Շարունակվում են նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների տարեկան հաշվետվությունները: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հաշվետվությունը ներկայացրեց ոչ թե ՀՀ կառավարության, այլ կոմիտեի շենքում:
Նա ասաց, որ Սպորտի պետական կոմիտեի տարեկան աշխատանքը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գնահատել է «բավարար»: Ներկայացնելով կոմիտեի գործունեության տարեկան հաշվետվությունը` պրն Զաքարյանը նշեց, որ 2005թ. ամենամեծ ձեռքբերումը եղել է այն, որ մեծ սպորտի ֆինանսավորումը հանձնվել է ազգային ֆեդերացիաներին, որոնք թվով 24-ն են: Ծրագիրն այսուհետ կոչվելու է «Պետական աջակցություն ազգային ֆեդերացիաներին»: Իսկ դա, պրն Զաքարյանի խոսքերով, նշանակում է, որ այլեւս «կոմիտեի գործը չի լինելու, թե, օրինակ, ովքեր են ընդգրկվելու ազգային հավաքականներում», քանի որ պետբյուջեից ֆինանսավորումը տրվելու է ուղղակիորեն ֆեդերացիաներին: Սակայն այստեղ կա մի հիմնախնդիր. որոշ ֆեդերացիաներ դեռ գտնվում են կայացման փուլում:
Կոմիտեի այս տարվա առաջնային խնդիրներից մեկը պրն Զաքարյանը համարում է մարզադպրոցների (հատկապես` տեղական ինքնակառավարման համակարգում գտնվող) շինարարությունը: «Բացի այդ, մեր համակարգի դպրոցներում աշխատավարձն ավելի բարձր է, քան համայնքների մարզադպրոցներում»,- ասում է պրն Զաքարյանը` կարեւորելով նաեւ այդ խնդրի լուծման անհրաժեշտությունը: Կոմիտեի այս տարվա ծրագրի մեջ մտնում է նաեւ Ազգային բանակի մարզական դպրոցի կառուցումը: Մարզադպրոցների շինարարության յուրաքանչյուր ծրագիր արժե մոտ 2 մլն դոլար: Ի դեպ, 2005թ. ընթացքում իրականացվել են նմանատիպ 2 ծրագրեր: «Դրանցից մեկի տերը «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր, մյուսինը` Քաղաքաշինության նախարարությունը»,- հավաստիացնում է պրն Զաքարյանը: Անդրադառնալով հավաքական թիմերի կենտրոնի կառուցմանը` նա նշեց, որ կենտրոնը կշահագործվի այս տարվա հոկտեմբերին: Կենտրոնի համար խիստ անհրաժեշտ հյուրանոցային համալիրի կառուցումը գրեթե ավարտված է: Պրն Զաքարյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի Երեւանում (իհարկե, Նոր Նորք համայնքում) կառուցվելու է գերժամանակակից հրաձգարան:
2005թ. Եվրախորհրդի Սպորտի դեպարտամենտի պատվիրակությունը եղել է Հայաստանում, ուսումնասիրել այս ոլորտում մեր օրենսդրական դաշտն ու կառավարության որոշումները: «Զեկույցը մոտ օրերս կուղարկեն, բայց նրանց նախնական գնահատականը բարձր է»,- ասում է պրն Զաքարյանը: Նրա խոսքերով, վերոնշյալ պատվիրակությունը որպես թերություն նշել է այն, որ կոմիտեն սկզբում աջակցում է այն սպորտաձեւերին, որոնցով ավանդաբար հայերն ուժեղ են, այնուհետեւ` մյուսներին: Այս խնդրի առնչությամբ պատվիրակությունն առաջարկել է մի քանի նոր տարբերակներ, որոնք ենթակա են քննարկման:
Պրն Զաքարյանն անդրադարձավ նաեւ նախօրեին «Ռեգնում» գործակալության տարածած այն հաղորդագրությանը, որի համաձայն` ռուսական «Սատուրն» ակումբի նախագահը բողոքել է այն պայմաններից, որոնցում Ռուսաստանի դահուկորդները մարզվում են Ծաղկաձորում: Մասնավորապես, վազքուղին կարգի չի բերվել, սենյակներում կա միայն սառը ջուր, իսկ ճաշարանում չորս աստիճան է: «Իմ արձագանքն այս հաղորդագրությանը շատ արագ է եղել, իրավիճակը ճշտվել է»,- ասում է կոմիտեի նախագահը: Նրա խոսքերով` դահուկավազքի ռուսական հավաքականն անցած տարի իր փակ առաջնությունն անցկացրել է Ծաղկաձորում: Այնուհետեւ ռուս մարզիչները ցանկություն են հայտնել համագործակցել, եւ այժմ Ծաղկաձորում մարզվում են 80 մարզիկներ: «Ունենք 5 հզոր մեքենաներ, որոնք հարթեցնում են վազքուղիները, սակայն այժմ ձյան սակավության պատճառով գործընթացն անհնարին է դառնում: Ինչ վերաբերում է ցրտին, ապա կառույցում գործում է ընդամենը 2 հարկ: Սակայն ռուսները շատ են ավելացրել մարզիկների թիվը, եւ տնօրենը ստիպված է եղել 3-րդ հարկն էլ օգտագործել: Այժմ ճաշարանում տաք է, եւ մարզիկները ճաշում են սպորտային վերնաշապիկներով»,- ասում է պրն Զաքարյանը: Ի դեպ, նա պատրաստակամություն հայտնեց մեքենա տրամադրել այն լրագրողներին, ովքեր կցանկանան ծանոթանալ Ծաղկաձորի մարզադպրոցի պայմաններին: