներմուծման տարբերություն) ավելացմանը՝ նախարարը նշեց, որ ներմուծման մեջ գերակշռում են հանքահումքային, քիմիական արտադրանքը, մեքենասարքավորումները, որոնք տեխնիկական վերազինման նպատակով են ներկրվում: Իսկ արտահանման մեջ, ըստ նախարարի, տարեցտարի ավելանում է պատրաստի արտադրանքի տեսակարար կշիռը: Այսինքն, Կ. Ճշմարիտյանն ինչ-որ չափով արդարացրեց այն հիմնախնդիրը, որ շատ տնտեսագետներ համարում են մեր տնտեսության գլխավոր բացերից մեկը: Մեր այն հարցին, թե Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելն ի՞նչ «պտուղներ» է տվել, նախարարը պատասխանեց. «Այս գործընթացը թվային արդյունքներով դեռ հնարավոր չէ գնահատել: Սակայն կարող եմ վստահեցնել, որ արտաքին տնտեսական քաղաքականության լուրջ նվաճումների 20-30%-ը կարելի է վերագրել այդ կազմակերպությանն անդամակցությանը»:

Նախարարն, իհարկե, չմոռացավ իր ավանդական դարձած խորհուրդը տալ լրագրողներին. «Ես կառաջարկեի դուրս գալ այն ֆորմատից, թե ինչը, երբ, ումն էր»: Խոսքը ներդրումների եւ ձեռնարկությունների նոր սեփականատերերի մասին է, որոնց անունները նշելը Կ. Ճշմարիտյանի «չսիրած» գործերից մեկն է:

Համակարգն անկախացել է

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նույնպես «լավ» գնահատականն է ստացել: Նրա խոսքերով՝ Հայաստանում արդարադատության համակարգը տարվա ընթացքում ինչ-որ չափով անկախացել է: 2005թ. նախարարության ամենակարեւոր ձեռբերումներն են՝ օրենսդրական բազայի տեղեկատվական որոնողական համակարգի ներդրումը, դատական նիստերի ձայնագրման համակարգի ստեղծումը: Այսօրվա դրությամբ՝ հանրապետության 60 դատական դահլիճներում նիստերը ձայնագրվում են: Իսկ թե ե՞րբ այդ համակարգը կտարածվի ամբողջ Հայաստանում, նախարարը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դա կախված է ծրագրի վարկավորման ժամկետից: Դ. Հարությունյանի խոսքերով՝ նախարարությունը մտադիր է եղել 2005թ. մի շարք նոր օրինագծեր ներկայացնել Ազգային ժողով: Սակայն չի արել դա՝ սպասելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքին: «Այդ օրենքները կարող էին էապես փոխվել, ուստի որոշեցինք դատական համակարգը ցնցումների չենթարկել: Բոլոր մշակված փաթեթները մոտ 2 շաբաթվա ընթացքում մենք այնուամենայնիվ կներկայացնենք»,- ասաց նախարարը: Նա անդրադարձավ նաեւ նոտարիատի աշխատանքին: «Այն, որ այս համակարգում դեռ անելիքներ կան, անժխտելի է, սակայն պետք է ընդունել նաեւ դրական փոփոխությունները: Աշխատանքի արդյունքը նաեւ այն է, որ մենք անդամակցեցինք Լատինական նոտարիատի միջազգային միությանը: Պարբերաբար ունենում ենք փորձագիտական այցեր, որոնց ժամանակ ստուգվում են նոտարական գրասենյակները, իրավիճակը, սպասարկման որակը եւ այլն: Մենք մշտապես գտնվում ենք վերոնշյալ միության ճնշման տակ (դրական իմաստով)»,- հավաստիացրեց Դ. Հարությունյանը: Սակայն նա նշեց, որ լուրջ անելիքներ կան նոտարների պատրաստման առումով: Որոշ մարզերում նոտարների խիստ պահանջ է զգացվում: Ուստի նախարարությունը պատրաստվում է օրենքի փոփոխություններ կատարել, որպեսզի մարզեր գործուղվող նոտարները հնարավորություն ունենան ստանալ գործուղման հետ կապված ծախսերի փոխհատուցում: Հնչեցին նաեւ բողոքներ, որ որոշ նոտարական գրասենյակներում սակագների ցուցակներ փակցված չեն, իսկ նոտարները հրաժարվում են դրանք տրամադրել քաղաքացիներին: Դ. Հարությունյանը կոչ արեց նման դեպքերում անհապաղ դիմել նախարարություն:

Գնահատվեցին «փոքրերը»

Քանի որ Տարածքային կառավարման նախարարությունը դեռ լիովին չի ձեւավորվել, ուստի տարեկան ամփոփ հաշվետվություն չի ներկայացրել: Փոխարենը հաշվետու են եղել նախարարության գերատեսչությունները: Նախարար Հովիկ Աբրահամյանի խոսքերով, Փրկարար ծառայության (նախկին Արտակարգ իրավիճակների վարչություն) ու Միգրացիայի եւ փախստականների վարչության աշխատանքները գնահատվել են բավարար, իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեինը՝ լավ: